
Արաքս Սաֆարյան
«Ռադիոլուր», Բրյուսել
Երեկ երեկոյան Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Օրակարգը հագեցած էր մի քանի հրատապ թեմաներով՝ Ուկրանիայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակը և Վրաստանի ղեկավարների դեմ պատժամիջոցների սահմանումը:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարների բրյուսելյան հավաքն առաջին անգամ տեղի Է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նոր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի նախագահությամբ:
Քննարկված թեմաների փաթեթից առանձնացնեք Վրաստան-Եվրամիություն հակասությունները: Բրյուսելը ցանկանում Է պատժամիջոցներ կիրառել, այդ թվում սահմանափակել պաշտոնական շփումները Վրաստանի ղեկավարների հետ: Ավելի վաղ դրա անհրաժեշտությունն Է ընդգծել Եվրախորհրդարանը, որը հորդորել Է Եվրամիության երկրներին հասցեական պատժամիջոցներ սահմանել վրաց այն պաշտոնյաների և քաղաքական ղեկավարների նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում ժողովրդավարության հետընթացի, օրենքների խախտման և պետական ինստիտուտներին վերապահված լիազորությունների չարաշահման համար:

Թբիլիսիի հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ սկսել են Էապես վատթարանալ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ Է դրվել օտարերկրյա գործակալների թափանցիկության մասին օրինագիծը, որը Վրաստանի ընդդիմադիրները, ինչպես արևմտյան աշխարհի անվանի գործող և պաշտոնաթող պետական-քաղաքական գործիչները, վերլուծաբանները, անվանել են «ռուսական օրենք»:
Նախագիծը նման որակում Է ստացել, քանի որ Ռուսաստանում կա այդօրինակ բովանդակությամբ օրենք, որը Վլադիմիր Պուտինի իշխանությանն ընձեռել Է հասարակական կազմակերպությունների և անկախ մամուլի գործունեությունը գրեթե զրոյի հասցնելու հնարավորություն:
Վրաց ընդդիմադիրները չեն բացառում, որ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կփորձի Վրաստանում չեզոքացնել ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների աշխատանքը: Օրենքը պահանջում Է իբրև «օտարերկրյա գործակալ» գրանցել դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները: Պահանջը մերժողներին սպառնում են խոշոր տուգանքներ:
Այդ Օրենքի դեմ Վրաստանում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ակցիաներ, մինչդեռ «Վրացական երազանքը» մնացել Է անդրդվելի: Վիճահարույց նախագիծն ընդունվել Է օրենքով սահմանված կարգով, ինչից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո Է սահմանել, սակայն պատգամավորներն այն քվեարկությամբ շրջանցել են, և օրենքը մտել Է ուժի մեջ՝ խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:
Այդ ընթացքում Թբիլիսիի և Արևմուտքի հարաբերությունները հետզհետե ավելի են սրվել՝ Վաշինգտոնը և Բրյուսելը սկսել են հրաժարվել Թբիլիսիի հետ մի շարք կարևոր համատեղ նախաձեռնություններից, Եվրամիությունը նկատել Է տվել, որ Վրաստանի անդամակցության գործընթացը կկասեցվի և սկսել Է վերանայել համագործակցության ծավալներն ու ձևաչափերը: Այդուհանդերձ, կտրուկ որոշումներ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, չեն ընդունվել:
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շելենբերգը երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում ասել Է, որ նախ պետք է փորձել Վրաստանի հետ դարձյալ երկխոսել և հասկանալ այդ երկրի հետագա գործողություններն ու քայլերը: Հինգ ժամ տևած բուռն քննարկումներից հետո տեղի Է ունեցել երկու ասուլիս:
Երկրորդ ասուլիսին առաջին անգամ՝ որպես Բարձր ներկայացուցիչ, մասնակցել Է Կայա Կալասը: Նա հայտնել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթն ընդունելու մասին: Սահմանափակող որոշումներ են ընդունվել նաև Բելառուսի 26 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպությունների նկատմամբ: Ապա նա խոսել Է Վրաստանի մասին:
«Իրավիճակը Վրաստանում դրական ուղղությամբ չի զարգանում: Դեմոկրատիաները չեն ոտնահարում մամուլի ազատությունը և չեն խլացնում ընդդիմադիրների ձայնը: Ի պատասխան դրան, մենք նվազեցրել ենք քաղաքական շփումների մակարդակը և սառեցրել Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը»,- հայտարարել Է ԵՄ Բարձր ներկայացուցիչը:
Նա նշել Է, որ պատժամիջոցներ ընդունելու գաղափարը պետք Է հավանություն ստանա բոլոր 27 անդամ երկրների կողմից: Մինչդեռ, ըստ Բրյուսելից ստացված հաղորդագրությունների, Հունգարիան և Սլովակիան դեմ են այս փուլում սահմանափակող որոշումներ ընդունելուն:
Ըստ Կայա Կալասի, խիստ պատժամիջոցների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կլինեն որոշակի խորհրդանշական քայլեր, օրինակ, վիզաների սահմանափակում, դիվանագիտական և ծառայողական անձնագրերի գործողության սառեցում: Այս շաբաթ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները կեզրափակեն 2024 թվականի քննարկումները: Հաջորդ հավաքը նախատեսվում Է 2025 թվականի հունվարին:




