
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ԱԺ չորս պատգամավոր` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը եւ Թեւան Պողոսյանը այսօր մեկնել են Սիրիայի Քեսաբ քաղաք` այնտեղի հայկական համայնքի վիճակն ուսումնասիրելու համար։ Պատգամավորների վերադառնալուն պես խորհրդարանականներին մանրամասն կներկայացվի այդ քաղաքում տիրող իրավիճակը, խոստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Միայն հանրապետական խմբակցության պատգամավորներից պատվիրակություն կազմելը դուր չեկավ խորհրդարանի այլ եւժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես՝ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը բոլորովին այլ թեմայով իր հայտարարության սկզբում նախ անդրադարձավ այս խնդրին: «Ուրախ եմ, որ ԱԺ-ից երեկ պատվիրակություն է կազմվել եւ մեկնել Սիրիա: Բայց ուրախ չեմ, որ այդ պատվիրակությունը ձեւավորվել է միակուսակցական սկզբունքով: Մեր խորհրդարանը բազմակուսակցական է: Շատ ավելի կոռեկլտ եւ ճիշտ կլիներ, որ մյուս խմբակցությունները եւս տեղեկացված լինեին այդ պատվիրակության մասին: Իշխանությունը միշտ խոսում է երկխոսության մասին, բայց այս կարգի ազգային հարցերում անտեսել մյուս խմբակցություններին, կարծում եմ ճիշտ չէ: Այս աշխատաոճը մեզ համար ընդունելի չէ»։
Հայաբնակ Քեսաբի շուրջ ծավալվող խնդիրներին իր հերթին անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմերին նետված լրջագույն մարտահրավեր է: Մի բան անվիճելի է. Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային երկրներին եւ խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ»։
«Օրինաց երկրից» Մհեր Շահգելդյանն էլ՝ նախ ուշադրություն հրավիրեց, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը Քեսաբի վրա: Դեպի ԵՄ ձգտող Թուրքիայի այս քայլը նոր մարտահրավեր է աշխարհի համար, ասաց պատգամավորը։ «Ռազմական հարձակման արդյունքում տեղահանվել է հայ ազգաբնակչությունը։ Ըստ մի շարք տվյալների` զինյալները սիրիական սահմանն անցել են եւ հարձակվել են Քեսաբի վրա Թուրքիայի սահմանից: Թուրքական կառավարությունն առայսօր այս հայտարարությունները եւ ԶԼՄ-ների տեղեկությունները չի հերքել: Ըստ էության՝ սա նոր փուլ է դառնում Սիրիական հակամարտության գործընթացում: Եվրոպա ձգտող Թուրքիան պետք է հստակ հասկանա, որ Քեսաբի դեպքերը ներկայումս վերաբերում են զինված հակամարտությունների պայմաններում ազգային փոքրամասնությունների իրավունքներին եւ սա իրապես մարտահրավեր է միջազգային կազմակերպությունների սկզբունքներին եւ, հատկապես, այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են փոքրամասնությունների իրավունքներով»։
ԱԺ մյուս փոխնախագահ Հերմինե Նախղդալյանը նույնպես խոսեց Քեսաբի մասին` հիշեցնելով, որ հայերն այնտեղ էին տեղափոխվել Հայոց Ցեղասպանությունից հետո։ «Այս հարձակումներն արդեն երրորդ անգամ ապացուցում են, որ Թուրքիան չի մոռանում տարածաշրջանը հայաթափ անելու մասին: Իզուր չէ, որ Քեսաբի դեպքերը շատերի կողմից որակվեցին որպես երրորդ ցեղասպանության փորձ: Թուրքիան այսօր էլ էթնիկ զտումների փորձ է իրականացնում գրեթե նույն մեթոդներով, ինչ 20-րդ դարասկզբին` փաստացի մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը»։
ԱԺ փոխնախագահը կոչ արեց միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ Քեսաբի իրադարձություններին, իսկ հայ խորհրդարանականների համար էլ առաջնային խնդիր համարեց միջազգային ատյաններում կատարվածի մասին բարձրաձայնելը։




