ԿարևորՀասարակություն

Արգենտինահայ բժիշկը նախաձեռնել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին

Դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը նախաձեռնել է 600 կմ երկարությամբ 14-օրյա ուլտրամարաթոն՝ ամեն օր վազելով մեկ մարաթոն, միջինը 42.2 կմ՝ միացնելով Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքները, գրում է orer.eu-ն։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի միջոցներ ներգրավել, որոնք կուղղվեն Արցախից տեղահանվածների առողջապահական կարիքներին, ինչպես նաև Շիրակի մարզի խոցելի գյուղական համայնքների բնակիչներին: 

«Բժիշկ Պաբլո Էլմասյանի համար Բուենոս Այրեսը և Մոնտեվիդեոյն կապող այս ուլտրամարաթոնը խորհրդանշական է։ Ուրուգվայում ծնված և Արգենտինայում բնակվող Էլմասյանի 14-օրյա անընդմեջ վազքը արտացոլում է նրա խորը գնահատանքը այս երկու երկրներին՝ Հայաստանին անսասան նվիրվածության համար»,- գրում է կայքը: 

«Տարիներ առաջ ես որոշեցի համատեղել վազելու իմ կիրքը բարեգործական նպատակների հետ: Այս անգամ կվազեմ՝ ի աջակցություն ՖԱՅԴԵՔ Արմենիայի ներկայումս իրականացվող առողջապահական ծրագրերի, նաև ի օգնություն արցախից տեղահանվածների»,- ասել է բժիշկ-վարակաբանը։

Ուլտրամարաթոնը, որը կրում է «Շարժվելով առաջ՝ բարելավելու համայնքային առողջությունը Հայաստանում» խորագիրը, իրականացվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Արգենտինայի Հանրապետության հայկական կենտրոնի, Արգենտինայի հայկական հաստատությունների (IARA) և Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲՄԲ) աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button