ԿարևորՔաղաքական

Սկզբունք, որի չկիրառումը բանակցությունները կդարձնի անիմաստ․ ԱԺ նախագահը՝ վաշինգտոնյան հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հունիսի 12–ին ծրագրված և հետաձգված հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա վաղը՝ հունիսի 27–ին։ Համենայնդեպս, արդեն պաշտոնապես հաստատվել է, որ և՛ Արարատ Միրզոյանը, և՛ Ջեյհուն Բայրամովը մեկնել են ԱՄՆ։ Պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ նախորդ այսպիսի բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 1-4-ը։

Հունիսի 12–ի հանդիպման հետաձգման միջնորդն Ադրբեջանն էր։ Բաքուն դա հիմնավորել էր տեխնիկական խնդիրներով, բայց հայկական վերլուծական դաշտում այն առավելապես կապվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերընտնվելուց հետո Ադրբեջան կատարելելիք այցի հետ։

Հաջորդող 2 շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ավելացան նոր խնդիրներ, և այժմ նաև դրանց լուծման ուղղությամբ են գործածվելու նոր ջանքեր։ Ադրբեջանի կողմից իրավիճակի լարմանը զուգահեռ, օրեր առաջ Հայաստանի վարչապետը ձևակերպեց նաև նոր նպատակներից մեկը՝ միջազգային կառույցների, մասնավորապես, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի օրակարգի հարց դարձնել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով երթևեկությունը անհապաղ վերականգնելու վերաբերյալ փետրվարի 22–ի որոշումը չկատարելու հարցը։

Միրզոյան–Բայրամով հանդիպումը Վաշինգտոնում կարող է տևել 3 օր․ ԱՄՆ պետքարտուղար Բլինքնենի միջնորդությամբ հանդիպումները կսկսվեն հունիսի 27–ին, և չի բացառվում, որ ձգվեն մինչև հունիսի 29–ը՝ դիվանագիտական աղբյուրներին հղում անելով գրում են միջզգային լրատվամիջոցները։ Սա պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով խաղաղ բանակցությունների երկրորդ փուլն է։ Հանդիպումը նախորդ անգամվա պես տեղի է ունենալու Արլինգթոնի Ջորջ Շուլցի արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: Սպասվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները վերսկսելու են իրենց փակ քննարկումները, նաև հանդիպելու են Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջիկա բանակցություններից առաջընթաց է ակնկալում։ Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ․

«Որովհետև բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկները և քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ փոփոխությունները մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմն է ձևակերպումների հետ համաձայնում։ Այնուամենայնիվ, ես լիահույս եմ։ Այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»։

Վաշինգտոնյան բանակցությունների հետ կապված ոչ մի փակագիծ, կարելի է ասել, չի բացվում։ Բայց հրապարակային քայլերն ու հայտարարությունները արտգործնախարարների հանդիպումից առաջ ստեղծում են հետևյալ պատկերը․

  • Վաշինգոնյան հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց՝ ԼՂ հայերին հավելյալ երաշխիքները Ադրբեջանի համար անընդունելի են
  • Վաշինգտոնյան հետաձգված հանդիպման երկշաբաթյա դադարի ընթացքում Ադրբեջանը նոր սադրանք իրականացրեց՝ բետոնե արգելապատնեշ տեղադրեց Հակարիի միջանցքում՝ ամբողջովին փակելով Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը
  • Բանակցություններից 2 օր առաջ Ադրբեջանի ԶՈւ-ն ԱՀ Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
  • Բանակցությունների նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել է Արցախի ՊԲ-ին։ Հասանովը հայտարարել է՝ բանակի մեկ կորպուսը բավական է ՊԲ զինաթափելու համար։ Նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել ադրբեջանական օրենքները, ցույց է տվել Ղարաբաղից դուրս գալու ճանապարհը։

Այս ամենի հիման վրա Հայաստանի Աժ նախագահը համոզված է՝ սկզբունքային հարցերի, և մասնավորապես, Ստեփանակերտ–Բաքու երկխոսության մերժումը Ադրբեջանի կողմից, վերջնական չէ․  

«Առաջարկները սեղանին են, և եկեք չշտապենք, տեսնենք ինչ կլինի։ Այդ հայտարարությունը, կարծում եմ, հենց իրենց՝ ադրբեջանական կողմին է վնաս տալիս։ Հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ էր դարձել, չեն լուծում։ Դա իրականությունից փախչել է։ Վստահ եմ, ինչ–որ փուլի իրենք դրան կգան։ Նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո հետքայլերի համար է արվում։ Էթնիկ զտումներ անել իրենց մոտ չի ստացվելու, առնվազն ՀՀ–ն դա թույլ չի տալու և բոլոր միջազգային լծակները օգտագործելու է։ Հայության իրավունքները կարևորագույն հարց է։ Այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել։ Եթե Ադրբեջանը պատրաստ է իքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ։ Էլ չեմ ասում՝ այն, ինչ հայտարարել ենք, մենք հետամուտ ենք մեր հայտարարություններին»։

ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ հնարավոր փաստաթղթում հայկական կողմը առանցքային նշանակություն է տալիս ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը։ Եթե փաստաթղթում հստակ ֆիքսված չլինի, թե ինչպես են դրանք ապահովվելու, ապա ըստ Ալեն Սիմոնյանի՝ հարցը չի լուծվելու։

Աժ նախագահը, սակայն, հստակեցնում է․

«Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կնքեն երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևէ երկրի, կառույցի, ձևաչափի ներքո, որպես երաշխավոր, պայմանագիր, և ապահովենք ԼՂ–ում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և ազատությունների իրականացումը»։

Վաշինգտոնյան բանակցություններում առանցքային նպատակներից մեկը առնչվում է հենց երաշխավորի ինստիտուտին։ Սիմոնյանի խոսքով՝ Ալիևի և Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին հայկական կողմում մտահոգությունները միշտ պահպանվում են․

 «Մինչև թուղթը չլինի, մինչև երաշխավորը չլինի, անընդհատ մտահոգիչ բան ենք տեսնում։ Կոնկրետ երաշխիքներ են պետք, որովհետև մենք ունենք օրինակ՝ նոյեմբերի 9–ի հայտարարությունը, որտեղ կետերը, կարելի է ասել, մեծ մասամբ չեն գործում։ Դրա մասին արդեն խոսում են բոլորը՝ սկսած ՌԴ–ից, վերջացրած ԵՄ երկրներով։ Դրա համար պետք է այնպիսի մեխանիզմ ստանանք, այնպիսի երաշխավոր ունենանք, որ այդ մտավախությունը նվազագույնի հասնի։ Եթե այդ հարցը չքննարկվեց, եթե այդ հարցը չներառվեց, եթե այդ հարցի լուծում չեղավ, նշանակում է, որ առնվազն բանակցությունների մեծ մասը անիմաստ խոսակցություններ կարող են դառնալ»։

Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ երաշխավորի հարցը պետք է մեկ ընդհանուր՝ «խաղաղության պայմանագրով», թե առանձին փաստաթղթով կարգավորվի։ Դա ևս քննարկումների առարկա է։

Մյուս անկայությունը առնչվում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։ Այն դեպքում, երբ հայկական կողմը բազմիցս նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով, Ադրբեջանի նախագահը դեռ նույն հայտարարությունը չի արել Հայաստանի առնչությամբ։

Կասկածելով՝ արդյո՞ք իրավունք ունի ասելու, թե ոչ, Սիմոնյանն, ամեն դեպքում, այսպես ասենք՝«գաղտնզերծեց», որ փակ հանդիպման ժամանակ Ալիևը նույնպես ընդունում է և ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով: Այսինքն՝ այն տարածքով, որով Հայաստանը անկախացել է Խորհրդային Միությունից։

Կարդացեք նաև

Back to top button