
Երասխում մետալուրգիական գործարան կառուցելու մեջ «բնապահպանական» խնդիր տեսնող և Լաչինի միջանցքը նույն հիմնավորումներով փակող Ադրբեջանի գյուղերից մեկում արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են։ Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները բողոքում են, որ ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնները, լցվելով ջրամբար, աղտոտում են միջավայրն ու առողջապահական լուրջ խնդիրներ առաջացնում ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մահակներով ցրում բողոքող գյուղացիներին, արցունքաբեր գազ կիրառում տարեց կանանց նկատմամբ։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ նկատել է՝ ադրբեջանական պետությունը ցույց է տալիս բնապահպանական խնդիրների հանդեպ իր իրական վերաբերմունքը: «Գյուղացիների ակցիային ի պատասխան՝ ոստիկանները ծեծ ու ջարդ են իրականացրել, ինչպես նաև արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառել: Այս պահի դրությամբ գյուղացիների մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է, նրանք, մեղմ ասած, բլոկադայի մեջ են ադրբեջանական ոստիկանական ուժերի կողմից։ Ադրբեջանցի գյուղացի ցուցարարների պնդմամբ՝ այդ հանքը պատկանում է Մեհրիբան Ալիևային: Ըստ նրա՝ դեռ 2009 թվականին Ալիևն անձամբ է մասնակցել ոսկու արդյունահանման ձեռնարկության բացման արարողությանը», – գրել է ադրբեջանագետը:
Փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը, անդրադառնալով առկա իրավիճակին ու զուգահեռներ տանելով Հայաստանի ու Ադրբեջանի բնապահպանական միջավայրերի միջև, նկատում է․
«Վերջերս Սենեգալում մասնակցում էի բնապահպանական արդյունաբերական ճյուղերի թափանցիկության գլոբալ ֆորումին։ Հայաստանը բավականին բարձր վարկանիշ ունի, նույնիսկ օրինակ էին բերում, որ և օրենսդրական փոփոխությունները, և թափանցիկության մակարդակը բարձր է։ Իսկ Ադրբեջանի դեպքում ցուցանիշները անբավարար են, այդ երկիրն ընդհանրապես հանվել է ցուցակից , նույնիսկ թեկնածու չի համարվել , որովհետև բնապահպանական ինդիկատորները վատն են։ Սա խոսում է այն մասին, որ հանքերը միայն իշխանական ուժերի ձեռքում են, և թափանցիկություն չի կարող լինել»։
Ի դեպ՝ երկրների բնապահպանական արդյունավետության ինդեքսը թարմացվում է 2 տարին մեկ, վերջին թարմացումը եղել է 2022 թվականի սեպտեմբերին ։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի երկրների մեջ առաջատար է․ մեր երկիրը 56-րդ տեղում է, Վրաստանը՝ 103-րդում, Ադրբեջանը՝ 104-րդում, իսկ Թուրքիան ամենավերջին ՝ 172 –րդ տեղում է։
«Մենք գիտենք, որ նավթ արդյունահանող երկիր է, և ամբողջ Կասպից ծովը աղտոտված է նավթով։ Որևէ միջազգային նորմ և որևէ պահանջ չի կատարում Ադրբեջանը։ Որոշ կոնվենցիաների անդամ է և այդ կոնվենցիաները նույնպես խախտում է»։
Ուշագրավ է, որ իրենց երկրում ոսկու հանքի դեմ բողոքի ակցիային ադրբեջանցի բնապահպանները նույն ոգևորությամբ չեն արձագանքում, ինչպես , օրինակ, Երասխի գործարանի կամ Արցախի հանքերի դեպքում։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն անգամ կոնկրետ տարածքներ է մատնանշում, որոնք բնապահպանական աղետալի պատկեր ունեն, բայց դրանց մասին ադրբեջանցի ոչ մի բնապահպան չի հանդգնում խոսել ․
