
Նոր Սահմանադրությունից մինչև պատժիչ հաստատությունների խցերում բազկաթոռների առկայություն. արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեծ օրակարգով է գնացել ԱԺ՝ ներկայացնելու 2023 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Թեև վստահեցրել էր, որ համակարգում տպավորիչ արդյունքներ կան, բայց անգամ իշխանական պատգամավորներն են խոսել արդարադատության ոլորտում գրանցված և գրանցվող անցանկալի երևույթների մասին: Կասկածելի և «առեղծվածային» իրադարձությունների ու կադրային նշանակումների մասին ահազանգելու համար պետաիրավական հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական
Սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդն ընդամենը մեկ անգամ է հավաքվել, բայց նոր Սահմանադրություն մշակելու աշխատանքներն առկախված չեն՝ լրագրողներին պարզաբանել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Տևական ժամանակ մշակվող բարեփոխումներն արդյո՞ք կվերածվեն նոր Սահմանադրության, դեռ հստակություն չկա: Մայր օրենքում խնդրահարույց համարվող դրույթները նախարարությունում այս պահին էլ մշակվում են: Նախարարը, սակայն, դեռ մանրամասներ չի ներկայացնում Սահմանադրության նախաբանի և դրանում Անկախության հռչակագրին հղում տալու փոփոխության առնչությամբ:
«Մենք ունենք շատ նախնական հայեցակարգ, որն արդեն ուղարկել ենք կառավարություն, բայց այդ ընթացքում բոլորս ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, և այժմ սպասում ենք վարչապետի հետ հանձնաժողովի և սահմանադրական խորհրդի հանդիպմանը, որից հետո արդեն հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք՝ արդյոք մեր ուղղություններում փոփոխություններ են տեղի ունենում, և կոնկրետ ինչ փոփոխություններ ենք նախատեսում»:

Արդարադատության նախարարին խորհրդարան էին բերել ոչ թե սահմանադրական բարեփոխումները, այլ՝ 2023-ի տարեկան հաշվետվությունը, որը նա ներկայացնում էր պետաիրավական հանձնաժողովում: Թեև նախարարը պնդում է, որ «Հայաստանն արդեն համարվում է «բավարար» կատարողական ունեցող երկիր», բայց այդպես չի մտածում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա հատուկ մասնակցում էր պետաիրավականի նիստին՝ իր հստակ դժգոհությունները նախարարին փոխանցելու համար:
«Կադրային տեղաշարժերը արժե, որ ավելի մանրամասն ուսումնասիրվեն մինչև նշանակումները: Գուցե, արժե մեր մյուս ուժային կառույցների հետ համագործակցությունով իմանանք՝ ով ում բարեկամն է, ով որտեղից եկավ: Ես հիմա խոսում եմ Քննչական խմբի մասին, որի ղեկավարը Հայաստանից «թռավ», երբ հասկացավ, որ 18 թվականին Հայաստանում բան փոխվեց: «Մարտի 1»-ի էջը չի կարելի համարել փակված, և այնտեղ բոլորն իրենց մասով արդարացման ճանապարհ պետք է անցնեն: Էլ չեմ ասում՝ կադրային առաջխաղացման մեջ շատ կարևոր է, որպեսզի մենք այդ բոլոր դրվագները հաշվի առնենք»:
Քոչարյանը ակնարկում է բոլոր այն քննիչներին, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրանց բոլորի աշխատանքը Քոչարյանը հիշում է դեռ այն ժամանակներից, երբ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի ղեկավարն էր:
Քոչարյանը խոսում է նաև քրեակատարողական հիմնարկներում որոշ անձանց արտոնյալ վիճակների մասին՝ սկսած սենյակների կահավորումից մինչև թմրանյութերի հասանելիություն: Մոտ 10 օր առաջ ԱԺ-ում եղել է աշխատանքային փակ քննարկում, և արատավոր բոլոր փաստերը դրվել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանի և նրա տեղակալի առջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ-ում մինչև ամսվա վերջ ևս մեկ նմանատիպ հանդիպում կազմակերպելու մասին: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից:

Պատգամավորի ոչ բոլոր մտահոգություններ է կիսում արդարադատության նախարարը: Հատկապես Ամբակում Գրիգորյանի նշանակման առնչությամբ ասում է՝ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած և կոչումներ ունեցող մեկին, որը ուժային կառույցներում չի աշխատել մինչև 2018թ.-ը։
«Անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Կարող եմ վստահեցնել՝ անկաշառ, սկզբունքային պետական աշխատող է, և արձանագրենք՝ ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով»:
Պետաիրավական հանձնաժողովի անդամները չշրջանցեցին նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առնչվող այն պատմությունը, որը, պատգամավորների ձևակերպմամբ, առեղծվածային էր: 2023-ին ԱԱԾ մեկուսարանից ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխվելու ճանապարհին Տոնոյանն ուղեկցողներին խնդրել էր թույլ տալ կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետն այդ հնարավորությունը Տոնոյանին տվել էր, ինչից հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Արդարադատության նախարարը նաև նոր մանրամասներ փոխանցեց ծառայողական քննությունից.
«Կարող ենք վստահ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել պրոցեսում՝ անկախ հանգամանքից, թե ինչքանով են ներգրավված եղել, այսօր չեն աշխատում համակարգում: Այս պրոցեսում ականատես ենք եղել առնվազն տարօրինակությունների, որոնք որպես մասնագետ, տեսնում էինք, որ ինչ-որ բան այն չէր: Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, տրվեցին կարգապահական տույժեր, նաև եղան հեռացումներ»:
Արդարադատության համակարգում արդեն կատարած աշխատանքի առումով նախարարը ընդգծում է, որ իրականացրած հակակոռուպցիոն բարեփոխումները միջազգային բարձր գնահատական են ստացել: Համակարգում սկսել են ակտիվ կիրառել նաև տնային կալանքը: Դրա շնորհիվ, ըստ նախարարի, մոտ 900 մարդ չի հայտնվել պատժիչ հաստատություններում: Բայց անգամ այս պայմաններում պետությունը շարունակում է ակտիվորեն կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց․ այս պահի տվյալներով՝ շուրջ 1200 մարդ կալանքի տակ է:




