
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին զուգահեռ Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Երեկվանից իրավապաշտպաններն ահազանգում են՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է, նա Բաքվում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի է ենթարկվում։ Այս ահազանգերի հիմքում դատական վերջին նիստից հրապարակված կադրերն են։ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել: Սա նրա երկրորդ հացադուլն է ադրբեջանական բանտում: Այս ծայրահեղ քայլով Վարդանյանը փորձում է ուշադրություն հրավիրել ոչ միայն իր, այլև մյուսների դատավարության վրա։
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը փոխում է ՀՀ Սահմանադրությունն ու Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Երկու տարբեր հանձնաժողովներ արդեն սկսել են աշխատել հայեցակարգային երկու փաստաթղթերի նախագծերի վրա։ Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները։ Իշխող քաղաքական ուժը մերժում է այն պնդումները, թե այս նախաձեռնությունն իրականացվում է խաղաղության օրակարգի շրջանակում Ադրբեջանի պահանջով։ Իշխանական թիմի ներկայացուցիչները հիշեցնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Սահմանադրությունը փոխելու մասին խոսում էր 2018 թվականի հեղափոխության հաջորդ իսկ օրվանից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հստակեցրել է, որ ինչ-որ փուլում անդրադարձ լինելու է նաև Սահմանադրությունում «Անկախության հռչակագրին» արվող հղմանը․
«ՀՀ Սահմանադրությունը պետք է արտահայտի ժամանակակից Հայաստանի նպատակները։ Ժամանակակից ՀՀ-ն իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Եվ այստեղ, այո, մենք նաև «Անկախության հռչակագրի» մասին պետք է խոսենք և հասկանանք՝ ի՞նչ է գրված «Անկախության հռչակագրի» տեքստի մեջ, ե՞րբ է այն գրվել, ինչպե՞ս է գրվել, ի՞նչ կոնտեքստում է գրվել և ինչո՞վ է այսօր անհրաժեշտություն առաջացել նաև այդ մասով հղումը Հռչակագրին նաև Սահմանադրության մեջ փոփոխելու։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ ՀՀ-ի «Անկախության հռչակագրի» մեջ կա ՀՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին հատված»։
Իշխանությունը ներկա իրողություններին է համապատասխանեցնում նաև Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ըստ որոշ գնահատականների՝ այդ փաստաթղթում իրականացվող փոփոխություններն առնչվելու են նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության մասին ձևակերպումներին։ Գործող ռազմավարության մեջ, օրինակ, ձևակերպում կա Արցախի ինքնորոշման մասին։ Աշխատանքային խմբի անդամ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի ցանկանում մեկնաբանել այս տեղեկությունները։
«Այդ հարցին եկեք ես չպատասխանեմ։ Բայց մենք խնդիր ունենք, որը անպայման իր բովանդակության մեջ կունենա ներառում։ Փաստաթուղթը վերջին անգամ ընդունվել է 2020 թվականին, և հիմա այն կթարմացվի՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Մշակվող ռազմավարությունը պետք է լինի ճկուն, որովհետև իրավիճակներ են փոխվում։ Այդ իրավիճակներին այն պետք է պատրաստ լինի, պետական կառավարման մարմիններում հակասություններ չառաջանան»։
Նախօրեին ԱԺ–ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ Ադրբեջանի հետ փոխանակվող փաստաթղթերում քննարկումների առարկա չէ, օրինակ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, անդրադարձ չկա նաև «միջանցքային» տրամաբանությանը։ Վարչապետի գնահատականով՝ Երևանի առաջարկներին Բաքվի ուղարկած պատասխանները էապես չեն փոխել բանակցային պատկերը չհամաձայնեցված հարցերի առումով։
«Վիճակագրությունը չի փոխվել։ Կա 17 հոդված, 15-ը համաձայնեցված է, երկուսը չհամաձայնեցված է։ Դա չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող է ունենալ։ Այնտեղ շատ շերտեր կան, և այս դեպքում ասել՝ «մերժել է-չի մերժել», «ընդունել է-չի ընդունել» մի քիչ հարաբերական է»։
Խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված կետերը վերաբերում են երրորդ երկրների ուժերի ներկայության բացառմանը հայ–ադրբեջանական սահմանին, սա դրույթ է, որն ուղղակիորեն առնչվում է ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ երկրորդ չհամաձայնեցված կետը միջազգային իրավական ատյաններում վեճերից փոխադարձաբար հրաժարվելու մասին է։
Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որը, տարբեր գնահատականներով, դատավարություն է Հայաստանի դեմ։ Փետրվարի 26–ից այդ դատավարությունն առավել մեծ ուշադրության կենտրոնում է ՝ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունից սոցցանցում տարածված լուսանկարներից հետո։ Վարդանյանի դեմքի վրա տեսանելի են բռնության հետքեր, իսկ փաստաբանն ու որդին հայտարարել են, որ նրա կյանքը վտանգված է։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Անահիտ Մանասյանն ասում է, որ որոշակի քայլեր իր կողմից արդեն ձեռնարկվել են։
«Ըստ էության, ՀՀ անունից ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես ո՛չ կառավարությունն եմ ներկայացնում, ո՛չ էլ՝ օրենդիր իշխանությունը։ Ես կարող եմ մարդու իրավունքների պաշտպանից այդ ամենը ներկայացնել։ Բնականաբար, առաջին պահից տեսել ենք կադրերը, անմիջապես սկսել ենք հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք ունենք և, բնականաբար, նախապատրաստել ենք նրանց հետ հաղորդակցության տարբեր բովանդակությամբ ձևաչափեր։ Միջազգային գործընկերների հետ, այո, հաղորդակցություն վարված է»։
Այս հարցով Ադրբեջանի պաշտոնակցի հետ կապի հաստատումը և խնդրի քննարկումը Մանասյանն անիմաստ է համարում, թեև կարծում է, որ հումանիտար հարցերում Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները կկարողանային ամբողջովին ապաքաղաքական հաղորդակցություն ունենալ։
«Կներեք, բայց Ադրբեջանի պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու առաջին իսկ պահից։ Մենք, բնականաբար, արձագանք չունենք։ Տարբեր ձևաչափերով այս հարցը քննարկվել է միջազգային տարբեր հարթակներում, և ավելին ասեմ, Ադրբեջանը արձագանք չի տվել։ Հենց ամբողջ էությունը դրանում է կայանում, ինչը ևս ցույց է տալիս այս պետության և կոնկրետ, միգուցե, պաշտոնատար անձանց՝ մարդու իրավունքների հարցերին առնչվելու ձևաչափը»։
Միջազգային հանրությանը դիմել և հայտարարություններին ու կոչերին ապավինելը սխալ է համարում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա համոզված է, որ այս հարցում Հայաստանի ձեռքին կա գործուն խաղաքարտ, որը պետք է հանել դարակներից։ Նա խոսում է 2023 թվականի սեպտեմբերից վավերացված Հռոմի կանոնադրությամբ Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորության մասին․
«Ինչո՞ւ ՀՀ–ն չի ներկայացնում այս գործերը ՄՔԴ և այս գործերի ճնշման ներքո պահանջում հայ ռազմագերիների ազատ արձակում։ Եթե նրանք ազատ են արձակվում, մենք գործերը, օրինակ, կարող ենք հետ քաշել։ Ուրիշ տարբերակ չկա, որի համար Ադրբեջանը փորձի զիջման գնալ։ Հասկանում եմ, բանակցություններ են գնում և այլն, և այլն։ Բա ինչպե՞ս է ստացվում, որ այդ ընթացքում դատում են այս մարդկանց։ Քիչ չէ դատում են ապօրինի, շինծու, արհեստական մեղադրանքներով, նաև այդ ամբողջ դատական գործընթացը վերածվում է Հայաստանի դատավարության։ Դա արվում է նրա համար, որ ՀՀ–ն դառնա «օկուպանտ» երկիր՝ դրանից բխող ՀՀ–ի վրա դրվեն բազմաթիվ պարտավորություններ։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքն է ամենաթարմ էթնիկ զտման և ցեղասպանության հեղինակը ընդդեմ հայ ժողովրդի»։
Իշխող քաղաքական թիմից Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ այս հարցում ուղիղ երկխոսությամբ դեռ հնարավոր է արդյունքի հասնել։ Առաջին արցախյան պատերազմի ընթացքում իր փորձն է վկայակոչում և այսօրվա բանակցությունների համար նշում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի անունը։
«Ինքս լինելով Մեղրիի արտակարգ դրության պարետ՝ իրականացրել եմ փոխանակություն գերին գերու հետ, նույնիսկ գերին դիակների հետ։ Հիմա էլ պետք է գտնել, պարոն Աբազյանը համապատասխան հանձնաժողովների հետ քննարկումներում պետք է հասնի նրան, որ փոխանակման մեջ նաև ներառվի ոչ միայն զոհվածների ու անհետ կորածների խնդիրը, այլ նաև ողջերի խնդիրը ինչ–որ ձև պետք է լուծում ստանա»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Բաքվից հրապարակված նկարներից և տեսագրություններից եզրակացրել է․
«Միայն Ռուբեն Վարդանյանը չէ, եթե դուք նայեք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընթացքում նրանց դիմագծերին, դուք կտեսնեք, որ մենք այնտեղ գործ ունենք Բաքվի բերդերում այնպիսի իրողությունների հետ, որոնք, իհարկե, խոշտանգումներ են։ Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում»։
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել: Սա նրա արդեն երկրորդ հացադուլն է ադրբեջանական բանտում: Այս ծայրահեղ քայլով Վարդանյանը փորձում է ուշադրություն հրավիրել ոչ միայն իր, այլև մյուսների դատավարության վրա։



