ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ուժի լեզվով խոսելը լավ գաղափար չէ․ ԱԺ փոխնախագահը՝ Մոսկվայի զգուշացումների մասին

Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական «փոխհրաձգությունը» շարունակվում է։ Ռուսաստանն այս անգամ փոխարտգործնախարարի մակարդակով է մտահոգություններ և զգուշացումներ փոխանցել Հայաստանին՝ նախ ՆԱՏՕ-ի, ապա ԵՄ-ի հետ սերտացող հարաբերությունների առնչությամբ։

Պաշտոնական Երևանին Մոսկվայի գնահատականներն արդեն չեն զարմացնում։ Իշխանության ներկայացուցիչներն ի պատասխան նշում են, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն ակնկալվում են հենց Մոսկվայից։ ԱԺ փոխնախագահն այսօր նկատել է նաև, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ։

ՌԴ-ի հետ հարաբերություններում կան հարցեր, որոնց պատասխանները նաև հայկական կողմն է ակնկալում ստանալ՝ հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ի պատասխան Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունների։

«Թույլ տվեք չմեկնաբանել այդ հայտարարությունները։ Հայաստանին և Հայաստանի անվտանգության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են Հայաստանի իշխանությունների որոշումներով, և ես կարծում եմ՝ այն որոշումները, որոնք կայացվում են, բխում են Հայաստանի անվտանգության շահերից։ Կարծում եմ՝ Հայաստանի կողմից նույնպես կան հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք, և կան խնդիրներ հարաբերությունների մեջ, որոնք կապված են թե՛ ՀԱՊԿ-ի գործունեության հետ, թե՛ միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի հետ, թե՛ Հայաստանի անվտանգային միջավայրի հետ, կապված են նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ և այլն»։

ՌԴ փոխարտգործնախարարը նախ մտահոգություն էր հայտնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի սերտացող հարաբերությունների, ապա ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի առնչությամբ։ Ըստ Գալուզինի գնահատականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս։ Մոսկվան այժմ մտահոգություններ ունի, որ առաքելությունը ժամանակավորից կարող է դառնալ մշտական։

Առաքելության աշխատանքի մտահոգիչ բաղադիչներից մեկը Մոսկվան համարում է այն, որ առաքելությունը զեկույցներ է ուղարկում անմիջապես Բրյուսել և դրանք չի տարածում անգամ Հայաստանում։ «ՌԻԱ Նովոստի»-ին Գալուզինն ասել է․

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարակից բոլոր պետությունների վերաբերյալ։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացման հիման վրա»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, թե Մոսկվան մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։

Հայաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Ռուսաստանին հորդորում են ամեն առիթով չզարմանալ։

«Հայաստանը վերջին շրջանում բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ տարբեր ոլորտներում, նաև պաշտպանության և անվտանգության հարցերում դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները և, կարծում եմ, չարժի ամեն անգամ դրանից անակնկալի գալ, որովհետև դա մեր կառավարության քաղաքականությունն է։ Նաև չարժի անակնկալի գալ այն հանգամանքից, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է։ Սա առաջին տարին չէ։ Հայաստանը երևի 20 տարուց ավելի ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է և այդ ձևաչափում շարունակում է համագործակցությունը»։

Ուշագրավ է, որ վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից անմիջապես հետո հայ-ադրբեջանական սահմանի դիտարկում ԵՄ պարեկների հետ իրականացրել է նաև Հայաստանի ԱՄՆ-ի դեսպանը, այսօր արդեն ԵՄ քաղաքացիական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում նշված է, որ հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար:

Այս գործողությունները Հայաստանի քաղհասարակության և քաղաքական դաշտի մի մասն ընկալում է որպես կոնկրետ ազդակ և տարակուսում իշխանությունների՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չկազմակերպելու մտադրության առնչությամբ։ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը համոզված է, որ Հայաստանը հապաղում է քայլերի հարցում, երբ այս պահին քննարկվում է Ուկրաինայի, Մոլդովայի և որոշ վերապահումով արդեն Վրաստանի անդամակցության հարցը։  

«Ճիշտ պահը սա է, որ Հայաստանը ևս մտնի այդ ընդլայնման շրջանակի մեջ, որովհետև եթե այդ ընլայնումը տեղի ունեցավ, այդ երեք պետություններն անդամակցեցին, ապա դժվար չէ՞ ակնկալել, որ Հայաստանի համար առաձին ընդլայնման գործընթաց պետք է կազմակերպի ԵՄ-ն։ Դա բավական հեռավոր ապագայի հարց կդառնա։ Այդտեղ արդեն ինչ-որ այլ պետությունների հետ ընդլայնման գործընթաց պետք է սկսվի, որ Հայաստանն էլ մտնի այդ շրջանակի մեջ»։

Մինչդեռ «Դիվանագետների համահայկական խորհուրդը», որը միավորում է նախկին դիվանագետներին, հայտարարությամբ ահազանգում են, որ «գործող իշխանությունը վարում է վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում»։ Ենթադրում են, որ այս ընթացքը երկիրը կարող է տանել դեպի լիակատար մեկուսացում՝ առանց դաշնակիցների և անվտանգային մեխանիզմների։

Իշխանական թևից պնդում են՝ տարածաշրջանային զարգացումներում խնդիրներ կան, բայց Հայաստանը հետևողականորեն գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, չանդրադառնալով հարցին, թե հուլիսի 1-ին սահմանազատման հանձնաժողովներն ինչ հայեցակարգ են ընդունել, վստահություն է հայտնում, որ «գործընթացի որևէ սառեցում չկա, աշխատանքն իր հունով շարունակվում է, հանձնաժողովն աշխատում է սահմանված ռեժիմով»։ Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ, թե սահմանազատման հաջորդ փուլը որ տարածքում է իրականացվելու։

«Հայաստանը կարևոր աշխարհագրական դիրք է գրավում, և մեր հարևանների հետ հարաբերություններում մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Բազմաթիվ միջազգային գործընկերներ, այդ թվում նաև Չինաստանը, այս օրակարգին աջակցում են։ Մենք համարում ենք, որ բաց սահմաններով և նման խոչընդոտների հաղթահարումով կունենանք էլ ավելի նպաստավոր պայմաններ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, թե՛ երկարատև խաղաղության հաստատման առումով։ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ։ Եվ ընդհանրապես, չի կարող խաղաղությունը լինել պատրադրված։ Եթե բալանսի խախտում տեղի ունեցավ, դա չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն»։

Մեկ ամսում «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է։

Իսկ մինչ հայտնի կդառնա Ադրբեջանի հերթական քայլը, հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են քննարկել «միջազգային խաղացողները»՝ հաճախ առանց կողմերի մասնակցության։ Նման հանդիպումներից վերջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննարկումներն են։ Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ երկխոսությանը: Իսկ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքման հնարավորության հարցին, նշել է, որ Իլհամը դա պետք է որոշի, ոչ թե ինքը։

Կարդացեք նաև

Back to top button