
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից:
Ըստ Սիմոնյանի՝ գուցե, դա կապ ունի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրման հետ:
«Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների առնվազն փորձերի: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ»,-ասել է ԱԺ նախագահը:
Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնում է բանակցող փաթեթը, Սիմոնյանն ասել է․ «Ես չեմ կարող ասել և չեմ կարող բացառել որևէ բան, բայց կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հասկանում է, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու դրա ապագան փոխկապակցված են, և դա մեր ձեռքում է։ Այսօր պատմական շանս ունենք հարցը մեկընդմիշտ լուծելու»։
Ռուս-ադրբեանական հարաբերությունները լարված են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի ֆոնին։ Վթարի զոհ էր դարձել 38 մարդ։ Բաքուն սպառնում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան։




