ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Բաքուն փորձում է սիրաշահել Մոսկվային․ Ալիևի հայտարարությունների տողատակերը՝ ըստ փորձագետների

Սպառազինվելու ու Ադրբեջանում նոր ռազմաբազա տեղակայման մասին հայտարարություններ են հնչում Անկարայից, ինչին փորձում է հակադարձել Բաքուն՝ սիրաշահելով Մոսկվային։ Փորձագետները սա դիտարկում են ռուս-թուրքական հարաբերությունների սպասվող լարման համատեքստում և բացում են Ալիևի որոշ ձևակերպումների փակագծերը։ Ազդակները կանխարգելիչ բնույթ ունեն, ասում են նրանք։

Քաղաքական, կանխարգելիչ, դիվերսիոն՝ քաղաքագետ Արա Պողոսյանի բնորոշումն է Ռուսաստանից զենքի գնումները շարունակելու Ալիևի հայտարարություններին։ Այն, ինչ ասում է Ադրբեջանի նախագահը, տեղեկատվական պատերազմի համատեքստում է նաև՝ ասում է քաղաքագետը։ Նա համոզված է, որ Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, ենթատեքստ ունի․

«Ես կարծում եմ՝ Ադրբեջանն ունի այլ հաշվարկներ, և այդ հաշվարկները վերաբերում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանափակմանը։ Այս մասին պարբերաբար ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հայտնվում են որոշակի ակնարկներ, և հիմա Ադրբեջանի նախագահի բերանով փորձ է արվում սա բերել օրակարգը և ինչ-որ մի օր, փոխելով կամ կերպափոխումների ենթարկելով հարցի էությունը, որպես պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որոշակի տեսք ունենալու, որոշակի կանխատեսելիություն ունենալու, սահմանափակումներ դնելու առումով»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ևս հայտարարությունների տողատակերն է կարդում․

«Այո՛, Ալիևը շատ ինքնավստահ է, և ինքնավստահության տակ, իհարկե, հիմքեր կան։ Ասելով, որ Ռուսաստանը և Ադրբեջանը երկու հուսալի դաշնակիցներ են, և որ երկու երկրների համար ծանր ժամանակներում միշտ ցուցաբերում են փոխօգնություն, պետք է հասկանանք, որ երբ Վլադիմիր Պուտինը վերջին պաշտոնական այցով ժամանեց Բաքու, հենց այնտեղ դաշնակցային հարաբերությունների և տարբեր ոլորտներում միջպետական հարաբերություններին զարկ տալու նախադրյալներ ստեղծվեցին և օրենքի ուժ ստացան»։

Մի քանի օր առաջ լուրեր հայտնվեցին, որ Հայաստանին զենք մատակարարող Հնդկաստանին Ադրբեջանը երրորդ կողմի միջնորդությամբ զենք ձեռք բերելու առաջարկ էր արել, ինչը հնդկական կողը մերժել է։ Եթե պաշտոնապես հաստատվի այս տեղեկությունը, դա կարող է ստուգողական քայլ որակվել՝ ասում է միջազգայնագետը․

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը գիտակցում է, որ Հնդկաստանը կարող է և մերժել զենքի ձեռքբերման առաջարկը: Այս դեպքում  իրենց պետք էր ընդամենը, այդպես ասած, իրավիճակը ստուգել՝ հասկանալու համար, թե արդյոք Հնդկաստանը պատրաստ կլինի՞ իրենց զենք վաճառել   և, ըստ այդմ, առհասարակ  դիրքորոշում ունենալ կոնկրետ Հնդկաստանի հետ փոխհարաբերություններում»։

Ակտիվ զինվում է նաև Թուրքիան։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիան երկու միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ է մատակարարելու Թուրքիային։ Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել 40 միավոր կործանիչներ ձեռք բերելու մասին։ Քաղաքագետն այս քայլը պայմանավորում է Հունաստանի հետ օդային բալանսը պահպանելու Անկարայի ձգտումով, ինչպես նաև որպես Սիրիայում ռազմավարական նպատակներին հասնելու միջոց։

Իսկ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը, Արա Պողոսյանի համոզմամբ, որոշակի հակակշռող քայլերի տրամաբանության շրջանակներում են։ Այս հարցում խոսքը Հայաստանի հետ սահմանի հավասարակշռության մասին է․

«Նույնիսկ ֆորմալ բազայի կարիք չկա, որպեսզի Թուրքիան Ադրբեջանում ստեղծի բազա: Բայց եթե Թուրքիայում ցանկանան այդպիսի բազա ունենալ, որը հավանաբար կլինի հակակշիռ Հայաստանի Հանրապետության Գյումրիի 102-րդ ռազմաբազային, կարծում եմ, սրանով պայմանավորված, հնարավոր է, որ Թուրքիայում դիտարկեն այդպիսի հակակշիռ ստեղծելը, հատկապես, եթե մենք նկատի ունենանք, որ կա հեռանկար, որ կլարվեն թուրք-ռուսական հարաբերությունները Սիրիայի դեպքերից հետո»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ Ալիևը, հավանաբար հասկանալով, որ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո կլարվեն ռուս-թուրքական հարաբերությունները, փորձում է հերքել տարածվող տեղեկությունը Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտադրության մասին։

Այդպիսով, Բաքուն ապահովագրում է իրեն և փորձում է սիրաշահել և դուր գալ Մոսկվային, կարծում է քաղաքագետը։

Կարդացեք նաև

Back to top button