ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Սիրիայից առաջին ինքնաթիռը Հայաստան կժամանի դեկտեմբերի 14-ին․  Հալեպից դուրս գալ առայժմ հնարավոր չէ

Սիրիական ճգնաժամի լարումից՝ նոյեմբերի 27-ից ի վեր, մինչև այս պահը հնարավոր չի Սիրիայից՝ մասնավորապես Հալեպից տարհանում կազմակերպել։ Զինված բախումների էպիկենտրոնում՝ Հալեպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով 10-12 հազար հայ է ապրում։ Նրանցից շատերն այս պահին քաղաքից հեռանալու ցանկություն ունեն, բայց հնարավորություն՝ ոչ։ Հայկական կողմը պատրաստ է նրանց հայրենիք տեղափոխել, սակայն այս պահին դա հնարավոր ու անվտանգ չէ։ Այնուամենայնիվ, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում չվերթ իրականացնել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից։

Սիրիական ճգնաժամի սրումից հետո, դեկտեմբերի 14-ին Դամասկոս–Երևան ուղիղ չվերթով Հայաստան կժամանի առաջին ինքնաթիռը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել Հալեպ- Երևան չվերթ իրականացնել, սակայն Հալեպում ստեղծված իրավիճակից հետո ինքնաթիռը կժամանի Դամասկոսից։  

«Դեռևս Հայաստան ժամանած սիրիահայ խմբեր չկան, բայց ակնկալում ենք, որ 10 օրից առաջին խումբը կգա։ Կապի մեջ ենք նաև չվերթն իրականացնող ընկերության հետ, վերջիններս պատրաստակամ են շարունակել չվերթները, եթե անհրաժեշտություն լինի»,– ասում է Ալեքսանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի տվյալներով՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ ու ամենահայաշատ քաղաքում՝ Հալեպում, 10-12 հազար հայ է ապրում։ Նոյեմբերի 27-ին Սիրիայում հաստատված հրադադարի խախտումից հետո քչերն են կարողացել առաջին 1-2 օրում դուրս գալ Հալեպից։ Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ Հալեպում զինված խմբավորումների հարձակումն անակնկալ է եղել թե՛ հասարակության, թե՛, մասնավորապես, հալեպահայերի համար։

«Առաջին մեկ-երկու օրերին հնարավոր եղել է դուրս գալ Հալեպից, այն էլ՝ ոչ հիմնական ճանապարհով՝ ոչ Հալեպ-Դամասկոս մայրուղով, այլ՝ երկրորդական ճանապարհներով։ Մենք տեղեկություններ ունենք ու կապի մեջ ենք այդ ընտանիքների հետ, որոնք արդեն Դամասկոսում են հաստատվել, մի մասը Լաթաքիա է հասել։ Կան ընտանիքներ նաև Քեսաբում։ Առաջին օրերին իրավիճակը լարված էր նաև Քեսաբի շրջանում, բայց այս պահին Քեսաբին վտանգ չի սպառնում»։

«Ռադիոլուրը» փորձեց կապ հաստատել Հալեպում ապրող գրականագետ Հակոբ Վարդանյանի հետ։ Սակայն զրուցել այդպես էլ չստացվեց, քանի որ ինտերնետային ու հեռախոսային կապը խաթարված է, միայն հասցրինք իմանալ, որ քաղաքում նաև հեռախոսակապի խնդիր կա։ Ավելի վաղ Վարդանյանը «Ռադիոլուրին» պատմել էր, որ Հալեպից դուրս եկող ճանապարհները փակ են։

«Պետք է ասեմ, որ քաղաքի մուտքի ու ելքի ճանապարհները վտանգավոր են ու փակ են այս պահին։ Ովքեր ուզում են արագ փախչել քաղաքից, ընտրում են անապատային ճանապարհը։ Ահավոր խցանումներ կան, որովհետև մեծ թվով մարդիկ են ուզում դուրս գալ կամ ներս մտնել»,– ասել էր Վարդանյանը։  

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամեն կերպ փորձում է մշտական կապի մեջ լինել հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հետ։ Հայ համայնքում, իհարկե, անհանգիստ են ու տագնապած, շատերն են ցանկանում հեռանալ, դուրս գալ քաղաքից, բայց այս պահին դա անհնար է ու ապահով չէ՝ ասում է հանձնակատարի ներկայացուցիչը։

«Քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհները փակված են, որպեսզի լավ պատկերացնեք իրավիճակը․ Հալեպը Թուրքիայի սահմանից հեռու է մոտ 45-50կմ իսկ իսլամիստական խմբավորումները՝ հակակառավարական ուժերը, արդեն Հալեպից բավականաչափ հարավ են գտնվում՝ մոտ 70-80կմ վրա, և քաղաքի ամբողջ ելումուտը վերահսկվում է․ պրակտիկորեն անհնար է այս պարագայում քաղաքից դուրս գալը, անվտանգությունը երաշխավորված չէ»։

Չնայած թանկացումներին, Հալեպում այս պահին պարենային սուր խնդիր չկա՝ հաղորդում է Հովհաննես Ալեքսանյանը։

«Փաստացի, քաղաքում այս պահին պարենավորումն իրականացնում է նույն խմբավորումը, որը մտել է քաղաք։ Հացի արտադրամասերը բնականոն աշխատում են, և որքան տեղյակ ենք՝ ողջ սնուցումն իրականացվում է Իդլիբի շրջանից․ խոսքը վերաբերում է ինչպես պարենին, այնպես էլ էներգակիրներին»։

Չնայած կարիքին՝ այս պահին նպատակահարմար չէ զանգվածային տարհանում կազմակերպելը՝ ասում է Հայրենադարձների ինտեգրման վարչության պետն ու վստահեցնում՝ իրավիճակի կայունացման դեպքում, առաջին իսկ հնարավորության բերումով, տարհանում կկազմակերպվի։ Իսկ գրասենյակը պատրաստ է ցանկացած պահի հայրենակիցներին ընդունելու։

«Հիմա օդանավակայանը նույնպես գտնվում է իսլամիստական խմբավորումների ձեռքին, փաստացիորեն, երաշխիք չկա ճանապարհներին՝ մեծաքանակ մարդկանց տարհանում կազմակերպելու»,– ասում է Հովհաննես Ալեքսանյանը։

Սիրիայում ու, մասնավորապես, Հալեպում ապրում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, երկքաղաքացիություն ունեցողներ, այնպես էլ այլ երկրների հայ քաղաքացիներ։ Նրանցից յուրաքանչյուրի դեպքում պաշտպանության մեխանիզմները տարբեր են, ու տարբեր ընթացակարգեր են ենթադրում՝ ասում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մարդու իրավունքների փորձագետ Սերգեյ Ղազինյանը։

«Եթե ենթադրենք, որ այնտեղի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանի քաղաքացիներ չեն, ինչ-որ ճանապարհով հայտնվեն Հայաստանի իրավազորության ներքո ու դիմեն փախստականի կարգավիճակի միջազգային պաշտպանութան համար, ապա այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունը կունենա արդեն պարտավորության ավելի լայն ծավալ՝ հաշվի առնելով, որ կշեռքի մյուս նժարին դրված կլինի նրանց վերադարձի դեպքում կյանքի ու առողջության հնարավոր վատ վերաբերմունքի այդ թվում խոշտանգման բոլոր վտանգները»,– ասում է Ղազինյանը։

Զինված գործողությունների էպիկենտրոնում հայկական սփյուռքի մայր գաղութներից մեկն է։ Այս հանգամանքն ավելի է բարդացնում իրավիճակը՝ նկատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Back to top button