
Եվրամիության անդամ երկրներում հունիսի 6-ից մեկնարկած Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կավարտվեն հունիսի 9-ի երեկոյան և կեսգիշերն անց արդեն հայտնի կլինեն ընտրությունների նախնական արդյունքները։ Եվրամիության օրենսդիր մարմնի 720 պատգամավորներին ընտրում են Դաշինքի անդամ 27 երկրների քաղաքացիները՝ շուրջ 370 միլիոն մարդ։
Թեև այս ընտրությունները համարվում են եվրոպական, իրականում ընտրարշավում միմյանց դեմ պայքարում են ազգային քաղաքական կուսակցությունները։ Եվրոպական խորհրդարանում ներկայացվածության համար պայքարում են նաև երկու հայուհիներ, որոնք Եվրախորհրդարանում մանդատ ստանալու դեպքում կբարձրաձայնեն մասնավորապես Բելգիայի հայկական համայնքին հուզող հարցերը, նաև ՀՀ անվտանգությանն առնչվող խնդիրներ։
Ռադիոլուրը զրուցել է 2010 թվականին Հայաստանից Բելգիա տեղափոխված Արմինե Հարեյանի հետ։ Նա Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության կողմից է առաջադրվել Եվրոպական խորհրդարանի պատգամավորության թեկնածու։ Թե՛ Արմինե Հարեյանը, և թե՛ Լիանա Դավթյանն ընտրվելու դեպքում արդեն Եվրոպական խորհրդարանում կներկայացնեն «Նորացրու Եվրոպան» կենտրոնամետ-ազատական քաղաքական խումբը։ Եվրոպատգամավորության հայ թեկնածու Արմինե Հարեյանը նշում է, որ ընտրություններում հայերի մասնակցությունը մեծ հնարավորություն է Բելգիայի հայկական համայնքի համար անմիջական ազդեցություն ունենալ քաղաքական օրակարգի սահմանման վրա։ Հենց այս հանգամանքն է նաև նպաստել բելգիական «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության առաջարկն ընդունելու և Եվրախորհրդարանում պատգամավորի մանդատի համար նախընտրական արշավի մասնակիցը դառնալու հարցում։
Ընդհանուր թվով 5 հայ է մասնակցում Բելգիայում հունիսի 9-ին կայանալիք երեք տարբեր մակարդակներում՝ շրջանային, դաշնային և եվրոպական, սպասվող ընտրություններին։ Հավելենք նաև, որ Բելգիայում 100 տարի չի եղել ընտրված հայ պատվիրակ, որը բելգիական խորհրդարանում կներկայացներ հայ համայնքի շահերը։




