ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արտգործնախարարը՝ խաղաղության բանակցությունների, սահմանազատման ու Տավուշի գյուղերի մասին

Խաղաղության պայմանագրի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շոշափելի արդյունքներ չկան՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի  2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս։ Խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ կա հարց 91-ի սահմանների փոխճանաչման մասով, որի շուրջ Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են փոխադարձ համաձայնությանը։

Խորհրդարանում ավելի քան մեկ ժամ արտգործնախարարի՝ 2023 թվականին վերաբերող զեկույցը լսելուց հետո, ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ի հաստատած ծրագրում և իրական կյանքում տարբերություններն են մատնացույց անում։

«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն, օրինակ, արձանագրում է.

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է այսքան վատ ամեն ինչ։ Մենք մի իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը»։   

Ամեն ինչ սևով ներկայացնելու ընդդիմադիրների գործելաոճն Արարատ Միրզոյանն հասկանալի, բայց անընդունելի է համարում ։ Ըստ նրա՝ արվում են գնահատական-պնդումներ, որից բխեցվում են հարցեր, սակայն պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ շեշտում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հետևաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»։

Որևէ մեկը չի ասել, թե ամեն ինչ լավ է։ Ընդհանրապես ամեն ինչ լավ չէ՝ շարունակում է Միրզոյանը՝ շեշտելով ՀՀ-ն գոյաբանական խնդիրների առջև է, իսկ նման պայմաններում ոչինչ չի կարող վարդագույն լինել։

«Ես փորձում էի ներկայացնել աշխատանքը, որն արվել է այս մարտահրավերները հաղթահարելու, հնարավորության դեպքում՝ կանխելու ուղղությամբ»։  

Թե ինչ է արվել, մինչ այդ մանրամասնել է Միրզոյանը։ 2023 թվականի հենց առաջին օրից արդեն ունեինք շատ կոնկրետ իրավիճակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում՝ նշեց ԱԳ նախարարը, ասաց, որ հենց առաջին օրվանից ջանքերն ուղղվել են խնդրի մասին բարձրաձայնելու, միջազգային ներգրավվածություն ապահովելու համար, որի նպատակը պետք է լիներ ապօրինի արգելափակման վերացումը:

«Այդ ուղղությամբ, իհարկե, մեծ աշխատանք է կատարվել ինչպես երկկողմ՝ երկրների հետ շփումներում հնարավոր ազդեցություն ունենալու ակնկալիքով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՄԱԿ-ի հետ՝ սկսած գլխավոր քարտուղարից»։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն անդրադառնալով՝  Միրզոյանն ասաց, որ միջազգային հանրությունն էական մասնակցություն է ունեցել՝ առաջին օգնության ֆինանսական աջակցության տեսքով.

«Այս պահի դրությամբ, այն ժամանակ խոստացված ամբողջ գումարը չի հավաքվել, բայց այդ ուղղությամբ կատարված ջանքերին ու աշխատանքներին ավելի շատ փոխվարչապետի գրասենյակն է տիրապետում»։

Հումանիտար հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջեւ համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, եւ 2 ադրբեջանցի ռազմագերի:

«Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի համատեքստում տարվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն է թվարկում Հայաստանի արտգործնախարարը, ապա՝ ամփոփում-արձանագրում։ 

«Անշուշտ պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ  շարունակում ենք բանակցել»։

Խոսքը Հայաստանի համար սկզբունքային կետերի մասին է՝ հավելում է Միրզոյանը։ Նա հատկանշական  է համարում այն հանգամանքը, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից՝ սկսած Գրանադայից, դադարել են նաեւ ԱԳ նախարարների հանդիպումները: Այդուհանդերձ, 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա Բեռլինում։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանն ակնհայտորեն ցանկանում է մաս լինել միջազգային տարանցման՝ ըմբռնմամբ, որ իր ինքնիշխանությունը իր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել։

Այն առանցքային ուղղություններից մեկն է եղել տարվա ընթացքում, եթե չասեմ՝ ամենաառանցքայինը, ասաց Միրզոյանը, վստահեցրեց՝ Հայաստանի կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակն էլ շարունակել է մնալ նույնը։ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշատակեց սկզբունքները, որով Հայաստանն առաջնորդվում է խաղաղության շուրջ բանակցելիս։ Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի համար չափազանց էական է, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ երկրների ինքնիշխանություն, ազգային իրավազորություն:

«Եվ իհարկե, ենթադրվում է, և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»։

Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ ասում է Միրզոյանը:

«Մենք ակնհայտորեն ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման՝ իհարկե ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն: Հեշտացումները, որ պատրաստ ենք անելու, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադրվեն մյուս հարևան երկրների կողմից ևս»։    

Հայաստանի առաջարկած Խաղաղության խաչմերուկ ծրագիրն է հիշեցնում արտգործնախարարը։ Համոզված է՝ բոլոր կողմերին է այն ձեռնտու և եթե իրականացվի, կդառնա խաղաղությանը նպաստող էական գործոն։  

Կարդացեք նաև

Back to top button