Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լուծարված ընկերություններին աջակցություն չի տրամադրել․ փոխնախարար Դավիթ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել է լրատվամիջոցների այն մեղադրանքներին, որ նախարարության աջակցությունից օգտվել են ՏՏ ոլորտի լուծարված ու գործունեությունը դադարեցրած ընկերություններ։ Կառավարությունը նախորդ տարի դեկտեմբերին որոշել էր աջակցել դրամի արժևորումից տուժած մի շարք ընկերությունների․ այդ նպատակով 10 միլիարդ դրամ էր հատկացվել։ Ամիսներ անց «Հետքը» պարզել էր, որ աջակցություն ստացած ընկերություններից 14–ը աջակցությունը ստանալուց հետո դադարեցրել է գործունեությունը, իսկ 4-ը լուծարման գործընթաց է սկսել։ Նախարարությունը, սակայն, բացատրում է՝ ոլորտի համար գործունեության ժամանակավոր դադարեցումը բնական երևույթ է․ վստահ են` օգնությունը իր նպատակին ծառայել է, առաջիկայում նախատեսում են նաև առանձին վերլուծություն իրականացնել։
- Լուծարման գործընթաց է սկսել օգնություն ստացած ընկերությունների ընդամենը 1.2%–ը․ ինչ է ասում նախարարությունը
Կառավարության աջակցությունը ստանալու պահին ընկերություններից որևէ մեկը լուծարված չի եղել․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այսպես է արձագանքում վերջին օրերին համացանցում աղմուկ հանած հրապարակմանը, որի հեղինակները պնդում էին, որ ՏՏ ոլորտին ուղղված պետական աջակցությունից օգտվել են լուծարված կամ գործունեությունը դադարեցրած ընկերություններ։ Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը շեշտում է՝ մինչև այժմ էլ չկան օգնություն ստացած ու փաստացի լուծարված ընկերություններ․ միայն 4 ընկերություն լուծարման գործընթացի մեջ է։ Ինչ վերաբերում է գործունեությունը ժամանակավորապես կասեցրած ընկերություններին, փոխնախարարի կարծիքով, սա ոլորտային ընկերությունների պարագայում բնական ընթացք է։
«Այս ընկերությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ դեպքերում իրենք մեկ պայմանագրից կախված ընկերություններ են և հաճախ, երբ այդ պայմանագիրը դադարեցվում է և մինչև իրենց նոր հաճախորդ կգտնեն օրինակ, իրենք ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը, որ օրինակ, հարկեր չվճարեն․ և սա բոլորովին լուծարում չէ, սա ժամանակավոր դադարեցում է մինչև նոր գործընկերներ կգտնեն ու կշարունակեն աշխատանքը։ Բացի այդ, այդ աջակցությունը կարող է խթան հանդիսանալ գործունեությունը վերսկսելու համար։ Ընդ որում լուծարման գործընթացում այս պահին 4 ընկերություն է, որը աջակցություն ստացած ընկերությունների ընդհանուր թվի 1.2 տոկոսն է»,– մանրամասնում է ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Մեկ տարի առաջ՝ 2022-ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց աջակցություն տրամադրել այդ շրջանում դրամի կտրուկ արժևորումից տուժած ընկերություններին։ Հայտարարված աջակցությունը ստանալու համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 510 ընկերություն էր դիմել, ներկայացված պահանջներին բավարարել է դրանցից 332-ը։ 2 ընկերություն էլ հրաժարվել էր աջակցությունից, քանի որ գործունեությունը շարունակելու հեռանկար չէր ունեցել՝ մանրամասնում է Սահակյանը։
«Պետք է նշեմ, որ այս ծրագիրը եղել է կրած նախկին կորուստների փոխհատուցման աջակցություն, հետևաբար, որպես այդպիսին չի ենթադրել մոնիթորինգի գործիք։ Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք տարբերակ, որպեսզի իրականացնենք մեր իրականացրած ծրագրի մոնիտորինգ, ինչը նշանակում է, որ պետք է բոլոր 330 ընկերությունների արդյունքով ուսումնասիրենք ծրագրի արդյունքը։ Բայց դրա համար ժամանակ է պետք, քանի որ աջակցությունը փաստացի տրվել է հունիս–հուլիս ամիսներին, պետք է որոշակի ժամանակ անցնի, որ տվյալներ ունենանք նաև իրենց ներկայացրած հաշվետվություններից»։
- Օգնությունը տեղին էր․ ինչ են ասում աջակցությունից օգտված ընկերությունները
Կառավարությունը այս աջակցությունն իրականացնելու համար պետբյուջեից 10 միլիարդ դրամ էր հատկացրել, որից ավելի քան 245.5 միլիոն դրամ ստացել է, օրինակ, տեղական «Կրիսպ» ընկերությունը։ Ընկերության ֆինանսական տնօրեն Վահե Սարդարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ դրամի կտրուկ, անսպասելի արժևորումը լուրջ խնդիրներ էր ստեղծել ՏՏ կազմակերպության համար։ Սարդարյանը շեշտում է՝ օժանդակությունը տեղին էր, հնարավորություն տվեց ընկերությունը կառավարել ռիսկերը։

