ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ուրիշ կատարողական՝ առանց հրաժարականների

Ուղիղ երկու օր է պահանջվել խորհրդարանից և կառավարությունից գործադիրի 2023 թվականի գործունեությունը քննարկելու համար։ Ըստ ընդդիմության՝ կառավարության կատարողականը խորհրդարանական երկրում այլ գործողություններ պետք է ներառեր։ Ընդդիմադիրները պնդում են, որ նախապես հաստատված ծրագիրը և կատարած աշխատանքը խիստ տարբերվում են իրարից։ Այս պնդումները ողջ օրվա ընթացքում ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության միջև սուր բանավեճերի պատճառ դարձան։

Կառավարության 2023–ի գործունեության փոխարեն ընդդիմությունը նախընտրում է խոսել այն մասին, որ կա երկու իրարից տարբերվող փաստաթուղթ․ ԱԺ–ն հաստատել էր կառավարության 2021–ից 2026 թվականների ծրագիրը, բայց 2023–ի համար կառավարության ներկայացրած զեկույցը բոլորովին այլ բովանդակության է։ Փաստաթղթերում առկա այս տարբերությունը, ըստ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի, պետք է հստակ հետևանքներ ունենար․

«Խորհրդարանական երկրում սա ոչ միայն կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում, այլ հարուցում է նրա նկատմամբ սահմանադրական լիազորությունների վերազանցման մեղադրանք»։

Կառավարության կատարողականի քննարկման ժամանակ փոխադարձ մեղադրանքների պակաս չկար։ Առաջին հերթին դրանք առնչվում էին գաղափարական հարցերին, որոնց շուրջ հակադրվեցին «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցվության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքները։

Լիլիթ Գալստյան․ «Պարոն Փաշինյան, «поводок» բառի հայերեն համարժեքն էիք փնտրում։ Դա «թոկ»–ն է, հատկապես ձեր խոսքի համատեքստում։ Եվ դա Հայաստանի և հավաքական մեր ճակատագրի մասին ձեր անձնական խեղված պատկերացումներն են ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ թոկի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական Հայաստանները»։

Արթուր Հովհաննիսյան․ «Ստացվում է, որ սովորեցնելով մեզ սիրել մեր պատմական հայրենիքը, մեզ սովորեցրել են չսիրել մեր իրական հայրենիքը, չկրել պատասխանատվություն իրական Հայաստանի համար։ Որովհետև նպատակը մեկն է եղել՝ իրական Հայաստանը դարձնել մանրադրամ, պարզապես ռեսուրս երրորդ երկրների շահերի սպասարկման համար՝ իրական Հայաստանը զավթած ուժերի միջոցով։ Իրական Հայաստան պաշտպանողները այս կոնտեքստում դառնում են խնդիր, անգամ՝ վերացման ենթակա։ Հոկտեմբերի 27–ը վկա»։

Հատկապես անվտանգային հարցերի շուրջ մեղադրանքներն ամենաշատն էին։ Կողմերը տարբեր փաստեր էին վերհիշում՝ Գեղամ Մանուկյանը վերջին տարիների իրադարձություններից, Վահագն Ալեքսանյանը՝ ավելի վաղ անցյալից․

Գեղամ Մանուկյան․ «Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը՝ ապրիլի 11–ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով Տեղ գյուղի հատվածում իբր սահմանազատման, սահմանագծման ձևով հայկական ԶՈՒ Լաչինի կողմից հետ քաշվեցին, որպեսզի հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը կանգնեն ամեն մեկը, այսպես ասած, իր տարածքում։ Ի՞նչ եղավ։ Ադրբեջանցիները եկան, օկուպացրեցին, զոհվեցին մեր զինծառայողները, մինչև հիմա նորություն չկա այդ հատվածից։ Հիմա Տավուշում սահմանազատում, սահմանագծում ենք անում»։

Վահագն Ալեքսանյան․ «Սիրելի գործընկերներ, ես ձեզ կխնդրեմ այդ դեպքում պարզ խոսել, թե ինչ էիք ասում 2010 թվականի վարչատարածքային բաժանման օրենքի մասին։ Հայտարարեք այն մասին, ո՞րն է Հայաստանի՝ ձեր պատկերացրած տարածքային ամբողջականությունը։ Պարզ, ուղիղ հայտարարեք՝ քանի՞ հազար քառակուսի կիլոմետր է ՀՀ–ն»։

