
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նախագահ Նիկոս Ցուխլոսի հետ։
ՀՀ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն․ Ցուխլոսին ընդունելության համար և կարևորել մշակութային դիվանագիտության դերը՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։
Դեսպանը շեշտել է Երևանի Կոմիտասի անվան և Աթենքի կոնսերվատորիաների միջև համագործակցության անհրաժեշտության մասին։ Դեսպանն անդրադարձել է վերջին շրջանում դեսպանության անմիջական նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ իրականացրած նախագծերին, այդ թվում 2023 թ. նոյեմբերին Աթենքի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահներում Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին, ինչպես նաև հայ մեներգիչների (Լիաննա Հարությունյան, Արսեն Սողոմոնյան) մասնակցությամբ Հունաստանում տեղի ունեցած միջոցառումներին։
Երկկողմ կարևորվել է հունահայ օպերային երգչուհի Արդա Մանդիկյանի ավանդը հունական օպերային արվեստի զարգացման գործում։
Նիկոս Ցուխլոսը պատրաստակամություն է հայտնել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ ջերմ հիշողություններ ունի դեռ 1993 թ-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարելու և համերգով հանդես գալու համար։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում և տարածաշրջանում վերջին մշակութային զարգացումները, կարծիքներ են փոխանակել երաժշտական արվեստի շուրջ գործընթացների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Աթենքի կոնսերվատորիայի գրադարանին նվիրել է Կոմիտաս Վարդապետի անգլերեն թարգմանությամբ երկերի (երգչախմբային և ձայնի համար գրված ստեղծագործությունների) ժողովածուի երկհատորյակը, ինչպես նաև Կոմիտասի “Սուրբ պատարագի” ձայներիզը։




