
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«Վերադարձ դեպի տուն» նախաձեռնության շրջանակներում Լոս Անջելոսից մոտոցիկլետներով հատուկ առաքելությամբ եկող տարի ապրիլի 24-ին Հայաստան կժամանեն հայկական ջոկատի անդամները՝ Հայոց ցեղասպանությունը աշխարհին ներկայացնելու և դատապարտելու յուրօրինակ նախաձեռնությամբ: Մինչ այդ, մոտոցիկլիստները Հայաստան են ժամանել հաշմանդամներին օգնելու համար:
Եկող տարի ապրիլի 24-ին Լոս-Անջելեսից մոտոցիկլետներով Հայաստան կժամանեն «Վերադարձ դեպի տուն» նախաձեռնության մեջ ընդգրկված անդամները: Գաղափարը ծագել է այս տարվա հունվարին, նպատակ ունենալով աշխարհի տարբեր երկրների թուրքական դեսպանատների մոտ ակցիա կազմակերպել` հայկական դրոշ բարձրացնելով ու դատապարտելով 20-րդ դարասկզբի եղեռագործությունը:
Միևնույն ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հայկական ջոկատ կամ Armenian Brigade խումբն առայժմ ունի 35 անդամ, սակայն հետաքրքված անձինք շատ են: Խմբի անդամ Հարություն Բոգարյանը հույս ունի, որ մինչև եկող տարի խումբը կունենա 100 անդամ, ովքեր մոտոցիկլետներով կուղևորվեն Երևան:
Ալբերտ Աղաջանյանը ներկայացրեց ծրագիրը ու նշեց, որ այն համաձայնեցված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետ:
Ծրագրիը գաղտնի է, նրանք գերասդասեցին չմանրամասնել անելիքները, ամեն ինչ ժամանակին: Մինչ այդ, հայկական ջոկատի անդամները զբաղվում են բարեգործությամբ, այցելու են ազատամարտիկներին ու փորձում են հնարավորինս աջակցություն ցուցաբերել վերջիններին:




