ԿարևորՀասարակություն

Երկու դեպքում էլ բժիշկները ճիշտ ու գրագետ են գործել․ շտապօգնության տնօրենը՝ բռնության դեպքերի մասին

2024թ-ի 16-րդ օրը սկսվեց ահազանգով․ գիշերը բռնության են ենթարկվել կանչի մեկնած շտապօգնության բժիշկները։ Պարեկները դեպքի վայրից սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել են բուժառուի երկու որդիներին։ Այսօրվա դեպքը վերջին օրերին արդեն 2–րդն է․ օրերս էլ բժիշկները բռնության էին ենթարկվել, քանի որ հրաժարվել էին ներարկել հիվանդի պահանջած դեղամիջոցը։ «Երևանի շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը վստահ է՝ երկու դեպքում էլ բժիշկները գրագետ են գործել։ Ծառայությունում ակնկալում են, որ այս միջադեպերը իրավական պատշաճ արձագանք կստանան ու այդպիսով կկանխվի հետագա բռնությունը։

Վերջին մի քանի օրում շտապօգնության՝ բռնության ենթարկված երկու բժիշկն էլ մասնագիտական պարտականությունները ճիշտ ու գրագետ են կատարել՝ վստահ է «Երևանի շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, պատմում է՝ անձամբ է հանդիպել զրուցել կանչերի մեկնած անձնակազմերի հետ։   

«Բժիշկն ասաց, որ այդ հասցե էլի է կանչի գնացել, ճանաչել է, նման վերաբերմունք չէր սպասում։ Բայց, ըստ բժիշկների, բուժքրոջ խոսքերի, եղել են հրմշտոց, հայհոյախառն արտահայտություններ, սպառնալիքներ»։

Հունվարի 16-ի առավոտյան քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ահազանգել էր, որ շտապօգնության բժիշկների նկատմամբ հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել։ Օգնության կարիք ունեցեղ քաղաքացու որդիները բժիշկների առջև փակել էին սենյակի դուռը, դանակով սպառնացել, թե ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը: Շտապօգնության տնօրենը պատմում է՝ ծառայության վարորդն է մի կերպ դուրս եկել տնից ու զանգահարել ոստիկանություն։

«Զարկերակային ճնշմամբ բուժառուն կանչ է տվել առաջին անգամ ժամը 12-ին, կանչը սպասարկվել է, ճնշումը իջեցրել են, երկրորդ անգամ արդեն ժամը 3-ին է կանչ եղել նույն հասցեից։ Բժշկի, բուժքրոջ ու վարորդի խոսքով՝ հենց շենքի մոտից հայհոյանքներ են լսել, հետո մտցրել են սենյակ, դանակով  սպառնացել, որ ամեն գնով պիտի փրկեք մեր մոր կյանքը, անձնակազմի խոսքերով նաև ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Հետո ասել են, որ վարորդը պետք է իջնի էլեկտրասրտագրության սարքը բերի ու այդ ընթացքում էլ վարորդը զանգահարել է ոստիկանություն»,– պատմում է շտապօգնության տնօրենը։

Դեպքի վայր մեկնած պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին: Միայն դրանից հետո շտապ օգնությունը հիվանդին կարողացել է հիվանդանոց տեղափոխել։

«Այսօր ես ինքս կապ եմ հաստատել բուժհաստատություն, ասացին, որ հիվանդի վիճակը նորմալ է, հետազոտությունների փուլում է, որպես այդպիսին սուր վիճակ չի եղել»։

Սա 2024-ի առաջին 15 օրերի նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է․ առաջինը հունվարի 14-ին էր։ Այս դեպքում բուժառուն շտապ օգնության բժշկից պահանջել էր իր նախընտրած դեղը ներարկել, մերժում ստանալուց հետո նախ հայհոյել, վիրավորել էր շտապօգնության անձնակազմին, հետո ևս 2 հոգու հետ ծեծի ենթարկել բժշկին։ Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ։

«Բուժառուի պահանջած դեղորայքը հոգեմետ դեղորայք է, բժիշկն ասել է, որ այս վիճակում, որ հիմա գտնվում եք, ճիշտ չէ այդ դեղը ներարկել, ցավային այդ շեմը չէ, կարծում եմ, որ այլ դեղորայքով կկարողանանք ցավազրկել։ Իմ անձնական կարծիքն է, որ բժիշկը ճիշտ է վարվել»,– ասում է Գրիգորյանը։

«Երևանի շտապ բուժօգնության»  տնօրեն Ռուբեն Գրիգորյանը համեմատության համար հիշում է՝ նախորդ 2023-ին բռնության նմանատիպ 7 դեպք է եղել։ Դրանց ավելացումը, ըստ նրա, նաև կանչերի շոշափելի ավելացման հետևանք է։ Եթե 2022-ի դեկտեմբերին շտապօգնությունը շուրջ 24 հազար կանչ է ստացել, ապա 2023-ի նույն ժամանակահատվածում կանչերը 26․500-ի են հասել։ Արդեն 2024-ին էլ կանչերը օրական 5-10 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ծառայությունը օրական շուրջ 1500 կանչ է սպասատկում։ Շտապօգնության տնօրենը չի բացառում՝ իհարկե, հնարավոր են դժգոհություններ, բայց նաև վստահեցնում է՝ պատրաստ է ամենախիստ կերպով պատժել բժիշկներին, եթե նրանք սխալ լինեն։

«Կարծես մարդիկ մոռացել են, որ քովիդ ենք ունեցել, պատերազմ ենք ունեցել և «սպիտակ բանակը» ինչ հրաշքներ ունի գործած։ Հիմա էլ հավատացնում եմ ձեզ, ամեն օր մենք շարունակում ենք այդ նույն աշխատանքը։ Մեր բժիշկների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես ասում եմ՝ կանչի մեկնելիս պատկերացրեք, որ հիվանդը ձեր ամենամոտ հարազատն է»։

Շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնության ամենաաղմկոտ ու ողբերգական դեպքը 2011-ին էր։ Կանչի մեկնած բժշկին ծեծի էր ենթարկել բուժառուի որդին։ Բժիշկը մահացել էր հենց հիվանդի տանը։ Դեպքից մեկ տարի անց բժիշկների մի խումբ արյունաբան Գևորգ Թամամյանի գլխավորությամբ Facebook սոցիալական ցանցում ստորագրահավաք նախաձեռնեցին՝ շեշտելով, որ սեփական կյանքը կյանքեր փրկելուն նվիրած մարդիկ ամենաանպաշտպանն են։ Ստորագրահավաքին միացած բժիշկները պահանջում էին ավելի խիստ պատիժ սահմանել աշխատանքի ընթացքում  բուժաշխատողի նկատմամբ բռնություն կիրառողների համար։

Շտապօգնության տնօրենի կարծիքով՝ այսօր նմանատիպ դեպքերի դեմ պայքարել պետք է առաջին հերթին իրավագիտակցության բարձրաձմամբ։

«Մարդիկ կան, ասում են՝ էլեկտրաշոկ է պետք կամ այլ սառը զենք, չէ, դրան, իհարկե, կողմ չեմ, պետք է հասարակությունը դատապարտի, մարդիկ իմանան, որ նմանատիպ դեպքերը խիստ պատժի են ենթարկվում, և դա օրինակ լինի մյուսների համար»։

Բժիշկների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է նաև բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա անընդունելի ու անմարդկային է համարել վարքագիծը, երբ բռնության է ենթարկվում իր կյանքը այլոց կյանքերը փրկելուն նվիրած մասնագետը։

Կարդացեք նաև

Back to top button