Կառավարության հաշվետվության երկու օրվա ընթացքում, ի դեպ, նոր հստակեցում տեղի ունեցավ Հայաստանի տարածքային վերաբերող արդեն հայտնի թվերում։ Ամիսներ շարունակ շրջանառվող 29 800 քառակուսի կիլոմետրը դարձյալ խմբագրվեց։ Քննարկման առաջին օրն այդ նոր թիվը հնչեցրել էր վարչապետը։ Դրանից հետո այն կրկնեց նաև ԱԺ նախագահը՝ հերքելով այն լուրերը, որ Հայաստանից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։

«Ոչ մեկը չի կարող Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետրից տարածք հանձնի։ Ոչ մեկ դա չի քննարկում»։

Միջազգային հարաբերությունների հարցում նույնպես բանավիճելու թեմաներ ունեին ընդդիմությունն ու իշխանությունը։ Ընդդիմությունը պնդում էր, որ ԱԺ–ի հաստատած ծրագրին հակասում է, օրինակ, ՌԴ հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը կամ ՀԱՊԿ–ի հետ համագործակցության սառեցումը։

Ըստ ընդդիմության՝ ծրագրերում ճիշտ հակառակն էր։ Հայ–ռուսական հարաբերությունների ապագան դեռևս տեսնում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որին իշխանական թևից հակադարձում է Սոնա Ղազարյանը․

Տիգրան Աբրահամյան․ «Անընդունելի եմ համարում ցանկացած գործընթաց, որի տակ դրված քաղաքական հաշվարկ գոյություն չունի։ Հայաստանի կառավարության քաղաքականության ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը տեղափոխել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների դաշտ և ցանկացած քայլ դիտարկվում է «հակա»–ների դաշտում։ Կարևոր չէ, թե այս փուլում դա «հակառուսականությունն» է, թե ինչ–որ այլ փուլում՝ «հակաարևմտյան» ուղղությունը»։

Սոնա Ղազարյան․ «Պարզվում է, այսօր պարոն Աբրահամյանը մեզ որոշել է արտաքին հարաբերությունների «մաստերկլաս» տալ։ Ասում է՝ դե մեր օրոք էլ հայ–ռուսական հարաբերությունները իդեալական չէին, բայց դե աշխատելու ձև կա։ Սիրելի քաղաքացիներ, ասեմ՝ որն է Հանրապետականի աշխատելու ձևը․ 3 տարի բանակցել ԵՄ Ասոցացման պայմանագրի շուրջ, հետո հարցազրույց տալ և ասել, որ ՀՀ միացումը ԵԱՏՄ–ին, այն ժամանակ՝ Մաքսային Միությանը տրամաբանական չէ, բայց մի գիշերում մտափոխվել և միանալ Մաքսային Միությանը»։

Խոստումների և արածի տարբերությունը նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուշադրության կենտրոնում էր, սակայն, այս դեպքում՝ հակառակ ուղղությամբ․

«Ես, իրոք, զարմանում եմ, որ մեր գործընկերները կարծում են, որ ենթադրենք՝ կարելի է 2018–ի ասածը, 2020–ի, 2021–ի ասածը, 22–ի սեպտեմբերի իրադարձություններից հետո ասածը համեմատել իրար և փորձել ինչ որ ձևով դրա շուրջ բան գեներացնել։ Իրականությունը շատ արագ է այսօր զարգանում, և կառավարությունը այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի նախ և առաջ։ Հիմա, եթե այդպես վերցնենք, ընդդիմությո՞ւնը ինչ է խոսք տվել և իր խոստումներից ինչն է կատարել։ Դուք դուրս եկաք փողոց, ասացիք՝ ձեր օրակարգով կվերադառնաք։ Ո՞րն է ձեր օրակարգը, ինչի՞ եք եկել։ Անկեղծ չեմ հասկանում։ Այդքան օրհասակա՞ն է վիճակը, հրաժարակա՞ն է պետք, նո՞ր բան կա ասելու՝ դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենա։ Բա ինչի՞ հրաժարական չեք տալիս, չե՞ք կարողանում իրար մեջ պայմանավորվեք»։

Խորհրդարանական մեծամասնությունը չի ընդունում ընդդիմության պահանջը և հաստատվածից տարբերվող ծրագիր իրականացնելու համար կառավարության հրաժարականը պարտադիր չի համարում։

Կարդացեք նաև

Back to top button