ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զորակոչի կարգավորումները կփոփոխվեն․ զինակոչիկի տվյալները կթվայնացվեն դեռ վաղ տարիքից

Գեղարքունիքի Գավառ համայնքում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը։ Մարզում զորակոչը կշարունակվի մինչև հունվարի 31-ը։

Պաշտպանության նախարարը նախորդիվ տարեկան ամփոփիչ ասուլիսին ասել էր, որ Հայաստանը մտադիր է վերանայել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մոտեցումները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն արձանագրել էր զորակոչիկների թվի մեկ հինգերորդով ավելացում և տեղեկացրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի նպատակը  զորակոչի կարգավորումների վերանայումն է։

Նոր կարգավորումները ենթադրում են, որ նախազորակոչային տարիքի տղաների բժշկական հետազոտություններն ու  ամբուլատոր տվյալները պետք է թվայնացվեն դեռ վաղ տարիքից՝ հետագայում ամբողջական և համապարփակ պատկեր ունենալու և կեղծիքներից խուսափելու նպատակով։

Զորակոչին պատրաստվող տղաների ծնողներից շատ են ահազանգերը՝ ուղղված իրավապաշտպան կառույցներին․ մտահոգություններն առավելապես տղաների առողջական առկա խնդիրներին և դրանց ախտորոշման հակասություններին են վերաբերում։

Որոշ ծնողներ պնդում են, որ իրենց զինակոչիկ որդին, որն առողջական խնդիրները փաստող ախտորոշումների մեծ պատմություն ունի, չի ազատվում պարտադիր ծառայությունից։ Նրանց ձևակերպմամբ՝ հակասություններ են ծագում այն առումով, որ սեփական միջոցներով այս կամ այն բուժհաստատությունում իրականացված հետազոտությունները հաստատում են խնդիրը, մինչդեռ պաշտպանության նախարարության ուղղորդած կլինիկայում հիվանդությունը հերքվում է։

Բարձրաձայնված դժգոհություններին արձագանքելով՝ առողջապահության նախարարը հիշեցնում է կառավարության համապատասխան որոշումները, որոնցով սահմանվում է հիվանդությունների ցանկը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծում է՝ բժշկական հանձնաժողովներն առաջնորդվում են ոչ միայն պետպատվերով իրականացված հետազոտություններով, այլև պարտադիր դիտարկում են նաև այն հետազոտությունները, որոնք զինակոչիկն անցել է սեփական նախաձեռնությամբ այլ բուժհաստատություններում։ Նախարարը վստահեցնում է, որ միայն փաստաթղթերի համադրման արդյունքում է  որոշվում՝ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ.

«Բոլոր բողոքների մասով պետք է առանձին դեպքերով հասկանալ՝ արդյոք կա՞ խնդիր, որտե՞ղ է խնդիրը։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր բժշկական հանձնաժողովներն էլ շատ մանրակրկիտ փորձաքննություններ են իրականացնում, որպեսզի վստահ լինեն, որ անձը ճիշտ է փորձաքննվել։ Ոչ մեկը չի ուզում, որ հետո խնդիրներ առաջանան, երբ մարդն արդեն զորակոչվում է բանակ»։

Պաշտպանության նախարարն իր հերթին է արձանագանքում իրեն հասցեագրված խնդրին։ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետը հանդիպմանն ընդգծել է՝ թեև չի խառնվում առողջապահական հանձնաժողովների գործերին, բայց շահագրգիռ է, որ զինված ուժերում առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկներ չլինեն։ Հանձնաժողովներն էլ են այդպես առաջնորդվում՝ վստահեցնում է Պապիկյանը։

«Եթե կան նման դեպքեր, դրանք պետք է բարձրաձայնել, դրա դեմ պայքարել, որպեսզի մենք էլ, պատկան մարմիններն էլ կիրառեն  իրենց հնարավորությունները և կարողանան բացառել նման երևույթները»։

Կառավարությունը նախօրեին որոշում ընդունեց, որով կարգավորվում են զինապարտ քաղաքացիների հետազոտման արդյունքները և առողջական վիճակի տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարցերը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարությունում բացատրեց՝ նոր կարգավորումը ենթադրում է, որ զինկոմիսարիատներն առողջապահական համակարգի կազմակերպություններին զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրեն «ArmMed» համակարգով։ Հետազոտությունների արդյունքները հետ են ստացվելու միայն թվային տարբերակով, իսկ լաբորատոր գործիքային ախտորոշման տվյալները պետք է ներբեռնվեն «ArmMed» համակարգ և պահպանվեն 10 տարի։ Կներբեռնվեն նաև քաղաքացու ամբուլատոր քարտի տվյալները:

Պապիկյանն ուշագրավ այլ թիվ էլ հրապարակեց․ ընթացիկ զորակոչի ժամանակ 1800 զորակոչիկ ուղարկվել է կրկնակի հետազոտության։ Նրա դիտարկմամբ՝ կարգավորումների փոփոխության բերումով 90%-ով այդ թիվը կարող է կրճատվել։

«Այսինքն՝ դրա հարակից բոլոր հետազոտությունները պարտադիր կարվեն, և այլևս հարց չի առաջանա, թե ինչ հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը: Կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, որն ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը»։

Պապիկյանը նախորդիվ տեղեկացրել էր, որ իր գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ վերանայելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ձևը և բովանդակությունը։ Հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալության գնահատումը՝ ասում է նախարարը։  

«Սա հնարավորություն կընձեռի, որպեսզի, ժամանակակից պահանջների զորատեսակներին համապատասխան, մենք կարողանանք ներգրավել նաև այնպիսի զինակոչիկների, որոնք առաջին հայացքից այսօրվա կառուցակարգերով պետք է ազատվեին բանակից, բայց թե իրենց աշխատանքային ոլորտով, թե իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ոչնչով չեն տարբերվում ինձնից և ձեզնից»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս առումով կառավարության նիստին շեշտել էր, որ զորակոչային գործընթացների մեկնարկի պահից սկսած, մեջբերում, «մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս»։ Պաշտպանության նախարարության առաջարկած կարգավորման ընդունմամբ, ըստ վարչապետի, խնդրին կկարողանան օբյեկտիվ լուծում տալ։

«Այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնք արվում են երեխաների մոտ, արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե Աստված չանի, կամ, ոմանց ընկալմամբ, Աստված տա՝ հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքում երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»։

Գործադիրի ղեկավարի ձևակերպմամբ՝ մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում: «Տղաների մոտ 15 տարեկանը լրանալուն պես դեֆորմացիայի գործընթաց է սկսվում»,-ասում է Փաշինյանը։

«Ես ճանաչել եմ մարդկանց, որոնք մինչև զորակոչային խնդիրների առաջ կանգնելը տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, և ես համոզված էի, ակնհայտ էր, որ իրենք այս կյանքում մեծ ճանապարհ պետք է անցնեն: Բայց այն պահից, երբ կեղծիք կեղծիքի հետևից, և կեղծիքը փակելու համար՝ նոր կեղծիք, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում: Շատ ցավալի է»:

Զորակոչին ընդառաջ՝ մեկ այլ ուշագրավ փաստ էլ կա․ ծառայող տղաների կողքին ավելանում են աղջիկները։ Սակայն այս առումով էլ իր մտահոգություններն ունի  նախարար Պապիկյանը։ Զինծառայության մեջ կանանց ներգրավումն, այնուամենայնիվ, շատ դանդաղ է՝ ասում է Պապիկյանը։ Ամեն զորակոչի ամենաշատը երկու աղջիկ է լինում։ Վարչապետն այս առումով երկրաչափական պրոգրեսիայի կարիք է տեսնում, որ զորակոչերին 50-ից 100 աղջիկներ ներգրավվեն։

Կարդացեք նաև

Back to top button