ԿարևորՔաղաքական

COP29-ին ընդառաջ հայտարարությունները պետք է կոնկրետ գործողությունների վերածվեն․ Արա Պողոսյան

Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ Եվրախորհրդարանն այսօր  ընդունած բանաձևով կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների ցուցանիշները վատն են։ 

Ընդունված բանաձեւով Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են անում ԵՄ-ին դադարեցնել ադրբեջանական գազից կախվածությունը, կասեցնել 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ եւ պնդում են, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի նախապայման լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, իրավական բարեփոխումների իրականացումը և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավումը։ 

Եվրախորհրդարանականները հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի հավատարմորեն ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ 

Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացնում են, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն լուրջ հետեւանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։  

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», — ասված է բանաձեւում։  

Քաղաքագետ Արա Պողոսյանը կարևորում է Ադրբեջանի նկատմամբ տարբեր կառույցների քննադատությունը, սակայն նշում է, որ սա բավարար չէ։ «Եթե դեկլարատիվ հայտարարությունները չեն վերածվում կիրառական  քայլերի, ապա Բաքուն շրջանցում է դրանք։ Հայտարարությունները  պետք է քաղաքական ճնշման կոնկրետ գործողություններ դառնան»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։  Նրա հետ Մարիա Պապյանն է զրուցել։

Կարդացեք նաև

Back to top button