
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը: Նա ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմփինգ անում: Ինչո՞ւ են հնագույն հայկական քաղաքակրթությունը` եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ գոյություն ունեցած մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, համեմատում Եվրամիության հետ, որը ներկայում իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր», — ասել է Զախարովան։
«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, և սրանք պետականության այն հիմքերն են, որոնց արմատները ձգվում են հազարամյակների խորքը: Դրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ ԵՄ-ի վիճակը պարզ տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական ցուցանիշները։ «Ամեն ինչ քանդվում է», —ասել է Զախարովան:
Եվ հիմա, նրա խոսքով, հազարամյա պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը, որին «կարծես ցույց են տվել հայելի՝ ադամանդի, ռուբինի կամ զմրուխտի դիմաց», խնդրում է իրեն ասոցացնել «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»:




