ԿարևորՀասարակություն

Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև

Տարածաշրջանային կոմունիկացիների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիները բացելու մասին է և ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Խթանելով հավասար մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման ժամանակ։

Նշելով, որ Հայաստանը 30 տարի արգելափակված է եղել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, նա ասել է, որ երկիրը պատրաստակամություն է հայտնում նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով վերականգնել հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-նշել է նա։

Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, ապա դրանք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարավային ուղի, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար․ «Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»։

Երևանում ընթացող միջոցառումը հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում:

Միջոցառմանը մասնակցում են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները:

Միջոցառմանը մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման,  ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը:

Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:

Կարդացեք նաև

Back to top button