
Լոռու մարզում տեղումնառատ եղանակը խանգարում է բարդ տեղանքում գտնվող խաչմերուկի շինարարությանը։ Խնդիրը, սակայն, ոչ միայն անձրևներն են, այլ նաև աշխարհագրական բարդ դիրքը։ Ալավերդի-Օձուն խաչմերուկը գտնվում է դեպի Վրաստան տանող Մ6 միջպետական մայրուղու վրա։ Դրա վերակառուցման արդյունքում 4 ոլորան կանհետանա, իսկ վտանգավոր ու նեղ հատվածը կհավասարվի արդեն վերանորոգված երթուղուն։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի խաչմերուկներից մեկի մասին տեղացիներն արդեն կատակով են բացատրում, թե ինչու են ճանապարհը 2 կողմից նորոգել, իսկ մեջտեղի հատվածը չվերանորոգված թողել։ Ասում են՝ 2 կողմում 2 տարբեր ընկերություններ են աշխատել, իրարից խռովել են ու գործը կիսատ թողել։
Իրականությունը, սակայն, այլ է։ «Ալավերդի-Օձուն խաչմերուկ» հատման կետը բարդ տեղանքում է։ Դեպի երբեմնի արդյունաբերական քաղաք գնացող ճանապարհահատվածը, որով մեծ ավտոբուսներն ուղևորվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության մաս կազմող Հաղպատ և Սանահին, իսկ խոշոր բեռնատարները՝ Վրաստան, մեծ թեքությամբ ժայռի ծայրին հայտնված երթուղի է, որին վերևից միանում է Օձունի ճանապարհը։
Մինչև «խնդրահարույց» խաչմերուկ և դրանից հետո, վարորդներն անցնում են հարակից ժայռերի հաշվին լայնացված ճանապարհով։ Նեղ մնացած հատվածի վերանորոգումն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը։
Շինտեղամասի պետ Արթուր Գալոյանը բացատրում է՝ նոր հենապատերի ու լցոնման շնորհիվ ժայռն այսպես ասած «առաջ կտան»։ Ճանապարհը 7 մետրով կիջնի ու կհավասարվի 2 կողմի հատվածներին։
«Գտնվում ենք Լոռու մարզում, Մ6 և Հ39 խաչուղում։ Պատրաստում ենք էս կողմից 61 մետր, իսկ մյուս կողմից 59 մետր հենապատ։ Հենապատի հիմքը՝ բարձրություն, լայնություն, երկարություն՝ 5.7×8×6 մետր է։ Էսպիսի 6 հատ կուբիկներ պետք է լինեն։ Տեսնում եք՝ արմատուրաներով գործում են, որ բետոնացվի։ /Փաստորեն էստեղ ոչնչից ստեղծվում է ճանապարհ,-հեղինակ/։ Այո, նեղ ճանապարհը ուներ 6 մետր լայնություն, նորը մի 10-12 մետր էլ կավելանա»։
Հայաստանում այս տարի գարունն ու ամռան առաջին ամիսը տեղումնառատ էին։ Լոռվա առանց այն էլ խոնավ բնաշխարհում չդադարող անձրևներ են։ «Պռոշաբերդշին» տեխհսկող ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանի խոսքով՝ եղանակը մասամբ է խանգարում 45 աստիճանից բարձր թեքության վրա ընթացող աշխատանքներին։
«Տեղամասը ինքը ռելիեֆից բարդությունը նկատելի է։ Առավել բարդացնում են աշխատանքը եղանակային պրոցեսները։ Հուլիս ամիսն ենք մտնում, բայց էդպես էլ չունեցանք ամառվա նման եղանակ։ Անձրևոտ պայմաններին ծածկում ենք բետոնը, որպեսզի ցեմենտի խառնուրդի դեպքում լվացումներ տեղի չունենան։ Դե գիտեք, սովետական ժամանակներից կառուցված ճանապարհներ էին։ Այն ժամանակ հաշվի չի առնվել, որ 30 կամ 40 տարի հետո կհայտնվեն մեծ չափերով բեռնատար մեքենաներ։ Դրա համար այսօր արդիականացնում են ճանապարհները։ Կունենաք երթևեկության 1-ական գիծ, բայց ավելի լայն ու անվտանգ»։
Շինաշխատանքներ իրականացնող ընկերության ներկայացուցիչը մանրամասնում է՝ որպեսզի վարորդներն ու շինարարներն իրար չխանգարեն, ցածր՝ հիմնական ճանապարհին զուգահեռ կառուցվում է շրջանցիկ գրունտային ճանապարհ։
«Վերևում տեսնում եք էքսկավատորը կանգնած է, էդպես ժամանակավոր ճանապարհ ենք գցում, որ մարդատար մեքենաները նենց գնան, և երևի մեծ մեքենաների համար ճանապարհը փակվի, որովհետև էստեղ վտանգավոր է, պետք է քանդվի, իջեցվի ճանապարհը։ –Այժմ բեռնատարները հնարավորություն ունե՞ն անցնելու։
-Այո, աշխատանքների ժամանակ 2 հոգի ճանապարհը միակողմանի փակում են, բացում են, որ խցանումներ չլինեն։ Ճանապարհի փակումը լինում է մաքսիմում 10 րոպեով»։
Ապրիլի 17-ին սկսված Ալավերդի-Օձուն խաչմերուկի շինանխատանքների վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 1-ն է։ Անձրևներին զուգահեռ կաշխատենք հասցնել՝ ասում են պատասխանատուները, խոստանալով, որ արդյունքում կունենանք երթևեկության հարմարավետ ենթակառուցվածք։ Կանհետանա շուրջ 4 ոլորան, դրանց փոխարեն շրջանաձև պտույտի հնարավորությամբ լայն ճանապարհ կգործի։




