ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ է Հայաստան եկել Իրաքի նախագահը․արաբագետը նշում է այդ երկրի տնտեսական լուրջ խնդիրները

Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իրաքի նախագահն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Նախագահական նստավայրում նրան ընդունել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նախագահների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո երկու Վահագն Խաչատուրյանն ու Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը մամուլի համար հայտարարություններ են արել։  Իրաքի նախագահը Երևանում հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Մինչ Երևան գալը Ռաշիդը նաև Բաքվում է եղել։

«Պատմական այց»․ Իրաքի նախագահ Աբդուլ Ալ–Լատիֆ Ջամալ Ռաշիդի Հայաստան այցի հիմնական բնորոշումն է Հայաստանի ու Իրաքի նախագահների կողմից, քանի որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, սա Իրաքի առաջին նախագահի պաշտոնական այցն է Երևան։

Նախագահական նստավայրում ընդունելության արարողությունից հետո Վահագն Խաչատուրյանն ու  Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը հայտարարեցին, որ Իրաքի նախագահի այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև հարաբերությունների խորացման, ընդլայնման հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև՝ տարբեր ոլորտներում համագործակցության համար։

Հայաստանի ու Իրաքի նախագահները քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հրատապ հարցեր։

«Շեշտեցինք տարածաշրջանային անվտանգության մթնոլորտի շուրջ երկխոսության, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների և դրանից բխող մարտահրավերների պայմաններում երկու երկրների ջանքերի համադրման անհրաժեշտությունը։ Իմ հարգարժան գործընկերոջը ներկայացրեցի Հայաստանի կողմից առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է Հայաստանը դարձնել Հյուսիսից Հարավ և Արևմուտքից Արևելք ձգվող առկա և ապագա կապուղիների տարածման կենտրոն, որը ենթադրում է բոլոր հարևանների հետ բնականոն կապերի վերականգնումը։ Հայեցակարգի իրացումը հնարավորություն կտա տարանցում ապահովել նաև մի կողմից Միջին Արևելքի և Ասիայի, մյուս կողմից՝ եվրոպական և եվրասիական շուկաների միջև»։

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով ինքնիշխանությունը, իրավասությունը և իրավահավասարության և փոխադարձության սկզբունքները, և պատրաստ է դա իրականացնել հնարավորինս շուտ։ Դա կապահովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, Իրաքի նախագահին ասել է Վահագն Խաչատուրյանը։

Համատեղ հայտարարությունը բոլոր ուղղություններով համագործակցություն ծավավելու պատրաստակամության մասին է։

Իրաքի նախագահը խոսեց երկկողմ կապերի ամրապնդման մասին․

«Սա Իրաքի նախագահի կողմից կատարվող առաջին այցն է Հայաստան, այդ իսկ պատճառով ես այս այցը համարում եմ պատմական։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար։ Հայաստանի և Իրաքի միջև կան շատ ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական։ Մենք հպարտանում ենք Իրաքի հայկական համայնքով։ Նրանց համակեցությունը Իրաքի ժողովրդի հետ դեռ վաղեմի ժամանակներից է գալիս բազմաթիվ ոլորտներում ինչպիսին են օրինակ՝ բժշկությունը, գիտությունը կրթությունը»։

Իրաքի նախագահը նշեց, որ ծառայությունների ոլորտը բարեփոխելու հարցում միջազգային հանրության և Հայաստանի նման բարեկամ երկրի աջակցության կարիքը ունեն։Նրա կարծիքով՝ եթե Հայաստանի ու Իրաքի միջև օդային հաղորդակցություն հաստատվի, այն կնպաստի փոխադարձ այցերի ավելացմանը։ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը առևտրի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության լայն հնրարավորությունները շեշտեց։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց, որ Իրաքը խորհրդարանական երկիր է, և նախագահի պաշտոնը խորհրդանշական է։ Նա նաև ընդգծեց, որ Իրաքի նախագահի այցը տարածաշրջանային է, և Իրաքի նախագահը նաև Բաքու է այցելել։

Այցը նախառեձնել է իրաքյան կողմը, քանի որ այդ երկիրը, ըստ արաբագետի, տնտեսական բարդ վիճակում է և ուղիներ է որոնում համագործակցության համար։

«Այս պահին կարևոր նշանակություն ունի Իրաքի համար հարաբերությունների զարգացման տնտեսական ոլորտը, քանի որ այս պահին Իրաքը բախվում է տնտեսական լուրջ խնդիրների և այդ համատեքստում մեր տարածաշրջանում կարևոր հարաբերություններ կան Ադրբեջանի հետ ու նաև Հայաստանի։ Կարծում եմ, որ այցը հենց նման հարաբերությունների խորացմանն է հենց միտված»։

Արաբագետը հիմնականում շեշտում է առևտի ու զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների հնարավոր ակտիվացման հնարավորությունը։ Նաև նշում է անվտանգային խնդիրները, որոնց այսօր բախվում է Իրաքը․

«Իրաքը նույնպես բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների։ Իրաքը կարևոր դերակատար է տարածաշրջանում և Իրանի կարևոր գործընկերներից է և չի բացառվում նաև, որ Իրաք-Իրան հարաբերությունների համատեքստում փորձ է արվում գուցե ընդհանուր բանաձևում տեղավորվել և մասնակցել նաև մեր տարածաշրջանում տնտեսական նախագծերին»։

Արմեն Պետրոսյանը շեշտում է, որ ավելի շատ Իրաքը ակնկալիքներ ունի Հայաստանից ու մեր տարածաշրջանից, քան Հայաստանը Իրաքից ։

Կարդացեք նաև

Back to top button