ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Առաջին անգամ 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ ունենք. փոխնախարար

Անցում հանրակրթության նոր չափորոշիչներին, մանկավարժների ատեստավորում, աշխատավարձերի բարձրացում։ Հանրակրթության ոլորտում կատարված բարեփոխումներին է այսօր անդրադարձել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա ներկայացրել է ինչպես հանրակրթության նոր չափորոշչով նախատեսվող փոփոխություններին, այնպես էլ ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, աշխատանքային առաջխաղացմանն ու վարձատրության բարելավմանը։ Բարեփոխումներից օգտվել են նաև գյուղական փոքր դպրոցներում դասավանդող և  բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները։

Տավուշի մարզի բոլոր դպրոցներում ուսուցումն արդեն անցկացվում է հանրակրթության պետական նոր չափորոշչով։ Ուստի ուսումնական տարվա ավարտին առաջին անգամ ավարտական, պետական ավարտական քննությունները կիրականացվեն նոր ձևաչափով՝ չափորոշչի պահանջներին համապատասխան, հայտնեց կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Նոր չափորոշիչներ այս ուսումնական տարվանից ներդրվել են նաև ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Ըստ նոր չափորոշչի են վերապատրաստվել նաև բոլոր դպրոցների տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները։

«Չափորոշիչը դեռևս նոր է ներդրվում, և ուսուցիչները դեռ շատ հմուտ չեն։ Բացի դա չափորոշչի ներդրումը սկսել ենք քովիդի ժամանակ, և ստիպված էինք բազմաթիվ գործընթացներ առցանց իրականացնել, ինչն իր անուղղակի ազդեցությունն է ունեցել։ Դա հստակ վկայում է, որ չափորոշչի ներդրման շրջանակում կարողանալուի ենք ապահովել ավելի որակյալ կրթություն»։

Նոր չափորոշչի ներդրումը նաև մանկավարժների համապատասխան հմտություն է ենթադրում։ Հետևաբար իրենց ուժերը չափելու, ըստ այդմ նաև ավելի բարձր վարձատրվելու հնարավորություն ունեն 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ տարրական դասարանների դասվարները։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցել է ավելի քան 4000 ուսուցիչ։

Ըստ կատարված փոփոխության՝ 60-69 տոկոս հաղթահարած 998 ուսուցիչ ևս համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն:։

«60-69 տոկոս հավաքած ուսուցիչները, որոնք նախկինում համարվում էին ատեստավորված, սակայն իրենց աշխատավարձի վրա դա չէր ազդում, այս տարվանից արդեն իրենց մոտ դրույքաչափի բարձրացում է գրանցվել։ Իսկ կամավոր ատեստավորմանը 2 տարի չմասնակցած 200 ուսուցիչներին ևս մեկ հնարավորություն ենք տալիս մասնակցելու ատեստավորմանը»։

Ուսուցիչներին ևս մեկ հնարավորություն տալը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը միայն ողջունում է։

«Նախարարությունը ճիշտ վարվեց, որ որոշ ուսուցիչների տվեց ևս մեկ հնարավորություն։ Ես կառաջարկեի ավելի արմատական քայլի գնալ և ընդհանրապես առաջին 5 տարում չդիտարկել ուսուցչի՝ աշխատանքից ազատելու հարցը»։

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խոստովանում է՝ հատկապես մարզերում կադրերի խնդիր կա։ Բայց, մյուս կողմից էլ, եթե մի ուսուցիչ երեք տարի շարունակ իր դասավանդած առարկայի ատեստավորումը չի կարողանում հաղթահարել, ըստ Արաքսիա Սվաջյանի՝ նա դպրոցում այլևս անելիք չունի։ Ինչ վերաբերում է ուսուցիչների խրախուսման ծրագրերին՝ ոչ միայն ատեստավորման բարձր արդյունք գրանցած ուսուցիչները բարձր աշխատավարձի հնարավորություն ունեն, այլև տարակարգ ստացող ուսուցիչները։ Որակավորման տարակարգը ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշն է։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։ Տարակարգի մեխանիզմի վերանայման արդյունքում 2013 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում առաջին անգամ 18 ուսուցիչ ստացել է 4-րդ աստիճանի տարակարգ։

«Այս տարի 109 մանկավարժներ նոր համակարգով ստացել են տարակարգ և եթե տարիներ շարունակ մենք չէինք ունեցել 4-րդ տարակարգ ունեցող ուսուցիչներ, այս տարի ունենք 4-րդ տարակարգ, ինչը հնարավորություն է տվել իրենց աշխատավարձի 50 տոկոսի ավելացում ապահովել»։

Աշխատավարձի բարձրացման հնարավորություն են ստացել նաև գյուղական փոքր դպրոցներում դասավանդող ուսուցիչները։ Այն ուսուցիչները, որոնց դրույքաչափը մեկի չէր հասնում, նրանց հնարավորություն է տրվել կլորացնել իրենց դրույքաչափը մինչև մեկ դրույք։ Շուրջ 4000 ուսուցիչներ արդեն օգտվում են այս ծրագրից և նրանց աշխատավարձը միջինում 42 հազար դրամով բարձրացել է։

Աշխատավարձի 25 տոկոսի բարձրացում ունեն նաև բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները։ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առհասարակ վերանայվել են դպրոցներում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումները, հիմնական և ավագ դպրոցների դասավանդողների համար սահմանվել է շաբաթական 20, իսկ տարրականում՝ 18 դասաժամ:

Կարդացեք նաև

Back to top button