
Մայիս և հունիս ամիսներին կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները մինչև օրս փոխհատուցում չեն ստացել: Տարերքից 30-100 տոկոսով տուժել են հիմնականում Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան և Խոյ համայնքների հողատարածքները:
Տարվա սկիզբը գյուղացիական տնտեսությունների համար խոստումնալից էր: Բարենպաստ կլիմայական պայմանները հնարավորություն էին տվել ավելի վաղ սկսել մշակել այգիները: Ցրտահարության վտանգն անցել էր, բայց տևական անձրևներից ու կարկտահարությունից խուսափել չհաջողվեց: Մայիսի կարկուտը զգալի վնաս հասցրեց.
«Կարկուտը միանգամից բռնեց ու լրիվ լցրեց տակը, խաղողի շիվերն է թողել ու վրան խաղող չկա: Լոլիկը, պղպեղը, վարունգը ջարդել, փշրել ու լցրել է ներքև»:
«Լրիվ դաշտը կարկտահարվել է, լրիվ ջարդել: Դդմիկն էլ այն բույսն է՝ եթե ծայրը կտրվեց, ուրեմն փչացավ, վերջ. ամբողջը փչացել է: Գետնի վրա 5-10 սմ կարկուտ էր դրել»:
Մեծամոր համայնքի Արգավանդ գյուղի բնակիչներն են։ Մայիսի 4-ին ու 5-ին տեղացած կարկուտը անսպասելի է եղել: Պոլիէթիլենային թաղանթի տակ մշակած բանջարեղենը չեն հասցրել շուկա տանել: Արգավանդում խաղողի սեղանի սորտեր են մշակում՝ շահումյան, հաղթանակ, քիշմիշ և այլն: Այգետերերն ասում են՝ վնասված այգին այս տարի բերք չի տա, բայց այգին փրկելու համար նորից ծախսեր են արել:
«Մյուս տարի այս շիվը խաղող չի տա, փչացել է: Սրանք արդեն վնասվել են ու հեշտությամբ կոտրվում են: Հիմա պետք է բուժում անենք, որ վնասվածը վերականգնենք մյուս տարվա համար»:
Մարզի նախալեռնային գոտիների ծիրանի այգիներում առատ բերք կար, բայց մայիսյան պտղաթափությունը սովորականից շատ էր. թեթևակի հպումից ծառը միանգամից բեռնաթափվում էր: Պատճառը իրար հաջորդած անբարենպաստ եղանակներն էին: Քարակերտ գյուղի բնակիչ Գրիգոր Մկրտչյան.
«Սա մայիսյան պտղաթափություն է, որը պետք է լիներ. 5-6 տոկոսն էր թափվելու: Եթե լավ չի փոշոտվել, բեղմնավորվել ու դրանից կարող էր թափվել, բայց հիմա 80 տոկոս բերքի անկում ունենք: Կարկուտն էլ է շատ վնասել»:
Բնության հասցրած վնասը ուսումնասիրել են համայնքային հանձնաժողովները, կազմել արձանագրություններ: Վնասի չափը տարբեր էր: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանն ասում է, որ տարածքում հիմնականում խաղողի ու կորիզավոր պտղի այգիներ են, որոնց մի մասը կարկտահարությունից կրկնակի է տուժել:
«Բաղրամյանի գրեթե բոլոր վարչական տարածքներում մեծ չափերի վնաս տվեց: Բնակավայր ունենք, որտեղ երկու-երեք անգամ կարկուտ է տեղացել»:
Ծիրանի բերքը պահպանելու համար շարունակական բուժումներ են արել, բայց լավ որակի բերք չեն ստացել: Ծիրանի մի մասը ցածր գնով արտահանել են, մնացածը՝ հանձնել վերամշակող ձեռնարկություններին: Քարակերտի բնակիչ Կարեն Պողոսյան.
«Ծիրանը համարյա կեսից շատը թափվել էր, որն էլ կարկուտն է խփել, 50 դրամով գործարանին ենք հանձնել: Պետք է 10 տոննա բերք ստանայինք, չի եղել: Երեք տոննա ենք ունեցել, որը ծախելու էինք 400 դրամով, բայց ծախեցինք 50 դրամով»:
Այս տարի գյուղատնտեսական ապահովագրություն չկար: Խոշոր այգետերերն ապահովագրության պիլոտային ծրագրից երկու տարի օգտվել են. գարնանային ցրտահարության ու կարկտահարության վտանգ միշտ լինում է: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան.
«Այս տարի, ցավոք գյուղատնտեսական ապահովագրություն չկար: Հուսանք մյուս տարի կներդնեն ու ավելի շատ կօգտվեն, ավելի լավ կլինի գյուղացիների վիճակը»:
Անցած տարիներին գյուղացիներն ապահովագրել են հիմնականում խաղողի ու պտղի այգիները: Ապահովագրական ծածկույթը գործել է 11 մշակաբույսերի համար՝ պտղատու այգիներից բացի ներառված էին սեխը, ձմերուկն ու կարտոֆիլը: Նախորդ տարիներին կառավարությունն աջակցել էր՝ ասում է արգավանդցի հողագործը:
«Երկու տարի առաջ նորից կարկտահարվել էր, և ինչ-որ մի բանով օգնեցին: Դեկտեմբերի 27-ին 1 հա-ի հաշվարկով տվեցին 96 հազար դրամ: Ոռոգման ջրի գումար էր»:
Մայիսի 4-ին, 5-ին, 12-ին և 25-ին տեղացած կարկուտը վնասել էր Արմավիր, Մեծամոր, Խոյ և Բաղրամյան համայնքների 38 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններ։ Այստեղ դեռ սպասում են կառավարության աջակցությանը: Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյան.
«Հաճախակի կարկտահարությունները մեծ վնաս են պատճառել մարզի գյուղատնտեսական արտադրությանը, որի արդյունքում վնասվել է 5709 հա հողատարածություն՝ 30-100 տոկոսով: Փոխհատուցման հետ կապված կառավարության որոշում է շրջանառում, բայց մինչև օրս վերջնական որոշում դեռևս չկա»:
Ընդհանուր առմամբ մարզում կարկտահարությունից տուժել է շուրջ 4000 գյուղացիական տնտեսություն:










