ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մյասնիկյանում բարեկարգվել է մշակույթի տան բակը, շենքը դեռ անմխիթար վիճակում է

Մասնակցային բյուջետավորման ծրագրով Մյասնիկյան գյուղի մշակույթի տան բակը վերակառուցումից հետո դառնալու է հանգստի գոտի: Գյուղացիներն են առաջարկել այս ծրագիրը ու քվեարկել դրա օգտին: Մշակույթի տան մուտքը  սալապատվել է, տեղադրվել են նստարաններ,  խաղասարքեր, անցկացվել է ոռոգման համակարգ: Իսկ մշակույթի տան շենքը դեռ անմխիթար վիճակում է:

Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի մշակույթի տան բակի բարեկարգումը մոտենում է  ավարտին: Հնդկաստանի քաղաքացիները վերջնական հարդարման աշխատանքներն են կատարում, շինարարության  ճարտարագետ Էդվարդ Գաբրիելյանը հետևում է աշխատանքի որակին:

«Մեծ ծավալով աշխատանքներ չեն կատարվել, որ շատ մարդկանց ներգարվեինք։ Կարուսելները տեղադրել են Մայիսյան գյուղի վարպետները, ներկը՝ ուրիշ խումբ: Արմավիրի մարզի բնակիչներն են, հիմնականում փորձում ենք հայ արհեստավորին ու բանվորին աշխատանքով ապահովել, հետո մտածել այլազգի մարդկանց մասին»:

Մշակույթի տան բակը վերակառուցումից հետո վերածվելու է հանգստի գոտու: Առաջարկը գյուղացիններինն էր և իրականացվում է մասնակցային բյուջետավորմամբ: Այսինքն՝ բնակիչները ներկայացրել են խնդիրը,  առաջարկել լուծումը, մասնակցել առցանց քվեարկությանն ու շահել: Աշխատանքները մեկնարկել են օգոստոսից՝ ասում է Էդվարդ Գաբրիելյանը:

«Քանդած էր, շատ վատ վիճակում էր գտնվում: Երևի կոմունիստներից հետո ոչ մի անգամ չի վերանորոգվել: 30 տարվա ընթացքում ընդամենը ավելացրել էին նստարաններն ու վերջ»:

Մյասնիկյանը չունի հանգստի ու ժամանցի գոտի: Պուրակում տեղադրվելու են խաղասարքեր, անցկացվել է  ոռոգման համակարգ, տարածքը սալապատվել ու մասնակի ասֆալտապատվել է: Ճարտարագետն ասում է, որ նախագծում բացթողումներ կային, որոնք շինարարն է իր միջոցներով լրացրել: 

«Մենք բոլորը քանդել ենք, բետոնապատել, երկու տեսակի քարերով՝ տրավերտինով ու բազալտով սալիկապատել: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, ճեմուղին է կառուցվել»:

Մի քանի օրից պուրակի աշխատանքները կավարտվեն: Մասնակցային բյուջետավորմամբ  ծրագրի իրականացման նպատակով պահանջվել է 14 մլն 700 հազար դրամ, որի մոտ 20 տոկոսը վճարում է համայնքը, մնացածը՝ կառավարությունը:

Մշակույթի տան  բակը բարեկարգվում է, սակայն շենքի ներսում անբարեկարգ վիճակ է: 2021թ սուբվենցիոն ծրագրով մշակույթի տանը մասնակի նորոգումներ են արվել: Պատասխանատու Ֆրիդա Տոնոյանն ասում է, որ շենքը հիմնանորոգման կարիք ունի, դահլիճը վերածվել է ավերակի:

«Շատ անբարվոք վիճակում է, չունենք դահլիճ: Ընդհանուր շենքում միայն գրադարանն է լավ վիճակում, վերանորոգված»:

Գրադարանը հիմնանորգվել է 3 տարի առաջ, իսկ մինչ այդ  գրադարանավարը դժվարությամբ է ֆոնդը պահպանել ոչնչացումից: Հռիփսիմե Հովհաննիսյանն ասում է՝ ընթեցողների թիվն ավելացել է։

«Ժամանակակից գրքերի պակաս ունենք: Ամեն տարի գրքեր ստանում ենք, նաև քիչ քանակությամբ նվիրատվություն են անում: Անցած տարի ազգային գրադարանից ենք ստացել»:

Ընթերցողները հիմնականում դպրոցականներն են ու տարեցները: Մշակույթի տանը գործում են պարի, թատերական ու ծանրամարտի խմբակներ: Թատերական խմբակն ամիսներ առաջ է բացվել: Խմբավարը գյուղից է, դերասանուհի:  Խմբակում ներառված են 4-14 տարեկան երեխաները:

Խմբավար Կարինե Բաղդոյան. «Բեմադրություններ ենք խաղում, դեռ մնջախաղի տեսքով: Առաջիկայում սպասվում են ներկայացումներ և հյուրախաղերով շրջագայություններ»:

Կրտսեր տարիքի երեխաներն ընդգրկվել են խմբակում, քանի որ այլ զբաղմունք չունեն: Ամալյա Արշակյանի 4-ամյա դուստրն էլ է հաճախում թատերական խմբակ.

«Քանի որ մեր մանկապարտեզում տեղ չկա, իսկ երեխան ամբողջ օրն ազատ է, զուտ զբաղվելու համար եմ բերում,  որ մենակ չմնա ու միաժամանակ մի բան սովորի: Գյուղի մանկապարտեզը փոքր է, որ կարողանային մի մասնաճյուղ բացել կամ 2-րդ մանկապարտեզը լիներ, գյուղի երեխաները հետ չընկնեին՝ շատ լավ կլիներ»:

Մշակույթի տան պատասխանատու Ֆրիդա Տոնոյանն ասում է, որ ընդհանուր առմամբ շուրջ 60 սան ունեն, բայց շենքում չկա ջուր ու սանհանգույց, իսկ հիմնանորոգում որևէ ծրագրով նախատեսված չէ:  

Կարդացեք նաև

Back to top button