
Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրներն այսօր քննարկվել են Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում՝ «Հայաստանը՝ խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» խորագրով համաժողովի ժամանակ։ Այն կազմակերպվել է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ։ Քննարկումների առանցքում եղել է միջազգային իրավունքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու կարևորությունը։
Եթե այսօր միջազգային իրավունքը աշխարհաքաղաքական շահերի պատճառով լիարժեք չի գործում, ամենևին չի նշանակում, թե պետք է հրաժարվել փաստերը հավաքելուց ու դրանք միջազգային հարթակներում ներկայացնելուց՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է հայ-ֆրանսիական համաժողովի մասնակից «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Միջազգային ներկայացուցչական կազմով Փարիզում կազմակերպված քննարկման մասնակիցները համակարծիք են՝ Արցախի ժողովուրդը խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունք ունի։
«Բոլորի դիրքորոշումը հստակ է․ անկախ նրանից, թե ով ինչ է ասում ԼՂ կարգավիճակի մասին, ԼՂ–ում ապրող հայերն ունեն խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունք, և այդ հարցում միջազգային իրավունքն անելիք ունի»։

Հայ-ֆրանսիական համաժողովին մասնակցել են դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, տնտեսագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։ Ուշագրավ է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի մասնակցությունը։ Նա նախօրեին Հայաստանում էր և փարիզյան համաժողովին մասնակցել է հայ-ադրբեջանական լարվածության, Լաչինի միջանցքի փակման մասին թարմ տպավորություններով։ Հայաստանյան այցից հետո նա թվիթերյան գրառմամբ տեղեկացրել էր, որ անձամբ հետևել է Եվրամիության առաքելության պարեկությանը Հակարիի կամրջի մոտ։ Նաև նկատել էր, որ ռուս զինվորներն իներտ են, իսկ եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին ու ռազմական լարվածությանը։
«Տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը։ Լեռնային Ղարաբաղի 120.000 հայությունը կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են։ Եվրոպական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը և եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը», –գրել էր Լուազոն:


Բաքուն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը․այս պայմաններում ի՞նչ կարելի է սպասել միջազգային այլ հարթակներում հարցի քննարկումից։ Բենիամին Պողոսյանը մեջբերում է Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի փորձագետ Էնդրյու Ֆորդի դիրքորոշումը․
«Բոլորն են հասկանում, որ միջազգային իրավունքը խնդրի անմիջական լուծում չէ, այսինքն՝ վայրկենական լուծում չի տա։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ․ այն փետրվարի 22-ին ընդունվել է, սակայն Ադրբեջանը որևէ բան չի անում այն իրականացնելու համար։ Բայց դա չի նշանակում, թե պետք է միջազգային իրավունքից հրաժարվել ու ասել՝ քանի որ միջազգային իրավունքն ամենազոր չէ, կամ որ չկա համաշխարհային գերագույն դատարան, չկա համաշխարհային դատախազություն, հետևաբար եկեք միջազգային իրավունքի մասին մոռանանք։ Համաժողովին շեշտվեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր հանցագործությունները պետք է փաստագրվեն՝ հետագա դատական գործընթացների համար, նույնիսկ եթե դրանք ավելի հետո են լինելու»։
Փարիզում հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցները փորձելու են հասկանալ նաև, թե ինչ է նշանակում միջազգային ներկայություն ԼՂ-ում, ինչի մասին այսօր հաճախ է խոսվում։
«Գիտեք, որ այսօր Հայաստանի կառավարությունը առաջ է տանում այն գաղափարը, որ ճանաչում է ԼՂ Ադրբեջանի մաս, բայց պահանջում են միջազգային ներկայություն, որն ապահովի հայերի անվտանգությունն ու իրավունքները ։ Տարբեր գաղափարներ ներկայացվեցին, թե միջազգային ներկայությունն ինչպիսին կարող է լինել՝ սկսած ՄԱԿ-ի ԱԽ մանդատով խաղաղապահ առաքելությունից, որը, ցավոք, հիմա քիչ հավանական է՝ հաշվի առնելով ԱԽ-ում ստեղծված վիճակը՝ հակասությունները Ռուսաստանի ու Արևմուտքի միջև»։
Համաժողովը նաև նպատակ ունի կարող և կամք ունեցող գիտակ մարդկանց ներուժը Հայաստանի զարգացման գործում ընդգրկելու՝ «Ռադիոլուրին» ասում է «ԱՊՐԻ Արմենիայի» փոխնախագահ Անահիտ Փիլիպոսյանը։
«Սրահում 100 մարդ կա, որ աշխատում է Հայաստանում, բայց ուզում ենք նոր շնչով իրենց թեմաները ներկայացնեն թե դիվանագիտության, թե տնտեսության, թե մարդու իրավունքների հարցերում։ Հրավիրել ենք մարդկանց, որոնց անունները շատ հայտնի չեն հայերին, հրավիրել ենք խոսելու ոչ հայերի, որպեսզի նոր շունչ ներկայացվի այս ուղղություններում», –ասում է Անահիտ Փիլիպոսյանը։