«Բաքվից 3-5 կմ հեռավորության վրա կան շահագործումից դուրս մնացած նավթապոմպեր, որոնք գետնի վրա են տեղադրված, և ամբողջ տարածքը հեկտարներով ամայի տարածքի է վերածվել։ Ծովափնյա հսկայական տարածք է։ Իրենք իրենց ներսում բնապահպանական այնքան խնդիրներ ունեն, որ մինչև լուծեն, տասնյակ տարիներ կպահանջվի»։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված ադրբեջանական, այսպես կոչված «բնապահպանական ակցիաներին» զրուցակիցս նկատում է, որ այդ երկրում քաղհասարակություն, ըստ էության, չկա, քանի որ չի կարող որևէ հարցով բողոքի ձայն բարձրացվել, ինչն էլ նշանակում է, որ չկան նաև իրական բնապահպաններ։ Իսկ Լաչինի միջանցքը փակողները անվտանգության աշխատակիցներ էին էկոլոգիական իրավունքի մասնագետի համոզմամբ․
«Հասկանալով, որ աշխարհում ամենաընդունելի թեման բնապահպանությունն է, որի շուրջ վեճեր չեն կարող լինել, Ադրբեջանը հենց այդ քողի ներքո է իր ագրեսիվ գործողություններն իրականացնում»։
Փաստերը շատ են, դրանք հավաքողներն ու ներկայացնողները՝ քիչ
Հայաստանի Հանրապետությունը դեռ 2020 թվականի պատերազմի թեժ շրջանում պետք է փաստերը հավաքեր ու Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման հարցով անմիջապես դիմեր միջազգային կառույցներին՝ ասում է փաստաբան-բնապահպան Նազելի Վարդանյանը։ Այսօր էլ բնապահպանական հարցերով փաստահավաք աշխատանքի կարիք կա։ Փաստերը շատ են, դրանք հավաքողներն ու ներկայացնողները՝ քիչ՝ պնդում է բնապահպանը։
«Հիմա մենք ունենք փաստեր, որ ջրի հուները փոխում են և դեպի Ադրբեջան են ուղղում, նույն խնդիրը նաև Արցախում կա, էլեկտրակայանները չեն աշխատում դրա հիման վրա , Սարսանգի ջրամբարի ջրի խնդիր կա։ Այսինքն՝ բացի էկոլոգիական խնդիրներից՝ դրանք նաև տնտեսական ու մարդկանց առողջության վրա ազդեցություն ունեցող հարցեր են, որոնք կարող ենք բարձրաձայնել»։
Ադրբեջանական բնապահպանությունը՝ ֆենթըզիի ժանրից
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը համոզված է, որ Արցախում Լաչինի միջանցքը փակելով ու Երասխում կեղծ բնապահպանական հարցեր բարձրացնելով՝ ադրբեջանցիները փորձում են քաղաքական ու տնտեսական հարցեր լուծել, քանի որ տարածաշրջանում ամենաքիչը հենց Բաքուն կարող է խոսել բնապահպանական խնդիրների մասին։
«Ադրբեջանցի բնապահպան ասվածը ուղիղ համեմատական է ֆենթըզի ֆիլմի սյուժեի հետ․ Ադրբեջանում չկան բնապահպաններ։ Այն, ինչ տեսնում ենք, ֆեյք բնապահպաններ են ։ Բերձորի շրջափակումը որևէ բնապահպանական խնդրի հետ աղերս չունի, քանի որ Ադրբեջանը տարածաշրջանում ամենաաղտոտված ու ամենավատ բնապահպանական վիճակում գտնվող պետությունն է և՛ օդի, և՛ ջրի, և՛ շրջակա տարածքների պահպանության առումով։ Եվ Ադրբեջանը միշտ շատ անտարբեր է եղել այդ հարցերի շուրջ»։
Հետևաբար այն, ինչ տեղի ունեցավ Լաչինի միջանցքում բնապահպանական ակցիա պիտակավորմամբ ու այն, ինչ տեղի է ունենում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի դեպքում, բնապահպանական կեղծ օրակարգ է՝ քաղաքական ու տնտեսական հստակ նպատակներով։




