ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ընդհանուր առմամբ՝ արդյունավետ․ փորձագետները՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մասին  

Փորձագիտական դաշտում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատող սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքն ընդհանուր առմամբ  արդյունավետ են համարում։ Կարծում են՝ գործընթացը թեև դանդաղ, բայց առաջ է շարժվում։  Փորձագետները չեն բացառում  ինչ-որ փուլում Բաքվի կողմից գործընթացը տորպեդահարելու հավանականությունը։ Հանձնաժողովի անդամների վերջին հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով օրերս է կայացել։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով աշխատանքային վերջին հանդիպումը փետրվարի 16–ին էր`  նախորդ հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց։  Արտաքին քաղաքական գերատեսչության  տարածած հաղորդագրության համաձայն՝  կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանագծի հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության եկել աշխատանքը սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Դրանից հետո աշխատանքները կշարունակվեն  հարավում՝ Հայաստանի և Իրանի սահմանագծին: Քաղաքագետ Արմեն Վարդանյանն ընդհանուր առմամբ սահմանազատման  գործընթացն արդյունավետ է համարում։

 «Մինչև հիմա այդ հանդիպումները արդյունավետություն ունեցել։ Կիրանցի հատվածում՝ որոշ մասում, սահմանազատվել ու սահմանագծվել է։ Այժմ էլ ոնց որ թե որոշել են հանջորդ հատվածին անդրադառնալ։ Բայց կարծում եմ, որ ինչ-որ փուլում այս գործընթացը տորպեդահարվելու է։ Այն, կարծում եմ կշարունակվի այնքան, քանի դեռ Ադրբեջանը հողեր ունի ստանալու։ Իսկ երբ գա այն ժամանակը, որ իրենք են մեզ հողեր հանձնելու, այդ ժամանակ գործընթացը կտորպեդահարվի»։

Վարդանյանի դիտարկմամբ՝  կարևոր է, որ կողմերն այս փուլում մասնակցում են գործընթացին։ Սա, սակայն, չի բացառում, որ ինչ-որ փուլում Ադրբեջանը դադարեցնի մասնակցությունը։  Հայաստանն այստեղ անելիք ունի՝ ասում է Արմեն Վարդանյանը․

«Մենք պետք է առաջ մղենք մեր օրակարգը, այնպես անենք, որ որքան հնարավոր է շատ սահմանազատում լինի։ Այլ հատվածներում, մասնագետների գնահատմամբ, մենք էլ ունենք հետ ստանալու տարածքներ։ Բերքաբերի հողերի մասին են խոսում։ Տավուշի մարզի այլ հատվածներում  կան նման  տարածքներ»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով զբաղվող հանձնաժողովներն աշխատում են նախորդ աշնանը հաստատված կանոնակարգով։ Արդեն որոշվել է նաև գործընթացի փուլերի հերթականությունը։ Կիրանցից հետո հաջորդ ուղղությունը հյուսիսային հատվածն է, ապա՝ հարավը։  Խորհրդարանական ընդդիմությունն այս հերթականությանը համաձայն չէ։  ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը կարծում է՝ սահմանազատումը պետք է շարունակվի հարավում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ ։ 

«Նախ կֆիքսվեր, որ Մեղրիի հատվածում սահմանը մերն է։ Որևէ դեպքում Ադրբեջանը որևէ նկրտում չէր ունենա։ Երկրորդը՝ ադրբեջանցիները տարածք են գրավել Ներքին հանդում, դուրս կգային, կկարգավորվեր Շուռնուխի ճանապարհի  հարցը։ Հետո կբարձրանայինք Սև լիճ, Ջերմուկ, թուրքերին դուրս կհրավիրեինք»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնում է՝ ինչ–որ գործընթաց սկսելիս կարևոր են պայմանավորվածությունները։ Այս փուլում հաջողվել է համաձայնության գալ սահմանազատումը հյուսիսից շարունակելու հարցում։

«Մենք կրկին ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքներ, մեր փաստարկները, հիմնավորումները, քարտեզները, պետք է ներկայացնենք սահմանազատման գործըթնացի ժամանակ։ Սկսել հյուսիսից, թե հարավից, կարող ենք, երբ կա երկկողմ համաձայնություն այդ մասին։ Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի։ Համարում ենք այն խաղաղության գործընթացի կարևորագույն բաղադրիչ հենասյուներից մեկը։ Կառուցողական ջանքեր եղել են և մեր կողմից, և Ադրբեջանի կողմից, եկել ենք ընդհանուր հայտարարի»։

Հայաստանն ունի  միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի՝ ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետը ու մանրամասնել, թե որ դեպքերում կարող է տարածքների փոխանակման հարց  ծագել ու ինչպես այն կարող է հանգուցալուծվել։

 «Հիմա եթե օրինակ կլինեն իրադրություններ, երբ  սահմանազատման հանձնաժողովները կգան, այդ թվում՝ ենթակառուցվածքների, մարդկանց կյանքի կազմակերպման համար ու կասեն, որ  անհրաժեշտ է այս տարածքը, որը դե յուրե, գտնվում է մի երկրի տարածքում, բայց պետք է, անհրաժեշտ է, որ այդ երկրի այդ տարածքները փոխանակվեն:  Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, կասենք՝ ժողովուրդ ջան, այս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում է, բայց սահմանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ կարելի է այս տարածքը փոխանակել այս տարածքի հետ, դա հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով»։

Պայմանավորվածություններ կան, բայց  դրանց մասին այս պահին մանրամասներ չեն հաղորդվում՝ ասում են պատասխանատուները։ Նրանք առայժմ չեն մանրամասնում նաև, թե երբ  ու որտեղ կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը։

Կարդացեք նաև

Back to top button