ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2024-ին Երևանում 5 նոր մանկապարտեզ կկառուցվի, կսկսվի 2 նոր մարզադպրոցի շինարարությունը

80 օրում Երևան կհասցվի 171 նոր ավտոբուս։ Կայացել է նաև 15 նոր տրոյլեբուսների գնման մրցույթը։ Քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստին զեկուցվում է՝ պատրաստ են մետրոյի երկու նոր կայարանների կառուցման նախագծերը, դրանցից մեկն արդեն փորձաքննություն է անցնում։ 2024-ը Երևանի քաղաքապետարանի համար շինարարական նորություններով է սկսվել․ այս տարի կկառուցվի երկու նոր մարզադպրոց, կհիմնանորոգվեն ու կկառուցվեն մի քանի մանկապարտեզներ ու բուժհաստատություններ։

Ընթացիկ տարում ևս 2500 երեխա հնարավորություն կունենա դուրս գալ մանկապարտեզների հերթից ու հաճախել նախակրթարան։ Քաղաքապետարանի կողմից իրականացվող մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո այս տարվա ավարտին այդ հաստատություններում ևս 45 նոր խումբ կգործի։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նախորդ 4 տարիներին արդեն իսկ հիմնանորոգված մանկապարտեզներում 4 տասնյակից ավելի նոր խումբ է բացվել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է՝ վերջնանպատակը առհասարակ հերթերից խուսափելն է։

«Մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մեր նախակրթարանների մանկապարտեզների ենթակառուցվածքը ամբողջությամբ արդիականացնենք մինչև 2026թ և հնարավորություն տանք բոլոր հերթագրված ծնողներին իրենց երեխաներին մանկապարտեզ տանել՝ այս ծրագիրը փուլ առ փուլ խմբերի թիվն ավելացնելով մենք ավարտին ենք հասցնելու»։

Ընթացիկ տարում կմեկրակեն նաև երկու մարզադպրոցի կառուցման աշխատանքներ։ Ինչպես արդեն հայտնի է Հրազդան մարզադաշտի հարևանությամբ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում նախատեսվում է կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը։ Քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մանրամասնում է՝ նոր մարզադպրոցի համար հատկացվել է շուրջ 1.5 հեկտար տարածք։ Նոր մարզադպրոցը ժամանակակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու դահլիճ, սպորտային ու գեղարվեստական մարմնամարզության համար դահլիճ ու ժամանակակից գույք կունենա։ Նախագիծն արդեն պատրաստ է, և շուտով շինարարության համար մրցույթ կհայտարարվի՝ ասում է Փամբուխչյանը։

«Շինարարական աշխատանքները հավանաբար կսկսվեն 2024թ երկրորդ եռամսյակում, շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026թ, քանի որ մարմնամարզության 2027թ Եվրոպայի առաջնությոնից առաջ նորակառույց մարզադպրոցում նախատեսվում է անցկացնել փորձնական մրցումներ»,– ընդգծում է քաղաքապետի տեղակալը։

Շենգավիթ վարչական շրջանում էլ կկառուցվի բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոց,  այն կլինի բազմաֆունկցիոնալ, որտեղ կանցկացվեն ոչ միայն մենապայքարային, այլև տարբեր բնույթի մրցաշարեր։ Քաղաքապետը  շինարարական ընկերոթյունների ուշադրությունն է հրավիրում այդ նախագծին․

«Շատ կարևոր նախագիծ է Երևան քաղաքի համար, աշխարհի առաջնությունն ենք պլանավորում այնտեղ անցկացնել, և մենք ունենք ընդամենը 2 տարի ժամանակ շինարարությունն ավարտելու համար, հետևապես խնդրում ենք ու հորդորում ենք՝ մասնակցել այս մրցույթին»,– ասում է Ավինյանը։

Ընթացքի մեջ է գտնվում նաև մայրաքաղաքում մետրոյի երկու նոր կայարան կառուցելու ծրագիրը․ «Զորավար Անդրանիկ»  և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ վերգետնյա կայարանի նախագիծն արդեն պատրաստ է, իսկ «Աջափնյակ» կայարանի նախագիծը փորձաքննության փուլում է։ Նորություններ կան նաև երթուղային տրանսպորտի հետ կապված․ առաջիկայում մայրաքաղաքը 15 նոր տրոլեյբուս ու 171 նոր ավտոբուս կունենա։ Ավտոբուսները Երևան կհասնեն 80 օրվա ընթացքում։

Նորություններ կան  նաև Երևանի կենդանաբանական այգում․ այն արդեն նոր ճեմուղի ու թռչունների մեկ նոր ազատավանդակ ունի՝ մանրամասնում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

«Մայիսի մեկից կգործարկվի նաև անվճար ավտոբուսի երթուղին, այն կգործի շաբաթ կիրակի օրերին, ինչպես նաև տոնական օրերին, ինչպիսինն է մայիսի մեկը։ Չվացուցակը կլինի կենդանաբանական այգու կայքում, բայց նշեմ, որ առաջին ավտոբուսը կշարժվի մետրո «Երիտասարդականի» դիմացի կանգառից ժամը 11-ին»,– եզրափակում է Հայկազյանը։

Կենդանաբանական այգին այցելուների համար դռները կբացի մայիսի 1-ից։

Կարդացեք նաև

Back to top button