ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գիտական ֆանտաստիկան նորաձև է դառնում․ հայկական թեման՝ ամերիկուհու մրցանակակիր պատմվածքում

Հայաստանում սեպտեմբերին կազմակերպվեց գիտաֆանտաստիկ կարճ պատմվածքների մրցույթ, հոկտեմբերին էլ Ազատության հրապարակում սպասվում է հատուկ միջոցառում։ Ինչո՞վ է կարևոր գրական այդ ժանրը մեր օրերում և հատկապես Հայաստանում։

«Գիտաֆանտաստիկա-գիտություն» կապը ուղիղ է, եթե երկիրն ունի մեկը, կունենա նաև մյուսը․ կարծիքը հոկտեմբերի 1-6 կայանալիք «Գիտության շաբաթվա» բովանդակության պատասխանատու, խմբագիր Արման Գասպարյանինն է։ Նա ժանրի հավատարիմ ընթերցող է և քնադատ։ Ասում է՝ գիտական ֆանտաստիկան մարդու համար դուռ է դեպի նոր աշխարհ։

«Եթե փոքրուց երեխան սիրում է գիտական ֆանտաստիկա, իր մոտ հետաքրքրություն է առաջանում նաև գիտության նկատմամբ, նա ավելի ստեղծագործող է դառնում, փոքրուց սկսում է հետաքրքրվել բնությամբ, շրջակա աշխարհով»։

Ոլորտի «հնաբնակը» մանրամասնում է՝ կա փափուկ և կոշտ գիտական ֆանտաստիկա։

«Կոշտ գիտական ֆանտաստիկան իրեն խիստ սահմանափակում է գոյություն ունեցող գիտական պատկերացումներով։ Այն կարող է էքստրապոլյացիա անի դեպի ապագա, փորձի պատկերացնել՝ ինչ կլինի, եթե կոնկրետ տեսություն հետագայում շարունակի զարգանալ։ «Լավ կոշտ» գիտական ֆանտաստիկան ընթերցողից որոշակի գիտելիքներ է պահանջում»։

Փափուկ գիտական ֆանտաստիկան, ըստ մասնագետի,  ավելի ազատ է, դրանում առկա է երևակայությունը։

«Օրինակ, լույսի արագությունը գերազանցող արագություններով թռչող տիեզերանավ։ Ֆիզիկայում դա անհնար է, դա չի լինի, որովհետև հակասում է ֆիզիկայի օրենքներին։

Ժամանակի մեջ հետ գնալ, այլմոլորակայինների հետ շփումներ՝ դրանք ավելի փափուկ գիտական ֆանտաստիկա են։ Այսինքն «յուզեր ֆրենդլի»՝ ընթերցողի համար հարմար»։

Ոլորտի քննադատը մանրամասնում է՝ ժանրը սկսեց զարգացնել ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև տիեզերական մրցավազքը։ «Երկիր մոլորակայինները» սկսեցին խոսել ուրիշ աշխարհների, ուրիշ քաղաքակրթությունների մասին։

Սառը պատերազմի ավարտից հետո գիտական ֆանտաստիկան դարձավ վատատեսական։ «Միջմոլորակային եղբայրության» մասին երազները հօդս ցնդեցին, երբ պարզ դարձավ, որ փաստ չէ՝ թե այլ մոլորակների վրա կյանք կա։

«Դե ասենք՝ մարդու գործունեության հետ կապված կլիմայական փոփոխություններ կամ միջուկային զենք։ Դրան գումարած առաջացան համակարգչային տեխնոլոգիաները, ինտերնետը, և գիտական ֆանտաստիկան սկսեց կենտրոնանալ երկրային իրերի վրա։

Բայց, օպտիմիստական բաներ էլ կան։ Օրինակ, Արկադի Մարտինի գործերում հեռավոր ապագայում մարդկությունը կա, ինչ որ գալակտիկական կայսրություն են ձևավորում»։

