ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Գնումների ոլորտը նոր օրենք կունենա․ պետական մարմիններից առաջարկների են սպասում

Գնումներին մասնակից ընկերությունների` մրցույթում հաղթելու կարևորագույն նախապայմանը ցածր գին առաջարկելն է։ Բայց շատ հաճախ ցածր գնի առաջարկն իր հետ ոչ թե խնդիրների լուծում է բերում, այլ՝ խնդիրներ։ Հայաստանում ոլորտի բարելավման նոր նախագիծ է մշակվում։ Վիճակագրությունը փաստում է՝ նվազել են «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները։

«Գնումների մասին» օրենքը կփոխվի։ Նոր օրենքի մշակման գործընթացը սկսված է։ Ֆինանսների նախարարն ընդգծում է՝ ոչ թե փոփոխություններ են նախատեսում, այլ բոլորովին նոր օրենք են պատրաստում․

«Կարծում ենք, որ այն իրականությունը, որում գտնվում ենք և այն իրականությունը, որում գրվել է օրենքը, տարբեր են․ շատ բան է փոխվել գնումների ծավալների իմաստով։ Կարծում ենք, որ այստեղ ֆունդամենտալ քայլեր անելու կարիք կա»։

Հայաստանում գնումների մասին օրենքը վերջին անգամ փոխվել է 2016 թվականին։ Գնումները կարգավորելու խնդիր կա գրեթե բոլոր ոլորտներում։ Կառավարությունում նկատել են՝ լուրջ կազմակերպությունները, որոնք կարող էին ու կարելի էր, որ աշխատեին գործադիրի հետ, խուսափում են։ Պատճառաբանությունը գնումների ոլորտում ընթացակարագերն են։ Վարչապետն ընդգծում է․

 «Գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին և ժամանակակից բիզնես հարաբերություններին։ Երկրորդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում, համակարգը լրացուցիչ լարում ենք։ Մարդիկ ասում են՝ գանք, ձեր գնումենրին մասնակցենք, ՊՎԾ–ն գալու է,ԱԱԾ–ն գալու է, ՀՔԾ–ն գալու է, մամուլը գրելու է, գործ չունենք։ Թողեք, մենք մեզ համար աշխատենք։ Ինչը մեզ համար պրոբլեմ է, քանի որ մենք էլ ենք տեսնում, որ այն ընկերությունները, որոնք թվում է, որ լավագույն տարբերակն ունեն լավագույն ծառայություններ մատուցելու, հենց այն գլխից ասում են՝ եկեք մենք կառավարության հետ գործ չունենանք»։

Ռազմավարական ոլորտներում ֆինանսավորումը մեծ է, բյուջեից դուրս եկող գումարների ծախսելու հետ կապված ահազանգեր են ստացվում։ Դրանց մի մասն իրական է, մյուսը՝ ոչ։ Խնդիրները բոլոր ոլորտներում են։

«Պետական պաշտոնյաների գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման պրոցեսը մի մեծ պատմություն է:Իրավիճակ է լինում, որ մենք տեսնում ենք, որ ավելի էժան ու ավելի լավ տոմս կա, և կարող է մի քանի հարյուր հազար դրամ ծախսենք այդ տոմսը ձեռք բերենք մենակ այն պատճառով, որ ընթացակարգերով գնում ենք: Մինչև մենք ընթացակարգերով գնում ենք, այդ տոմսն արդեն կրկնակի թանկանում է»:

Բայց անգամ գնումների մասին ամենալավ օրենքն ունենալիս էլ այդ օրենքի վրա անընդհատ աշխատող մեխանիզմ պետք է լինի: Բացատրություն կա՝  ամեն օր շուկայում կոնյուկտուրա է փոխվում, ուստի պետք է  արձագանքել այդ փոփոխություններին։ Ֆինանսների նախարարը տեղեկացնում է․

«Այս ամիս հայտարարելու ենք էլեկտրոնային նոր պլատֆորմի  գնման մրցույթ, որը նաև մեծապես նպաստելու է, մրցույթներին մասնակցողների ու պետական հիմնակրների գործընթացները դարձնելու է ավելի թափանցիկ»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծում է՝ կարևոր է գնման կառավարմանը հետևելը։ Գնումներին մասնակից ընկերությւոնների՝ մրցույթում հաղթելու կարևորագույն նախապայմանը ցածր գին առաջարկելն է։ Բայց շատ հաճախ ցածր գինն իր հետ ոչ թե խնդիրների լուծում է բերում, այլ՝ խնդիրներ։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը գնումներին մասնակից ընկերությունների հետ կապված մեկ այլ խնդիր էլ է մատնանշում․

 «Ընկերություններին լիցենզիա տալու և սև ցուցակ ուղարկելու գործընթաց ն է։ Հենց հիմա ունենք մի ընկերություն, որ սև ցուցակում է, դատական գործընթաց կա, մեկ այլ անունով մեզ մոտ մրցույթի է մասնակցում։ Ինքն է, բայց բաջանաղի կամ այլ անունով է գրել ընկերությանը, բայց գիտենք, որ ինքն է։ Մեր մրցույթին այլ լիցենզիայով ու այլ անունով է մասնակցում»։

Ըստ ֆինանսների նախարարի՝նվազել են  մեկ անձից հրատապ ընթացակարգով կատարվող գնումները։ Որոշակի բարելավումներ կան։ Չկայացած ընթացակարգերի տոկոսը քչացել է: Եթե 2022 թվականին դրանք 10.8 տոկոս էին, 2023-ին 9.8 են: Մրցակցային ընթացակարգերն են բարելավվել: Եթե 2022-ին միջին մասնակցությունը 2.2 տոկոս էր, ապա 2023-ին 2.4 է: Արձանագրվել է նաև մեկ անձից գնումների նվազում: Մեկ անձից հրատապ գնումների քանակը 17 հազարից իջել է 11 հազարի: Մրցակցային գնումները 145 հազարից դարձել են 161 հազար:

Կարդացեք նաև

Back to top button