
Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսի ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու` Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեսանյութ է հրապարակել, բացատրելով շրջանառության հարկի հետ կապված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի մեկից։ Մասնագիտական դաշտում, սակայն, այլ շեշտադրում են անում, նշում են՝ հիմնական խնդիրն այն չէ, որ հարկային բեռը բարձրանում է, այլ այն, որ հարկման դաշտում անարդարության միջավայր կա ու ստվեր։
2025թ հունվարի մեկից փաստաբաններն ու նոտարները, իսկ հուլիսի 1-ից արդեն իրավաբանական, հաշվապահական ու ֆինանսական գործունեությամբ զբաղվողները շրջանառության հարկի դաշտից կտեղափոխվեն ԱԱՀ դաշտ։ Գործունեության երկու տեսակների հարկման համակարգի փոփոխությունը ընդունվել է հունիսին, իսկ մյուսները՝ ընդունվել են առաջին ընթերցմամբ։ Առաջինից մինչև երկրորդ ընթերցում փոփոխություններ կարվեն։ Սա օրենսդրական այն առաջարկն է, որն այս տարի ամենաշատը քննարկվեց ու քննադատվեց։
Հայաստանի վարչապետը հստակեցնում է՝
«Սա թույլ կտա, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար էլ հարկը կնվազի»։

Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է՝ հարկման արդար համակարգի ձևավորում․ կառավարությունում են հստակեցնում։ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով գործող օրենսդրությանը, բացատրում է՝ առևտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն իրենց շրջանառության 5%-ը.
«Սկզբունքորեն այս կարգավորումը խնդիր ունի իր մեջ, որովհետև անցյալում թվում էր, թե մենք մարդուն հնարավորություն ենք տալիս օրինական ստվերային շրջանառություն ապահովել: Մենք պետք է փոխենք այս քաղաքականությունը, դա անտրամաբանական է և ապապետական է։ Մյուս կողմից մենք հասկանում ենք, որ երկար տարիներ տեղի ունեցող պրոցեսը մի քայլով չենք կարող ամբողջությամբ հետ պտտտել։
Ասում ենք, որ եթե ձեռք բերվող ապրանքը փաստաթղթավորված չէ, այդ դեպքում պետք է վճարել 10% հարկ, իսկ եթե փաստաթղթավորված է, ընդհակառակը, հարկը նվազում է՝ 1,5 տոկոսից դառնում է 1%: Այսինքն՝ իրականում օրինական աշխատող առևտրի կետի համար հարկը նվազում է 0․5%-ով»։
Կառավարության ղեկավարն ընդգծում է՝ այստեղ խնդիր է ստեղծվում ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսի համար։
«Չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների և միլիարդների ներկրած ապրանքները ՀԴՄ-ներով և այս փոքր կետերի միջոցով, ըստ էության, ծախսագրում են, դուրս են գրում ու վաճառում են: Դա հնարավորություն է տալիս, որ իրենք ցույց չտան իրենց կողմից ներմուծված ապրանքների իրական չափը և այսպիսով խուսափեն հսկայական հարկեր վճարելուց։ Սա թույլ կտա, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար էլ հարկը կնվազի»։
Մասնագիտական դաշտում, սակայն, այլ շեշտադրում են անում։ Հիմնական խնդիրն այն չէ, որ հարկային բեռը բարձրանում է, այլ այն, որ հարկման դաշտում անարդարության միջավայր կա ու ստվեր, ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Շրջանառության հարկից ավելացված արժեքի հարկման դաշտ տեղափոխումը դժգոհության ալիք է բարձրացրել բիզնեսի մոտ։ Տնտեսվարողները պնդում են՝ պետք է նախ դաշտում ստվերը կրճատել, հետո միայն խոսել հարկման արդար համակարգի մասին։
Վահագն Համբարձումյանը մանրամասնում է․ «Հինգ տոկոս շրջանառության հարկ վճարողը մրցում է բացառապես ստվերում աշխատող տնտեսվարողների մի մասի հետ։ Բարեխիղճ տնտեսվարողը վճարում է հինգ տոկոսը, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, նաև մասնագիտական արժանապատվության։ Ուստի նախ՝ պետք է առաջնահերթություն տալ ստվերը ճնշելուն, երկրորդ հերթին նոր գնալ այդ նախագծի իրագործմանը»։
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները խորհրդարանի լիագումար նիստում ևս քննարկվեցին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պնդում է՝ այս փոփոխությունները կառավարության ծրագրում ներառված փոփոխություններին համահունչ չեն․
«Կառավարության ծրագրում գրված է՝ ոչ թե հարկման այլընտրանքային համակարգի վերացում, այլ դրույքաչափերը համադրելի դարձնելու ուղղությամբ քայլերի իրականացում։ Հիմա դուք ոչնչացնում եք հարկման այդ համակարգը կոնկրետ ոլորտներում»։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այս կարծիքը չի կիսում։ Բացատրում է՝ նախագծի վերափոխված տարբերակը նրա համար է, որ հավասար հարկային միջավայր ստեծղվի․
«Կառավարության 6․8 բաժնի համապատասխան դրվագը՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգում արհետսականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման ու գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի ու արդարացի հարկային բեռ»։
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետ կապված նաև խորհրդարանական լսումներ ու քննարկումներ են կազմակերպվել։




