ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ դիտորդների կարգավիճակի ամրագրումը տեխնիկական հարց է, ներկայությունը՝ քաղաքական նպատակ

ԵՄ դիտորդներին կարգավիճակ տալու համաձայնագրին հավանություն տալով, Հայաստանի կառավարությունը տեխնիկական ընթացակարգ է իրականացնում։ Փորձագետները ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մեկ տարվա ընթացքում չեն տեսել առաքելության տեղեկայման հիմքում դրված նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Նրանցից ոմանք կարծում են, որ դիտորդների քանակի ավելացումը էական նշանակություն չի ունենա նրանց գործունեության արդյունավետության համար։

Վերջերս կառավարությունը հավանություն տվեց նախորդ տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման նախագծին։ Այս քայլից հետո, ըստ ընթացակարգի, գործադիրը կդիմի ՍԴ՝ միջազգային պայմանագրում նշված պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով և, եթե որոշվի, որ ԵՄ դիտորդների պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ապա օրինագիծը կուղարկվի ԱԺ՝ հաստատման։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ հստակեցնում է, որ ԵՄ–ը տասնյակ դիտորդական առաքելություններ ունի աշխարհի տարբեր երկրներում՝ դրանք քաղաքացիական են, ինչպես Հայաստանի դեպքում է, կամ ռազմական, և բոլոր երկրներում էլ ստորագրվում է նման համաձայնագիր, որը իրավական դաշտում ֆիքսում է այդ առաքելության նպատակները, խնդիրները և առաքելության գործունեությունից բխող իրավական հարցերի կարգավորումները։ Դա տեխնիկական գործընթաց է։

«Դա մանդատի հետ որևէ կապ չունի։ Գիտենք, որ մանդատը հաստատվցել է դեռ 2022 թ վերջին, երկու տարի ժամկետով, 138 աշխատակիցներով։ Հետո ռազմական ուժով ԼՂ ոչնչացումից հետո որոշում ընդունվեց թիվը մեծացնել մինչև 209, բայց մանդատը մնում է նույնը, այսինքն, նրանք դեռ շարունակելու են դիտորդական առաքելություն իրականացնել  Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Նախիջևան սահմանին և այս պայմանագիրը, որը կառավարությունը համաձայնել է վավերացնել, սա չի նշանակում փոփոխություն դիտորդական առաքելության մանդատում, չի նշանակում մարդկանց ավելացում»։

ԵՄ առաքելության մանդատի շուրջ համաձայնագրի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան՝ ԱԳՆ-ի կողմից։

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Ուղիղ մեկ տարի առաջ էր, որ ԵՄ հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը, որի նպատակն էր՝ նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, վստահության ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ այս տարի առաքելության անձնակազմի ավելացումը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման նպատակ ունի։ Քաղաքագետ Արա Պողոսյանը, սակայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում ԵՄ դիտորդների տեղակայման նպատակների մասին այլ կարծիք ունի, քան այն, ինչ ներկայացվում է․

«Մենք չենք տեսել կոնֆլիկտ, կամ կոնֆլիկտածին իրավիճակ, որը հանգուցալուծվել է դիտորդների առկայությամբ պայամանավորված, սակայն իմ խորին համոզմամբ, սա ոչ թե ուղղված էր հենց այդ հանրահռչակված նպատակներին, այլ սա Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի քաղաքական հակակշիռն է, և սրան տալով միջազգային կարգավիճակ, համաձայնագրի տեսքով վավերացնելով փորձ է արվում որպես հակակշիռ ստեղծել ռուսական ռազմաբազայի»։

Ժամանակին երբ ԵՄ դիտորդները տեղակայվում էին հայ-ադրբեջանական սահմանին, նշվում էր, որ դրանք ԵՄ աչքերն ու ականջներն են, որոնք ֆիքսելու են իրավիճակը և արձանագրության տեքսով ներկայացվելու են Բրյուսել, որպեսզի դրանք հետագայում օգնեն բանաձևեր, զեկույցներ կազմելու համար օբեկտիվ տեղեկատվություն ներկայացնել։ Այս առումով Արա Պողոսյանը որոշ հստակեցում է անում․

«Ֆրանսիայի վերաբերմունքի համար պետք էր ինչ-որ դիտորդական առաքելություն, որը կտար տեղեկատվություն, որ Ֆրանսիան դիրքորոշում արտահայտե՞ր։ Կարծում եմ՝ ոչ։ Այստեղ կան քաղաքական շահեր, և դրանց շրջանակներում է, որ տեղի են ունենում գործընթացներ, արվում են հայտարարություններ․․․Իրական զեկույց կազմելու համար նույնիսկ պետք չէ տարածաշրջանում ունենալ այսպես կոչված աչքեր։

Այժմ թե՛ տեխնիկական միջոցները, թե՛ ժամանակակից հետախուզական միջոցները տալիս են լայն հնարավորություններ առանց տեղում մարդկային աչք ունենալով ֆիքսելու, գրանցելու և կոնկրետ վերլուծություներ կատարելու համար»։

Անզեն աչքով նկատելի է, ըստ փորձագետի, որ հանրահռչակված նպատակները ձևական են, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում ԵՄ դիտորդական առաքելությունը և թույլ չի տալիս նրանց մուտք գործել իր տարածք, դիտորդները միայն Հայաստանում են։ Արա Պողոսյանը կարծում է, որ որքան էլ փորձ արվի ուռճացնել ԵՄ դիտորդների լիազորությունները,  հիմքում քաղաքական նպատակներ են, և սխալ է մտածել, որ նրանց քանակի ավելացումը լրացուցիչ ապահովություն կստեղծի սահմանին։

Կարդացեք նաև

Back to top button