ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոչ թե «զոհվի», այլ «փողփողա» ու «պանծա»․ շրջանառվում է ՀՀ օրհներգը փոխելու հերթական առաջարկը

Ոչ թե՝
«Բայց երանի, որ յուր ազգի,
Ազատության կզոհվի»

Այլ՝
«Թող փողփողա թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Ազգային Ժողովում օրենսդրական նախագիծ է շրջանառվում, որով առաջարկվում է փոխել ՀՀ օրհներգի տեքստը և ավարտել այն հաղթական մտքով։

Նախագծի հեղինակները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն են։ Նրանք առաջարկում են նաև որոշել, թե որ հատվածում պետք է ավարտվի հիմնը՝ միջոցառումների ժամանակ կրճատ հնչելու դեպքում․

«ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակով: Նշված դեպքերում բացակայում է միասնական մոտեցումը, և կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով կառավարությանը լիազորություն է տրվում՝ վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը»։

Պետական խորհրդանիշն ունի երկու՝ հոգեբանական և իմացական շերտ։ Օրհներգը բանաձև է, որը պետք է զարգացնի ինքնաճանաչումը, առաջացնի պատասխանատվության, հպարտության զգացում, ապագայի նկատմամբ սպասելիքներ՝ նշում է երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը։
Եվ նրա խոսքը բնավ հիմնի բառերի մասին չէ․

«Երաժշտությունը խոսքի շարունակությունն է, չի եղել առանձին երաժշտություն, առանձին բառ, եղել է ռիթմ, եղել է մեղեդիական գիծ։ Հիմա ես, օրինակ, ուզում եմ ասեմ՝ վայ, էս ինչ հրաշալի բան եղավ, անկախ ինձանից իմ ձայնը բարձրանում է վերև, որ ընդգծեմ՝ էս ինչ լավ, հրաշալի բան է եղել։ Երաժշտության մեջ կա անաբասիս, կատաբասիս հասկացողություններ։ Անաբասիս է այն երաժշտությունը, որ բարձրանում է վերև։ Կյանքի բարձրության, կենացի, ցնծության երաժշտությունը միշտ բարձրանում է վերև, այդ թվում՝ առաջին հերթին, հիմիմները, գովերգերը, օրհնությունները։ Ու կա կատաբասիսը։ Սրանք քայլեր են, որոնք իջնում են ներքև ու դրանք կապվում են անդրաշխարհի հետ, մահի հետ։ Մեր երաժշտությունը հիմնված է կատաբասիսի վրա, որը գնում է ու ուղիղ գերեզման»։

Հիմնը փոփոխելու կարիք կա, սակայն դա միայն տողերը հետուառաջ անելով չի լինելու՝ վստահ է երաժշտագետը։ Նա պնդում է՝ դեպի ներքև նոտաները չպիտի շարունակեն ծրագրավորել մարդկանց․ դրանք լավ տեղ չեն տանում։ Փոխարենն առաջարկում է՝ լավագույն լուծումը հեռվում չփնտրել․արդեն գրվել ու ճանաչվել է այն երաժշտությունը, որն առավելագույն արդյունավետությամբ կարող է իրականացնել հիմնի՝ ազգը դեպի վերելք ուղղորդող գործառույթը։ Խոսքը «Սարդարապատ» երգի մասին է․

««Սարդարապատը» սկսվում է պրոբլեմից։ Չի եղել հայոց պատմության մեջ մի րոպե, որ մենք պրոբլեմ չենք ունեցել։ Ու ընդհանրապես, ոչ մի ժողովրդի պատմության մեջ, էդ մենք չենք «տառապյալ թշվառ անտերներ», բոլորն էլ «տառապյալ թշվառ անտերներ» են, ու բոլորի մոտ միշտ կա պրոբլեմ։ Բայց «Սարդարապատի» երաժշտությունը տալիս է դրա փայլուն, լուսավոր լուծումը։ Հաղթական, 10 հատ բացականչական նշանով։ 100 անգամ լուծում, մեկից ուշքի չեկած, մի հատ էլ է շխկացնում»։

ՀՀ օրհներգը փոխելու մասին քննակումները որոշակի պարբերականությամբ ակտիվանում են տարիներ շարունակ։ Սակայն դրանք շարունակում են մնալ պարզ քննարկումների մակարդակում՝ չդառնալով օրենսդրական նախաձեռնություններ։ Այս տարեսկզբին օրհներգը փոխելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ թե երաժշտությունը՝ անկումային, այլ տեքստը՝ Հայաստանի անվտանգության համար կասկածելի համարելով։ Սա երկրի անվտանգության տեսանկյունից պետական օրհներգի առաջին մեկնաբանությունն էր։

«Մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ։ Օրինակ, մեր հիմնի մեջ կա թշնամի բառը։ «Թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»․ սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է»։

Հենց վարչապետի ընդգծած բառերը ԱԺ նախագահի և պատգամավորների առաջարկած նախագծի ընդունման դեպքում կեզրափակեն պետական օրհներգը։

Կարդացեք նաև

Back to top button