
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2023-ին ստացել է 833 դիմում, 712 -ի հիմքով վարչական վարույթներ հարուցել։ Վարչական վարույթներ հարուցվել են նաև կառույցի նախաձեռնությամբ։ Դրանց ընդհանուր թիվը 3500 է, տրվել է մոտ 500 կարգադրագիր, 3000 վարույթ էլ կարճվել է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է, որ 2023-ին տնտեսվարողներն ընդհանուր առմամբ շուրջ 500 միլիոն դրամ տուգանք են վճարել։ Ստուգումների և ահազանգերի մեծ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքներին։
Աշխատանքից անօրինական ազատում, աշխատավարձի ուշացում, վերջնահաշվարկի չվճարում. 2023 թվականին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ամենաշատը քաղաքացիներն այս հարցերով են դիմել։ Առհասարակ տարվա ընթացքում նախատեսված 800 ստուգումների մեծ մասը աշխատանքային օրենսդրության խախտումներին է վերաբերել՝ ասում է տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
«Թեժ գիծ զանգերը 2023 թվականին 5000-ից ավելի են եղել։ Ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին 3000–ը վերաբերել են աշխատանքի օրենսդրության վերահսկողությանը։ Տնտեսվարողների 30 տոկոսը մինչև մեր ներգործությունը խախտումը վերացրել է։ Շատ քիչ են դեպքերը, երբ գործը հասել է դատարան»։
Մեծ ուշադրություն են դարձնում հատկապես անվտանգության նորմերի պահպանությանը շինհրապարակներում և հանքերում։ Փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտներում աշխատանքային իրավունքների խախտման լուրջ խնդիրներ կան։

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ անգամ այս տարի հոլովակ ենք պատրաստել. անվտանգության նորմերի պահպանումը շինհրապարակներում։ Լուրջ խնդիր ունենք նաև հանքերում։ Մարդիկ թունավորումներից են մահանում։ Վտանգավոր աշխատանքներում ներգրավված մասնագետները պետք է պարտադիր ապահովված լինեն անհատական և ընդհանուր պաշտպանիչ միջոցներով»։
Առողջապահության ոլորտում ամենախոցելին դեղերի շրջանառության վերահսկողությունն է՝ ներմուծումից մինչև իրացում։
«2023 թվականին 460-500 մլն դրամի տույժի են ենթարկվել տնտեսվարողները։ Մի բացառիկ դեպք ունենք՝ նախորդ տարվա ստուգման արդյունքում մեկ տնտեսվարող 2024 թ.-ին կվճարի 830 մլն դրամի տույժ»։
Սլավիկ Սարգսյանը հայտնեց, որ տեսչական մարմնի գործունեության տիրույթում է նաև ծխախոտային արտադրատեսակները սահմանափակող նշանների և գովազդի մասով վերահսկողությունը: Ըստ այդմ՝ տեսչական մարմնի իրականացրած վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենառիսկայինը սննդի կետերն են։ Սակայն տեսչական մարմնի վերահսկողությունն առավելագույն արդյունք է ապահովել։ Տեսչական մարմնի ղեկավարի հավաստիացմամբ՝ խախտումները հիմնականում վերացվել են։ Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին տեսչական մարմնում 3500 վարույթ է հարուցվել , տրվել 500 կարգադրագիր և կարճվել 3000 վարույթ։ 200 դիմումատու էլ հրաժարվել է իր դիմումից՝ խնդիրը լուծված համարելով։
«Երբ տեսչական մարմինը ստուգում է իրականացնում, հանձնարարագիր է տալիս և խախտումներ արձանագրում, կարգադրագրի մասով պետք է տեսնենք՝ արդյո՞ք տնտեսվարողը վերացրել է խախտումները, թե՞ ոչ։ Այդ մասով վերստուգման հանձնարարագիր է հրապարակվում և տեսուչները գնում են պարզելու»։
Այս տարի տեսչական մարմինը պատրաստվում է խստացնել վերահսկողությունը։ Իրականացվելու են ավելի մեծ թվով ստուգումներ, իրազեկման ավելի շատ միջոցառումներ։