«Խնդիրը դրամի բավականին մեծ չափով արժևորումն էր, և քանի որ ընկերությունը իր եկամուտները ստանում էր դոլարով, իսկ ծախսերը կատարում էր դրամով, բնականաբար ազդեցությունը մեծ էր․ այլ կերպ ասած դոլարի տատանումների պատճառով ընկերության դրամային ծախսերը շուրջ 20 տոկոսով աճում էին։ Այսպես կարող եմ ասել, մեր բոլոր կորուստները լիարժեք չէր փակում, բայց բավականին լուրջ օժանդակություն էր և օգնեց կազմակերպությանը այդ ծանր պահին ժամանակ ունենալ դոլարային տատանումներից այլ պաշտպանողական մեխանիզմեր մշակել»,– ասում է «Կրիսպի» ներկայացուցիչը։
Հայկական մեկ այլ ՏՏ կազմակերպություն՝ «ՍերվիսԹայթան Արևելք» ՍՊԸ–ը պետությունից շուրջ 389 միլիոն դրամի օժանդակություն է ստացել․ ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նշում է՝ պետությունը պարզապես փորձել է մեղմել ստեղծված իրավիճակը՝ իր մրցակցային դիրքերը համաշխարհային շուկայում ամրապնդելու համար։
«Այս օգնությունը կրած վնասների ընդամենը մի փոքր հատվածն էր փակում, որը որպես դրամական միջոց մեր պարագայում բնավ ահռելի չէ, եթե համեմատենք այն մուտքերի հետ, որ մենք ունեցել ենք Հայաստանի բյուջեին։ Բայց սա որպես ժեստ բնականաբար դրական ազդեցություն ունեցավ»,– ասում է Տոնոյանը։
- Աջակցությունն ատոմային ռումբ է․ ինչ են կարծում ոլորտի մասնագետները
Ցանկացած աջակցություն կամ արտոնություն ոչ թե օգնում այլ վնասում է ոլորտային ընկերություններին՝ պնդում է «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ, ՏՏ ոլորտի գործարար Աշոտ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը հերթական անգամ աջակցություն է տրամադրել, այդպիսով ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով։
«Եթե դուք արտոնություն եք տալիս տվյալ ոլորտի ընկերություններից մի քանիսին, իսկ մյուսներին չեք տալիս, դա նույնն է, որ դուք ոլորտի վրա ատոմային ռումբ գցեք։ Ստացվում է՝ դուք մի խումբ ընկերությունների վճարած հարկերից օժանդակություն եք տալիս մեր մրցակիցներին և նրանք այդ արտոնության միջոցով կարողանում են, օրինակ, 20-30 տոկոս ավելի բարձր աշխատավարձ տալ ու գրավել լավ մասնագետներին»։
Աշոտ Խաչատրյանը հիշում է՝ պետությունը ՏՏ ոլորտին սկսել է աջակցել դեռ 2000-ականների սկզբից․ եթե տարբեր տարիներին ցուցաբերված օգնությունն իրոք նպատակային ու տեղին լիներ, ապա այսօր Հայաստանը պարզապես պետք է պտուղները քաղեր, սակայն Խաչատրյանի կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ։

«Բիզնեսում յուրաքանչյուր բիզնեսմեն ինքն է իր անհաջողությունների տերը․ եթե ես մտնում եմ բիզնեսի մեջ, ես գիտեմ, որ կան ռիսկեր․ եթե մտնում ես բիզնես մեծ շահույթներ ունենալու համար, պետք է պատրաստ լինես նաև կորուստներ ունենալ։ Բիզնեսի համար չկա ճիշտ օգնություն։ Եթե ցանկանում եք բիզնեսը զարգացնել, պետք է հավասար մրցակցային պայմաններ ունենալ։ Իսկ ով ասեց, որ Հայաստանում պետք է ՏՏ ոլորտը զարգանա․ գուցե պետք է գյուղատնտեսությունը կամ թեթև արդյունաբերությունը զարգանա։ Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի տնտեսությունը ինքը իրենով կզարգանա»։
ՏՏ ոլորտին աջակցություններ պետք չեն՝ վստահ է գործարարը։ Մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ հռչակած կառավարության ներկայացուցիչ, ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը հակառակն է պնդում։
Այո այսօրվա դրությամբ ոլորտի աջակցության կարիք ունի, բայց ոչ թե պարզապես զարգանալու, այլ Հայաստանը մրցակցային պետություն դարձնելու համար։ Ի վերջո, մենք իսկապես ունենք այդ կապիտալը աշխարհի քարտեզի վրա որոշակի տեղ գրավելու և որոշակի իմաստներով թելադրող երկիր լինելու համար։ Եվ այս իմաստով մենք, այո, պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք ոլորտին․ խոսքը ոլորտի այլ ոչ թե ոլորտային առանձին ընկերությունների մասին է»,– կարծում է փոխնախարարը։
10 միլիարդ դրամի աջակցության ծրագիրը պետական միակ աջակցությունը չէր ՏՏ ոլորտին․ դրանից առաջ կառավարությունը նաև հարկային արտոնություններ՝ 0 տոկոս շահութահարկ և 10 տոկոս եկամտահարկ վճարելու արտոնություն էր տվել սկսնակ ընկերություններին։ 2015թ մինչ այսօր հարկային արտոնության հավաստագիր է ստացել ավելի քան 4000 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր։ ԲՏԱ փոխնախարարը շեշտում է՝ հնարավոր է առաջիկայում նոր մեխանիզմեր ու մեթոդներ մշակեն ոլորտն առաջ մղելու համար։





