
Ձմերուկն ու սեխը կտրտած վաճառելը կարող է 100 հազար դրամ տուգանք արժենալ։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է օրենքով արգելել ձմերուկն ու սեխը կտրտած վաճառելն ու այդպես լուծել, նախարարության կարծիքով, սննդի անվտանգությանը սպառնացող կարևոր խնդիրներից մեկը։ Սրանք սեզոնային լայն սպառման մթերքներ են, շուտ են փչանում՝ մանրամասնում է Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետի պաշտոնակատար Մելանյա Կարապետյանը։
«Մենք բոլորս ձմերուկն ու սեխը տանը օգտագործելուց առաջ անպայման լվանում ենք, լվանում ենք նաև այն դանակը, որով կտրելու ենք։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք խոշոր խանութների տնտեսվարողները ձմերուկը կտրելուց առաջ լվանում են, կամ արդյո՞ք այդ դանակը մաքուր ու լվացված է։ Ոչ մեկս այդ երաշխիքը չունենք»։
Այս երաշխիքը Էկոնոմիկայի նախարարությունը կստեղծի օրենսդրական փոփոխություններով․ հանրային քննարկման դրված նախագծի հիմնավորման մեջ գերատեսչությունը պնդում է՝ ձմերուկի ու սեխի հասած լինելը ցույց տալու ու լավ վաճառքն ապահովելու համար տնտեսվարողները կտրտում են այն, սակայն այս վիճակում ավելի մեծ է միկրոբների ներթափանցման ու հետևաբար նաև սննդային թունավորումների ռիսկը ։

«Արդյո՞ք կտրած ձմերուկի մյուս մասը վնասված կամ փչացած չի եղել ու տնտեսվարողը կտրտել է միայն նորմալ վիճակում գտնվող մասը, փաթեթավորել ու վաճառել։ Հենց այս հարցերն են, որ առաջացել են ու ստիպել գնալ այս փոփոխությունների ճանապարհով»,– ասում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։
Սուպերմարկետներում ու խոշոր խանութներում կտրտած միայն ձմերուկն ու սեխը չեն վաճառվում։ Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, վստահեցնում է՝ կենդանական ծագման մթերքներից եկող ռիսկերն ավելի շատ են։ Ըստ մասնագետի՝ նախարարությունն ավելի հրատապ խնդիրները լուծելու փոխարեն դետալային կարգավորումների ճանապարհով է գնում։
«Մասնավորապես՝ երշիկի ու պանրի մասնատման գործընթացում միշտ չէ, որ պատշաճ հիգիենիկ պայմաններ են ապահովվում, սրա հետևանքով ավելի լուրջ առողջական խնդիրներ կարող են առաջանալ։ Բայց ինչպես տեսնում ենք՝ իրավակարգավորումը վերաբերում է ոչ թե երշիկներին ու պանիրներին, այլ ձմերուկին ու սեխին։ Դանակի լվանալը, վստահաբար, շատ ավելի հեշտ է, իսկ սլայսերինը՝ ավելի բարդ, դեռ ավելին՝ մենք տեսել ենք, թե այդ սլայսերները ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, և բնական է, որ ոչ ոք չի անջատում ու չի լվանում դրանք»,-կարծում է Պիպոյանը։
Ոլորտը կարգավորող գերատեսչությունում, սակայն, համաձայն չեն։ Ասում են՝ մսամթերքի ոլորտում վերահսկողությունն ավելի մեծ է, այդ արտադրանքը, ըստ նախարարության, անպայման սառնարաններում է պահվում։
«Սանիտարահիգիենիկ պայմանները պարբերաբար ստուգվում են, այն գործիքը, որը կտրատում է երշիկը կամ մսեղենը, տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է, իսկ ձմերուկի կտրման պահը, բնականաբար, դուրս է տեսչականի վերահսկողությունից, տեսչական մարմնի ներկայացուցիչը յուրաքանչյուր պահին չի կարող հետևել այդ պրոցեսին»,-ասում է Մելանյա Կարապետյանը։
Օրենսդրական նախաձեռնության հիմքում վիճակագրական տվյալներ չկան․ սննդի ռիսկերը գնահատող մասնագետն իր մասնագիտական գործունեության ընթացքից դեպք չի մտաբերում, երբ սննդային թունավորման պատճառը հատկապես կտրտած ձմերուկն ու սեխն էին։
«Բուսական ծագում ունեցող մթերքների պարագայում շատ ավելի կարևոր է քիմիական վտանգների վերահսկողությունը, մասնավորապես՝ պարարտանյութերի ու թունաքիմիկատների․ պետական վերահսկողությունը հենց այստեղ անելիք ունի»,-կարծում է սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։
Սննդի անվտանգությունը մեր երկրում ռիսկային ու ցածր մակարդակի վրա է՝ խնդիրները սկսվում են արտադրությունից հասնում մինչև իրացման ցանցեր՝ կարծում է Պիպոյանն ու շեշտում՝ քանի դեռ պարբերաբար լսում ենք մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերի մասին, ձմերուկի ու սեխի վաճառքը կարգավորելն ամենաառաջանյին խնդիրը չէ։






