ԿարևորՀասարակություն

Իսկ դասագրքերը դեռ տպվում ու տպվում են․ ե՞րբ աշակերտը կունենա բոլոր գրքերը

2023-24 ուստարին, որ մեկնարկել էր առանց դասագրքերի մի մասի, որոշ դպրոցների համար այդպես էլ շարունակվում է։ Ուսումնական 2-րդ ամսվա 2-րդ կեսին դպրոցները դեռ ստանում են 2-րդ դասարանի դասագրքեր։ Ինչո՞վ է պայմանավորված հապաղումը, և ե՞րբ դպրոցներ կհասնեն բոլոր դասագրքերը։

Հայաստանի մի շարք դպրոցներում հույս ունեն աշնանային արձակուրդներից հետո վերջապես ունենալ այն դասագրքերը, որոնք պետք է ունենային դեռ ամառային արձակուրդից հետո։ 2023-24 ուստարին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտների համար առանց դասագրքերի մեկնարկեց։ Նախարարությունից հայտնեցին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում դասագրքերը դպրոց կհասնեն։ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել՝ արդյո՞ք աշակերտ-գիրք հանդիպումը տեղի ունեցավ։

«Առաջին չափաքանակը ստացել ենք սեպտեմբերի 6-ից։ Մինչև այդ մարզպետարանի կրթության վարչությունից շրջաբերականներով գրաֆիկ է ուղարկվում մեզ, որ ստանալու ենք այս դպրոցից՝ կոնկրետ 4-րդ դպրոցից Գյումրիի և որ ժամին։ Մենք ստացել ենք 2-րդ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը, բայց մասամբ։ Սեպտեմբերի 6-ից հետո յուրաքանչյուր 10 օրը մեկ նոր դասագրքեր են բերվել մարզ, և մենք ստացել-բաժանել ենք մեր աշակերտներին»։

Շիրակի մարզի Շիրակ գյուղի դպրոցի տնօրեն Հասմիկ Վարդանյանն ասում է՝ 5-րդ և 7-րդ դասարանների բոլոր դասագրքերը դպրոց են հասել, 2-րդ դասարանցիները որոշ գրքերի դեռ սպասում են։

«Մնացել է «Երաժշտություն»-ը, «Տեխնոլոգիա»-ն, «Թվային գրագիտություն»-ը, «Մարենի»-ի ու «Մաթեմատիկա»-ի 2-րդ մասերը։ Ստացել ենք «Մայրենի»-ի ու «Մաթեմատիկա»-ի առաջին մասերը, «Կերպարվեստ» ու «Ես և շրջակա աշխարհ» առարկաների դասագրքերը»։

Հասմիկ Վարդանյանի խոսքով՝ անդասագիրք օրերն այնքան էլ դժվար չէին, քանի որ ընդհանուր 113 աշակերտ ունեցող այդ դպրոցի դասարաններում աշակերտների միջին թիվը 8-9 աշակերտն է։ Նրանց համար և՛ էլեկտրոնային դասագրքերից օգտվելն էր հեշտ, և՛ այդ դասագրքերը տպագրելը՝ մատչելի։

Արմավիրի մարզի Ակնալճի դպրոցի տնօրեն Վարդիթեր Վարդերեսյանն էլ մեր զրույցի պահին դպրոցի գրադարանում էր․ գրադարանավարի հետ պակասող գրքերի մասին էին զրուցում։

«Գրադարանավարն էլ կողքս է, էդ հարցն էինք քննարկում։ Երկու դասագիրք ենք ստացել միայն՝ «Թվային գրագիտություն», «Ես և շրջակա աշխարհը»։ Իսկ մնացածը՝ «Մաթեմատիկա»-ն, «Մայրենի»-ն և մյուսները, չենք ստացել դեռ, ասացին՝ ընթացքի մեջ է»։

Փորձեցինք ԿԳՄՍ-ից պարզել՝ այս պահին դասագրքերը տպագրատնից դպրոց ճանապարհի որ կետում են։ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ 5-րդ և 7-րդ դասարանների գրքերը Երևանում և հանրապետության բոլոր մարզերում առաքվել են սեպտեմբերի 29-ից։ 2-րդ դասարանի դասագրքերի հետ արդեն լուծված և դեռ գոյություն ունեցող խնդիրներ կան։

«Մի քիչ դժվարություններ ունեցել ենք՝ կապված դասագրքերի տպագրության մրցույթների հետ, որոնք հայտարարվել են դեռևս օգոստոսի սկզբից, բայց օրինակ՝ մրցույթին մասնակցության ժամանակ կազմակերպությունները տարբեր փաստաթղթեր չէին ներկայացրել, մրցույթները չեղարկվել էին, նոր մրցույթներ էին հայտարարվել»։

Այսպիսով, ըստ Թամարա Սարգսյանի, 2-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքի առաջին մասն այսօր հասել է Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի դպրոցներ, մյուս մարզերում առաքումը կավարտվի վաղը։ «Մաթեմատիկա» առարկայի դասագիրքն առաքվել է բոլոր մարզեր՝ բացի Արմավիրից։ Այս մարզի դպրոցները գիրքը կստանան այս շաբաթվա ընթացքում։

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագիրքը այսօր տարածվել է Երևանում, վաղը և մյուս օրը կհասնի մարզեր։ Մինչ շաբաթվա վերջ դպրոցները կստանան նաև «Տեխնոլոգիա» առարկայի դասագրքերը։ Իսկ որոշ դասագրքերի աշակերտներն ու ուսուցիչներն ավելի երկար կսպասեն․

««Երաժշտության» բաշխումը լինելու է հոկտեմբերի 20-ից։ «Կերպարվեստ»-ը բաշխվել է, «Շախմատ»-ի տետրերը բաշխվել են, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»-ը տպագրված է, կազմման գործընթացում են, հոկտեմբերի 25-ից կսկսվի առաքումը։ «Մայրենի»-ի երկրորդ մասի համար մրցույթ պետք է հայտարարվի, որ հունվարին արդեն լինեն, և ունենք «Շախմատ»-ի դասագիրքը, որի մրցույթը 2 անգամ չի կայացել, հիմա նորից է հայտարարվել, որ դասագիրքը տպագրվի»։

Դասագրքերի՝ մարզեր առաքումն իրականացնում է տպագրող ընկերությունը։ Նախարարությունում դեռ չեն վերլուծել՝ ինչ հետևանքներ են ունեցել առանց դասագրքի 2 ամիսները կրթական գործի վրա։ Սակայն հանրակրթության վարչության պետն ասում է՝ այս թեմայով որևէ լուրջ դժգոհություն չեն լսել։

Կարդացեք նաև

Back to top button