
16-օրյակ՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային 1 օրվա առիթով․ Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության» քարոզարշավը։ Նպատակն է գենդերային բռնության ու դրա տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությունն ու բռնության կանխարգելման միջոցառումները։ Քարոզարշավին միացել են ՆԳ նախարարությունը, ՄԻՊ գրասենյակը։ Ընտանեկան բռնության պաշտոնական թվերի հետևում մարդկային կյանքեր են ու արձանագրված վիճակագրությունից դուրս մնացած անձինք։
45-ամյա Գայանե Սարուխանյանի մարմնի վրա կապտուկներ հայտնվեցին ամուսնության երկրորդ տարում։ Ամուսինն էր ծեծի ենթարկել։ Դե, ինչպես հաճախ լինում է, լռեց՝ մտածելով, որ ընտանիքում նման բան չի կարող կրկնվել։ Սակայն այդ ամենը սկսեց պարբերական բնույթ կրել։ Լինում էին դեպքեր, երբ երեխաների աչքի առաջ էր կատարվում բռնությունը։
«Մտածեցի՝ ընթացքում կփոխվի, երբ երեխաներ լինեն, բայց երեխաների ծնվելուց հետո ավելի ու ավելի շատացավ։ Երեխաներն անգամ ենթարկվեցին բռնության, ու ես արդեն սկսեցի փրկել իմ երեխաներին»։
Ամուսնական կյանք ընթացքում մի քանի անգամ հեռացել է տանից, բայց՝ ոչ հայրական տուն։ Մայրն ասել է՝ ու՞մ ընտանիքում վեճ ու կռիվ չի լինում։ Ամեն հեռանալուց հետո ամուսինը խոստանում էր, որ կուղղվի ու այլևս ձեռք չի բարձրացնի։ Բայց հետո կրկնվում էր նույնը։ Գայանեն վերջնականապես որոշում է երեխաների հետ հեռանալ տնից։ Պատմում է՝ մինչև ձեռքերին ազատությունը տալը ամուսինը հոգեբանական բռնության էր ենթարկում, արգելում էր տանից դուրս գալ, շփվել հարազատների ու բարեկամների հետ, հագնել այս կամ այն հագուստը։
«Տեղաշարժի իրավունքից զրկված, ոնց որ բանտում գտնվեի, փոխանցվում էր խանդի տեսարաններով, սիրելու արդյունքում»
Հետո Գայանեն ավելի է անկեղծանում՝ չէր հեռանում, քանի որ վախենում էր, որ ամուսինը կարող է վնասել իրեն ու երեխաներին։ Բայց մի գիշեր նա վերցնում է երեխաներին ու հեռանում։ Հիմա ապրում է մարզերից մեկում, ունի աշխատանք ու չի էլ ուզում հիշել անցած տարիները։ Կոչ է անում կանանց՝ չլռել ու բարձրաձայնել իրենց նկատմամբ իրագործված բռնությունների մասին։
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու դրա տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությունն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումները։
Հայաստանում 2024 թ․ առաջին հինգ ամսում կնոջը սպանելու հինգ դեպք է գրանցվել, ընտանեկան բռնության դեպքերով տրվել է 215 նախազգուշացում, 465 անհետաձգելի միջամտություն։ 2024 թ–ին ընտանեկան բռնության ենթարկվել է 1650 անձ։ 2023 –ին Երևանում և մարզերում ընտանեկան բռնության աջակցման կենտրոնները գրանցել են ընտանեկան բռնության 1758 դեպք։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 552 դեպք, ամենաքիչը՝ Լոռու մարզում 82 դեպք։
Նվարդ Մանասյանն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նախագահն է, «Ռադիոլուրին» պատմում է․
«Կա,խնդիրը շարունակվում է։ Եթե ամեն 3-րդ կին իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ֆիզիկական բռնության մասին խոսել է, ապա մենք ունենք խնդիր»։
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի, և այդ ոլորտում անելիքներն ամենօրյա բնույթ պետք է կրեն։ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը նույնպես միացել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին։ Նա նշում է, այս հարցում դրական փոփոխությունները շատ են, բայց խնդիրները դեռ պահպանվում են:
«Ակնհայտ է, որ իրավիճակը 15 տարի առաջ և իրավիճակն այսօր միմյանցից տարբերվում են։ Դա պայմանավորված է նաև տարբեր օրենսդրական ակտերի գործադրմամբ։ Միևնույն ժամանակ, մի շարք խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Պատճառներն են կրթական անբարենպաստ միջավայրը, որը ենթակա է հիմնովին բարեփոխման, ինչպես նաև իրավասու մարմինների մոտ պատշաճ գիտելիքների և հմտությունների դեռևս ոչ բավարար մակարդակը»:
ՆԳ նախարարությունը նույնպես միացել է քարոզարշավին՝ նպատակ ունենալով խթանել կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանխարգելել բռնության ցանկացած դրսևորում։




