
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր առաջ ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ռուս գործընկերների հետ Թուրքիայում գաղտնի բանակցությունների են անցկացրել, որոնք նպատակ են ունեցել լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը՝ գրում է POLITICO-ն:
Ըստ POLITICO–ի՝ քննարկումների մասին տեղյակ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ նպատակ ունենալով Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս դադարեցնի Լեռնային Ղարաբաղի 9 ամիս շարունակվող շրջափակումը և թույլատրի մարդասիրական օգնության մուտքը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն ներկայացրել է Վաշինգտոնի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, իսկ ԵՄ-ն գործուղել է տարածաշրջանում իր ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ռուսաստանն ուղարկել է Իգոր Խովաևին, որը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցերով Պուտինի հատուկ բանագնացն է։
POLITICO-ին տրամադրված հայտարարության մեջ ԵՄ պաշտոնյան ասել է՝ «կարծում ենք, որ կարևոր է պահպանել կապի ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»։
«Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք ազդեցություն ունեն կողմերի վրա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: ԼՂ ղեկավարները ստիպված են եղել ընդունել ռուս խաղաղապահների առաջարկած զինադադարը: Դրանից հետո ավելի քան 100 հազար մարդ լքել է իրենց տները և տեղափոխվել Հայաստան։




