
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության օրը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Արցախի Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը՝ ուշադրություն հրավիրելով մեր հայրենքի այն հատվածի հուշարձաններ վրա, որոնք մինչև վերջին երկու տասնամյակը մոռացության էին մատնված և հիշատակվում էին անցյալ դարերի ուսումնասիրողներից մի քանիսի գործերում միայն: Ստեփանակերտում այսօր բացված ցուցահանդեսում ներկայացվել են Քաշաթաղի շրջանում վերիջին տարիներին կատարված հնագիտական պեղումների արդյունքների մի մասը և շրջանի տարածքում գտնվող հուշարձանների լուսանկարները: Քաշաթաղի բնակիչ Զորայր Ըռքոյանը արդեն երկար տարիներ լուսանկարում է պատմական հուշարձանները և այդպես հանրության առջև բացում հայրենիքի վերագտնված հատված տանող ճանապարհը։
Հնագետ Արտակ Գնունին Քաշաթաղի ճակատագիրը պատմական հետազոտությունների տեսանկյունից դժբախտ է համարում: Ադրբեջանցիները փակ էին դրել ոչ միայն հայ միջնադարյան հուշարձանների վրա՝ ավերելով դրանք, այլև մոռացության գիրկն էին ուղարկել հնագույն ժամանակների վկայությունները: Տարածքի ազատագրումը հնարավորություն տվեց վեր հանել Քաշաթաղ անունով հրաշքը:
Ժայռափոր եկեղեցիներ, կիսավեր ամրոցներ, բնակատեղիներ, բազում խաչքարեր, մատուռներ, կամուրջներ: Շատ հուշարձաններ նույնիսկ տեղորոշված չեն, առաջին անգամ են ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հայտնվում, ասում է պատմաբան Սլավա Սարգսյանը:
Քաշաթաղի շրջանը զարմանահրաշ գանձեր ու հիացմունք պարգևելու բավականին մեծ պահոց ունի, որը դեռ սպասում է իր հետազոտողին, ասում են հնագետներն ու պատմաբանները, ովքեր տարածքի առաջին հետազոտողներից են: Այսօր խնդիրը ոչ միայն Քաշաթաղում, այլև մյուս ազատագրված տարածքներում մեր պատմության իրական վկանների ցուցմունքները հանրային սեփականություն դարձնելն է, այլև այդ վկանների պահպանությունը: Շատ հուշարձաններ ոչ միայն դարերի անողոք հետքերն են կրում, այլև գերության՝ դրանք միտումանվոր կերպով քանդված են կամ պայթեցված, խաչքարերի ու տապանաքարերի մի մասը օգտագործվել է որպես շինանյութ։




