
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ուրիշ դարդ ու ցավ չունի ժողովուրդը, ի՞նչ կարիք կար քրքրել մարդու հիշատակը, մանավանդ, եթե նրա անունով արդեն հինգ հուշարձան կա Հայաստանում՝ փողոցներ, դպրոցներ, տուն-թանգարան: Ի՞նչ կարիք կա դնել Միկոյանի 6-րդ հուշարձանը, այն էլ՝ Երևանում»,- խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանի շուրջ ստեղծված կրքերին այսօր արձագանքել է նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։
«Նա պետական- քաղաքական մեծ գուրծիչ էր խորհրդային շրջանի ու խորհրդային պետության համար, իսկ հայ ժողովրդի հետ կապ ունի այնքանով, որ ծագումով հայ է: Գուցե ավելի տրամաբանական է, որ Անաստաս Միկոյանի արձանը դրվի Մոսկվայում, այլ ոչ թե Երևանում, որովհետև նա ավելի շատ ծառայել է Ռուսաստանին», հրապարակախոս, գրող Մերուժան Տեր- Գուլանյանը համոզված է՝ հայ ժողովուրդը միշտ ավելի մեծ հարգանք է ցուցաբերել Անաստաս Միկոյանի հանդեպ, քան նա արժանի էր:
Ըստ մտավորականի՝ իհարկե մտահոգիչ է, որ Հայաստանի անկախության երկրորդ տասնամյամում մայրաքաղաքի ընտրանին կողմ է քվեարկում խորհրդային գործչին պատվանդան բարձրացնելու որոշմանը: Գործիչ, որի անվան հետ են նաև կապված հարյուր հազարավոր անմեղ մարդկանց սպանությունները: Մերուժան Տեր-Գուլանյանը պատկանում է այն մարդկանց թվին , որոնք նման արձանների մեջ վտանգ են տեսնում, խորհրդային բարքերի, հոգեբանության վերադարձի վտանգ։
«Հայ մտավորականությունն այսօր պիտի վախենա և զգուշանա սովետիզացումից»,- ասում է Տեր- Գուլանյանը: Նա այսօր անդրադարձավ նաև Աստանայի հայտնի միջադեպին: «Եթե Նազարբաևի ներկայացրած նամակից հետո Հայաստանի նախագահը լռել է, ուրեմն մտածել է հաջորդ քայլի մասին, նրան շփոթեցնելը դժվար է»,- ասում է մտավորականը, ում ձևակերպմամբ նախագահին քննադատելն այսօր ավելի հեշտ է, քան՝ պաշտպանելը։ «Պաշտպանելու կարիք չկա, բայց պետք թիկունք լինել նրան»,- ասում է։




