ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Կիպրոսն ամբողջությամբ սատարում է հայ գործընկերներին․ Կոնստանտինոս Կոմբոս

Կիպրոսը 2024 թվականին պատրաստվում է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում։ Երկու երկրների արտգործանախարաները հույս ունեն, որ այն կնպաստի բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Կիպրոսն ամբողջությամբ սատարում է հայ գործընկերներին և կշարունակի հավատարիմ ընկեր լինել Հայաստանի համար՝ Երևանում հայտարարել է Կիպրոսի արտգործնախարարը։

Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով։ Նրան այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Կիպրոսի ու Հայաստանի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիս են տվել:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսին վստահեցրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ որպես առանցքային սկզբունք մատնանշելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թ Ալմա-Աթիի հռչակագրի վրա։

«Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզղբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կունենա։ Եվ հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել, իհարկե գիտակցելով, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է մնան՝ Հայաստանինը Հայաստանի իրավազորության ներքո, Ադրբեջանինը՝ Ադրբեջանի»։

Ագրեսիան, տեղահանումը անհանդուրժելի գործիքներ են միջազգային համայնքներում՝ ասում է Կիպրոսի արտգործնախարարը և վստահեցնում՝ իր երկիրը սատարում է Հայաստանի դիրքորոշումը։

«Հարկադրանքը և ուժի կիրառումը չի կարող լինել երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք։ Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն լիովին, համաձայն միջազգային իրավունքին և ՄԱԿ կանոնադրությանը։ Մենք պարտավոր ենք, որպես միջազգային համայնք դեմ կանգնել ագրեսիային, ռևիզիոնիզմին և աջակցելու Հայաստանին թե քաղաքական թե նյութական տեսանկյունից։ Այս համատեքստում մենք ողջունում ենք նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը։ Վստահ եղեք՝ մենք ամբողջությամբ սատարում ենք մեր հայ գործընկերներին այս հարցում։ Վստահ եղեք, որ Կիպրոսի Հանրապետությունը մնում է և կշարունակի հավատարիմ ընկեր մնալ, վստահելի գործընկեր մնալ ամուր աջակցության հենարան հանդիսանալ։ Մենք ձեզ համար գործընկեր ենք»։

Կիպրոսի արտաքին գործերի նախարարը համարում է, որ Հայաստանի ու Կիպրոսի ժողովուրդներն առերեսվում ու դիմակայում են գոյաբանական սպառնալիքների, ունեն միևնույն պատմությունը։

«Այս տարվա հուլիսին կլինի Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50 տարին և մենք հենց զոհն ենք դարձել այս վարքագծի և մենք այլ բան չենք կարող անեք, քան խիստ բարձրաձայն մեր կամեցողությունը ջատագովել այն սկզբունքներին, որը միջազգային համայնքը դավանել և ընդունել է»։

Հայաստանի արտգործնախարարին ուղղված գլխավոր հարցը նախօրեին հնչած հայտարարության հետքերով էր։ Արարատ Միրզոյանի պարզաբանմամբ՝ ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին։ Հայաստանի արտգործնախարարի դիտարկմամբ՝ Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայություն իրականացնել։

«Ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է եղել այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով։  Եվ հիմա կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին»։

Խոսքը լիազորությունների ամբողջական կատարման մասին է և ոչ մասնակի՝ հստակեցրեց նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button