ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչպե՞ս հայտարարագրել եկամուտները, որո՞նք են առաջին պարզ քայլերը

Մինչև մայիսի մեկը ավելի քան 700 հազար վարձու աշխատողներ պետք է 2024-ի իրենց եկամուտների հայտարարագիրը ներկայացնեն։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի նախնական քայլեր համակարգ մուտք գործելու համար։ Հետո արդեն հիմնական տվյալները՝ աշխատավարձը, այլ եկամուտները համակարգը ցույց է տալիս ավտոմատ կերպով։ Բացի հիմնական եկամուտներից, հայտարարագրման ենթակա են նաև 300 հազար դրամը գերազանցող փոխանցումները։ ՊԵԿ-ը մի քանի անգամ ուղեցույցներ է հրապարակել, սակայն քաղաքացիների մոտ դեռ բազմաթիվ հարցեր կան։

Ունենալ նույնականացման քարտ, այցելել բջջային օպերատորին, վճարել 500 դրամ, անցնել խիստ նույնականացում, վճարել 3000 դրամ և 300 դրամ միջնորդավճար այն հավելվածների միջոցով, որտեղ կա «Պետական վճարում» բաժինը։ Դրանցում փնտրել «էկենգ» բառը՝ դա էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակն է։

Սրանք են եկամուտների համընդհանուր հայտարարագրման առաջին պարզ քայլերը։ Բայց դեռևս որոշակի հարցեր կան առաջին պարզ քայլերի դեպքում։ Նույնականացման քարտը ձեռք է բերվում ցանկացած անձնագրային ծառայություններում՝ օնլայն գրանցումով։ Բայց արդեն իսկ գրանցման ազատ օրեր չկան հատկապես Երևանում ու հարակից մարզերում։

Բացի այդ, բջջային օպերատորներն այս պահին նույնականացնում են միայն ֆիզիկական բջջային քարտերը։ Նախնական այս քայլերը անելուց հետո միայն հնարավոր է մուտք գործել հայտարարագրման համակարգ։

Կարևոր է հիշել բջջային օպերատորի մոտ հեռախոսին տրվող գաղտնաբառը, այն պարբերաբար անհրաժեշտ է լինելու։ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ընդգծում է՝ քաղաքացիներն անհանգստացած են, մտավախություններ ունեն, որ ամեն ինչ արվում է, որ հետո հարկվեն։ Բացի այդ, հիշեցնում է վճարումների մասին․

«Սա լրացուցիչ ծախս է ցանկացած աշխատող մարդու համար, հաշվի առնելով, որ մենք ունենք բազմաթիվ աշխատող աղքատներ։ Ամեն ինչի համար մարդը որոշակի վճարումներ է կատարելու, անկախ նրանից՝ դա 3000 դրամ է, թե 10 հազար դրամ։ Նա այդ ծախսը չէր նախատեսել։ Բացի այդ, մենք ունենք բազմաթիվ աշխատողներ, որոնք այդ գիտելիքներին պարզապես չեն տիրապետում»։

Նախնական քայլերն անելուց հետո արդեն անհրաժեշտ է մուտք գործել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ self-portal.taxservice.am/sign-in/ կայքէջ։ Անհրաժեշտ է նշել «Համաձայնում եմ օգտագործողի համաձայնագրին ու տվյալների պահպանմանը» տողը։ Դրանից հետո արդեն կակտիվանա «Մուտք ես եմ» համակարգի միջոցով պատուհանը։ Ընտրել բջջային նույնականացման քարտը։ ՀՎՀՀ ունենալը ևս պարտադիր է, այն անվճար ձեռք է բերվում նույն հարթակում՝ մի քանի րոպեի ընթացքում։

Մեկ գործարքի համար մինչև 300 հազար դրամը հայտարարագրման ենթակա չէ։ Սա վերջին փոփոխությունն է։ ՊԵԿ նախագահի այս հրամանը, թերևս, տվեց մի շարք հարցերի պատասխաններ՝ ամուսինները միմյանց գումար են փոխանցում՝ հայտարարագրե՞լ, թե ոչ, ընդմիջաման համար հավաքված 5 հազար դրամը լրացնե՞լ, թե ոչ։

«Հարկ վճարողների պաշտպանություն» Հ/Կ  նախագահ Փայլակ Թադևոսյանը անցյալ տարի էլ է հայտարարագիր լրացնել։ Ասում է՝ բարդ չէր, բայց առաջարկվող այս համակարգը որևէ երկրի նման համակարգի նման չէ։

«Հայտարարագրման համակարգը նախ՝ շեմ ունի, բոլոր անձինք չէ, որ ներկայացնում են։ Ամսական կտրվածքով եկամուտների շեմ կա, դրանից ցածր ստացողները հայտարարագիր չեն ներկայացնում։ Նպատակը այլ է, ներկայացնում են հայտարարագիր, գումար են հետ ստանում»։

2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած անձը հնարավորություն ունի օգտվելու սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ եկամտահարկի միջոցով։ Փոխհատուցումից կարելի է օգտվել ինչպես հայտարարատուի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

Կրթության ու առողջապահության փոխհատուցման մասին է խոսքը։ Փոխհատուցումից կարելի է օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Ուսման վճարի դեպքում անհրաժեշտ է ուսումնական հաստատությունից հաշվարկային փաստաթուղթ ներկայացնել։

Առողջապահական սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթությանը՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանն ընդգծում է՝ հայտարարագրման համակարգն անցյալ տարվանից էր գործում։ Բայց այն, ըստ էության, նորություն է․

«Մեր կյանքում եկամուտներ հայտարարագրելու համակարգը կամ հարկվող եկամուտներ հայտարարագրելու մշակույթը առօրյայում երկրորդ տարին է՝ գոյություն ունի։ Բայց, եթե լայն նայենք, առաջին տարին, քանի որ լայն զանգվածը, որ պետք է հայտարարագրի եկամուտները, այս տարի է։ Թերևս սա է պատճառը, որ նորույթ է, արմատացած չէ մեր կյանքում, ու մեր քաղաքացիների մոտ որոշակի անհանգստություններ են առաջացել»։

Ալավերդյանն ընդգծում է՝ հաշվետու տարին նոր է սկսվել։ Գուցե պետք էր իրազեկումն ավելի վաղ սկսել։ Բայց անհանգստությունը բացատրում է նրանով, որ քաղաքացին պետության, հարկային մարմնի հետ երբեք չի շփվել։

«Այնպես բարդ չէ, ինչպես նկարագրվում էր։ Մենք, երբ ասում ենք, որ 15-20 րոպե է անհրաժեշտ լրացնելու համար, իրականության մեջ այդպես էլ կա»։

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկտը մայիսի մեկն է։ Ժամկետի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում՝ «Ռադիոլուրին» ասում է ՊԵԿ նախագահ

Եկամուտների հայտարարգրման վերջնաժամեկտը մայիսի մեկն է։ Ժամկետի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում՝ «Ռադիոլուրին» ասում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նաև հստակեցնում է՝ գործում են ըստ իրավիճակի․

«Այս պահին հետաձգման պլան չունենք։ Գործելու ենք ըստ իրավիճակի։ Եթե նման ռիսկեր առաջանան, համապատասխան որոշումներ կլինեն։ Այս պահին նման ռիսկեր չենք տեսնում։ Անցյալ տարի թվային հարթակն ավելի ուշ եղավ։ Ուստի օբյեկտիվ էր տեղափոխելու ժամկետը։ Այժմ այդ հարթակները կան»։

Էդուարդ Հակոբյանը վստահեցնում է՝ օրակարգում տրասնֆերտների հարկման հարց դրված չէ։ Այս առումով քաղաքացիները կարող են հանգիստ լինել։ Բայց հարկային մարմնին պարտավոր են ներկայացնել, թե 2024-ին ի՞նչ են տվել ու ի՞նչ ստացել։ ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը հստակեցնում է՝ Հարկային օրենսգիրքը եկամուտ չի համարում այն, որ արտերկրից քաղաքացին մեկ այլ անձի, օրինակ, իր վարկը վճարելու համար գումար է փոխանցում․

«Նվիրատվության դեպքում գումարը ստացողը իր հայեցողությամբ կարող է ծախսել գումարը։ Այն դեպքում, երբ չի կարող իր հայեցողությամբ ծախսել, դա եկամուտ չէ, ուստի հայտարարագրման կարիք չկա։ Այն երևույթը, որ ստեղծում ենք, մարդկանց մեջ, մարդիկ սկսում են վախենալ, որ դժվար է դրանք հաշվարկել, հետևել շարժերին, այդպես չէ»։

Հայտարարագիր չներկայացնողները առաջին անգամ նախազգուշացում կստանան։ Մեկ ամիս հետո չներկայացնելու դեպքում տուգանքը կկազմի 5 հազար դրամ։

Կարդացեք նաև

Back to top button