ԿարևորՄշակույթ

«ԴասA» ծրագրին մասնակցել է Երևանի և մարզերի մոտ 11300 աշակերտ

2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի ու մարզերի հանրակրթական դպրոցներում իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը։ Այն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մտահղացումն է և ուղղված է պատանիների մշակութային կրթությանը՝ որպես առաջադեմ երիտասարդության ձևավորման նախապայման: «ԴասA»-ի ստեղծագործական թիմը կատարում է երկարաժամկետ մշակութային և հոգևոր արժեքների տարածման կարևոր առաքելություն` ձգտելով սկիզբ դնել Հայաստանում որակապես նոր կրթությամբ հասարակության կայացմանը:

Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, 2024 թվականից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնելու դասական երաժշտությանը, հանրահռչակելու այն, ձևավորելու մշակութապես կիրթ ունկնդիր։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այցելում են հանրակրթական դպրոցներ և աշակերտների հետ հանդիպումների ընթացքում պատմում են դասական երաժշտության մասին, ծանոթացնում նվագախմբի գործունեությանը, երաժշտական գործիքներին, դիրիժորի աշխատանքին։ Այսպիսով՝ փոքրիկ ճամփորդություն են իրականացնում դասական երաժշտության հետաքրքիր աշխարհ։ Դասն ամփոփում են ինտերակտիվ խաղերով ու վիկտորինայով, իսկ ամենից ակտիվ մասնակիցները պարգևատրվում են հուշանվերներով։ Առավել առարկայական արդյունքներ գրանցելու և նվագախմբի աշխատանքը դպրոցականներին գործնականում տեսանելի դարձնելու համար երաժիշտ-դասվարները դպրոցականներին հրավիրում են յուրաքանչյուր դասին հաջորդող համերգին։

2024 թվականին «ԴասA»-ի շրջանակում ինտերակտիվ դասեր են կազմակերպվել Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցում։ Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր։ Հանդիպումներին մասնակցել է ավելի քան 11 հազար 300 աշակերտ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։

Բոլոր դասերը, այդ թվում դպրոցականների այցը համերգասրահ, տեսանկարահանվում են, յուրաքանչյուր այցի մասին պատրաստվում է հոլովակ, որն էլ դպրոցականները կարող են գտնել «ԴասA» կրթական ծրագրի սոցիալական հարթակի էջերում։ Այստեղ կարող են քննարկումներ ծավալել ու մշտական կապի մեջ լինել ծրագրի կազմակերպիչների հետ, հետագա համերգների համար տոմսեր ամրագրել:

Այս փուլը կարևոր է՝ հասկանալու, թե մասնակիցներին որքանով է հետաքրքրել ծրագիրը, ինչ գիտելիքներ են ստացել և ինչ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեն։ 

Ծրագրի առաքելությունն է վերափոխել դասական երաժշտության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները, այն դարձնել պահանջարկ ունեցող նորարարական՝ հասարակությանն ավելի մերձեցնելով հոգևոր արժեքներին, ստեղծել այնպիսի արվեստասեր աշակերտական համայնք, որը պատրաստակամ ու ակտիվ ներգրավվածություն կդրսևորի մեր երկրում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների հանդեպ։

 Կրթական ծրագրի շրջանակում լսարանի երիտասարդացման տեսլականը ևս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուշադրության կենտրոնում է։ 

Կարդացեք նաև

Back to top button