-Անցնենք հայ գիտաֆանտաստիկ գրողներին, ունե՞նք։

իմա փորձեր արվում են, ունենք, բայց պրոֆեսիոնալ մակարդակով, որ պարբերաբար էլ տպագրեն՝ ոչ։ Ժամանակակիցներից կարող եմ, օրինակ, Գևորգ Տեր Գաբրիելյանին ասել։ Բայց, որ շատ մեծ տպաքանակով տպագրվող հեղինակ, որի համար գիտական ֆանտաստիկան իր աշխատանքն է, ով դրա միջոցով  գումար է աշխատում՝ ոչ, էդպիսին չկա։

— Հայ, ոչ ժամանակակից գրող ունեցե՞լ ենք։

 Ես հիշում եմ Կարեն Սիմոնյանին՝ «Կապարե մարդկանց գաղտնիքը» գիրքը, որտեղ Վեներա մոլորակի վրա քաղաքակրթություն են հայտնաբերում և մարդիկ կապարից են։ Իրենց կենսաբանությունը հիմնված է կապարի վրա, ոչ թե ածխածնի, որպեսզի բարձր ջերմաստիճանին դիմանան։

«Թափառող մոլորակը»՝ էլի Կարեն Սիմոնյանից, որում Երկիր մոլորակի վրա ինչոր բան է պատահում, մեծ շարժիչներ են պատրաստում, Երկիրը վերածվում է մեծ տիեզերանավի ու Արեգակնային համակարգից դուրս է գալիս։

Հետո 2000-ականներին Լյու Սի Սինը, չինացի գրող, ունի պատմվածք, կոչվում է «Թափառով երկիր», որտեղ արեգակը սկսում է սառել, դրա համար մարդիկ շարժիչներ են դնում Երկրի վրա, դարձնում տիեզերանավ, որ հեռանան։ Գաղափարը նենց չի, որ Կարեն Սիմոնյանն է հորինել, շատ վաղուցվա գաղափար է, բայց հետաքրքիր է, որ համանման են մտածել։

-Միացյալ Նահանգներում կա ամերիկուհի, որը հայագիտություն է ուսումնասիրում և գրել է գիտաֆանտաստիկ ստեղծագործություն։

-Այո ամերիկուհի է, կեղծանունը Արկադի Մարտին, Օքսֆորդի համալսարանն է ավարտել, հոդվածներ ունի հայագիտության թեմայով, ու գրել է 2 վեպ։ Մեկը կոչվում է «Memory called Impire», այսինքն, «Կայսրություն կոչվող հիշողությունը»,  «Հյուգո մրցանակ» ստացած գիրք է,  Հյուգո մրցանակն ԱՄՆ-ում գիտական ֆանտաստիկա ժանրի բարձրագույն մրցանակ է։ 2-րդ գրքի համար էլ ստացել է և՛ Հյուգո, և՛ Լոկուս, որն էլի բարձր գրական մրցանակ է։

-Եվ կարծես թե հայկական հետքեր կան։

-Հայկական հետքերը ոչ միայն անվանումների մեջ են, օրինակ, կայան, որը կոչվում է «Լսել», այլև կան հենց բուն պատմության մեջ։ Գոյություն ունի մի մեծ գալակտիկական կայսրություն, ու գոյություն ունի փոքր ինքնաբավ կայան, որը սահմանի վրա է և կառավարում է աստղային դարպասները։ Կայսրությունը ուզում է անեքսիայի /բռնակցման,-հեղինակ/ ենթարկի կայանը, ինչպես Բյուզանդիան՝ Անիի Բագրատունիների թագավորությունը։ Բայց, ամբողջը չեմ ուզում պատմել, որ հետաքրքիր լինի։

Արման Գասպարյանը նկատում է՝ գրական այս ժանրով հետաքրքրվողները կարող են համախմբվել գիտության շաբաթվա շուրջ։ Ազատության հրապարակում հոկտեմբերի 5-ից 6-ը այն  նվիրված կլինի գիտական ֆանտաստիկային։ Գրքերի մասին պատմողները կլինեն «գիտաֆանտաստիկ» կոստյումներով։

Կարդացեք նաև

Back to top button