ԿարևորՀասարակություն

ՏՏ ոլորտի աջակցությունը հետաձգվում է․ 5% եկամտահարկի նախագիծը հանվել է e-draft–ից

Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառությունից հանել է հանրային քննարկման դրված նախագիծը, որով  հերթական արտոնությունն էր նախատեսվում  ՏՏ ոլորտի համար։ Առաջարկվում էր եկամտային հարկը գործող 20%–ից դարձնել 5%՝ այդ կերպ փորձելով օգնել ոլորտին հաղթահարելու դրամի արժևորումից առաջացած ճգնաժամը։ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը միանշանակ չընդունվեց ու քննադատությունների արժանացավ ոչ միայն տնտեսագետների, այլև հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Բացասական գնահատականներ հնչեցին նաև Կենտրոնական բանկից ու Գործարարների միությունից։

Ինչո՞ւ է մտափոխվել էկոնոմիկայի նախարարությունը

Էկոնոմիկայի նախարարությունը դեռ համոզված չէ՝ պե՞տք է եկամտահարկի արտոնություն տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, թե՞ ոչ։ Շաբաթներ առաջ e-draft հարթակում հրապարակված նախագիծը հանվել է հանրային քննարկումից։ Նախարարության լրատվության վարչությունը հաստատում է փաստը, բայց չի մեկնաբանում,  թե ինչու է նման որոշում կայացվել։

Էկոնոմիկայի նախարարությունը «հետ կանչած» նախագծով առաջարկում էր հերթական հարկային արտոնությունը տալ Հայաստանի ամենահարուստ ոլորտներից մեկին։ Նախատեսվում էր եկամտային հարկը գործող 20%–ից դարձնել 5% այն հիմնավորմամբ, որ  աջակցությունը կօգնի ոլորտին հաղթահարել դրամի արժևորումից առաջացած ճգնաժամը։ Նախագծով  նոր արտոնությունից կարող էին օգտվել ՏՏ այն ընկերությունները, որոնց եկամտի 80%–ը կամ ավելին գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ 

Ավելի շատ քննադատություն, քան աջակցություն՝ աջակցության առաջարկին

Էկոնոմիկայի նախարարության առաջարկը հրապարակման պահից քննարկումների  առարկա դարձավ։ Վերապահումներ ունեին ոչ միայն տնտեսագետները, այլև հենց ոլորտի ներկայացուցիչներն ու գործարարները։

Առաջին հայացքից աջակցման լավ նախաձեռնությունն  ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով ՝ արձանագրել էր  Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան

Կառույցի  նախագահ Արսեն Ղազարյանը, մասնավորապես, տարակուսել էր․

«Եթե նպատակը ընկերություններին աջակցելն է, ապա ինչո՞ւ է այն առնչվում եկամտահարկին, որը վճարում է ոչ թե ընկերությունը, այլ աշխատակիցը, ինչի հետևանքով, օրինակ, եկամտահարկի վերադարձով հիփոթեկային վարկից օգտվող աշխատակիցները վնասներ կկրեն»։

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում էր նաև ՏՏ կազմակերպություններին աշխատակիցների աշխատավարձերը արտարժույթով վճարելու հնարավորություն տալ։ Կենտրոնական բանկն էլ վերապահում էր հայտնել այս դրույթի առնչությամբ։

«Կենտրոնական բանկը նպատակահարմար չի համարում աշխատակիցների որոշակի խմբին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների՝ արտարժույթով կատարելը։ Նման մոտեցումը հակասում է Հայաստանի Հանրապետությունում վարվող արժութային քաղաքականության տրամաբանությանն այն առումով, որ երկրի տարածքում բոլոր գործարքների գնանշումն ու վճարումները պետք է իրականացվեն ՀՀ օրինական վճարամիջոցով՝ ՀՀ դրամով»,– մեկնաբանել է Կենտրոնական բանկը։

Ինչո՞ւ օգնել ամենահարուստ ոլորտին

Դրամի արժևորմամբ պայմանավորված՝ ՏՏ ընկերությունների ծախսերը 20-30 տոկոսով ավելացել են․ սա այն հիմնավորումն է, որով առաջնորդվելով Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է փոխհատուցել ընկերությունների կրած վնասները։ Տնտեսագետները, սակայն, հիմնավորումը բավարար չեն համարում։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ դրամի արժևորումից տուժած այլ ոլորտներ ևս կան, որոնք, օրինակ, արտահանմամբ են զբաղվում․ ինչո՞ւ կառավարությունը նրանց չի օգնում։

«Սա նշանակում է, որ կառավարությունն ասում է՝ ծախսերը շատացել են, մենք կփոխհատուցենք դրանք։ Այս մոտեցումը տնտեսագիտորեն արդարացված չէ։ Ի վերջո, Կենտրոնական բանկը հաճախ է շեշտում, որ փոխարժեքը կարող է տատանվել, ինչպես աճել այնպես էլ նվազել, և ընկերությունները պետք է սովորեն իրենց ֆինանսական ռիսկերը կառավարել։ Նույն տրամաբանությամբ, ենթադրենք, ինչ–որ ընկերություն ինչ–որ ապրանք է վաճառում մի երկրում, որտեղ այդ ապրանքի գինը 20 տոկոսով նվազում է, ինքը կարո՞ղ է գալ ու կառավարությանն ասել փոխհատուցիր այդ 20 տոկոսը»,– ասում է տնտեսագետը։

Տնտեսագետ Արմեն Քթոյան

Ի՞նչ պատահեց, երբ պետբյուջեից 10 միլիարդ դրամ պակասեց

Էկոնոմիայի նախարարության «մերժված» նախագիծը ՏՏ ոլորտին առաջարկված կամ  տրամադրված միակ արտոնությունը չէ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի 2700-ից ավելի կազմակերպություն ունի հարկային արտոնություն, շահութահարկը` 0%, եկամտահարկը` 10%։ Բացի դրանից՝ կառավարությունը 2022-ի դեկտեմբերին էլ որոշել էր 10 միլիարդ դրամ  հատկացրել ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնք տուժել են տարադրամի տատանումից: Թե որ ընկերություններն են օգտվել այդ արտոնությունից, «Հետք»–ին պարզել չէր հաջողվել։  Հարցը ԱԺ–կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել էր նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովիր նախագահ Բաբկեն Թունյանը։

«Ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր է իմանալ, թե այդ 10 միլիարդ դրամը որ ընկերություններին է գնացել: Չեմ կարծում, որ այստեղ առևտրային գաղտնիք կա, և սրանով մենք ավելորդ աղմուկ ենք ստեղծում։ Սա ավելի ակտուալ է հատկապես այն նորությունից հետո, երբ հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է 5 տոկոս եկամտահարկ սահմանել նույն այդ ընկերությունների համար։ Ստացվում է, որ մի խումբ ընկերությունների համար մենք՝ որպես Կառավարություն կամ Ազգային ժողով, արտոնություններ սահմանում ենք, բայց թափանցիկություն չենք ապահովում։

Թափանցիկությունն ավելի ուշ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ապահովեց՝ տեղեկացնելով, որ 320 ընկերության հայտ համապատասխանել է 10 միլիարդ դրամի աջակցության ծրագրի պայմաններին։ Նախարարությունը, սակայն, աջակցությունից  օգտված ընկերությունների ցանկն այդպես էլ չհրապարակեց՝  հղում անելով առևտրային գաղտնիքի պահանջին։

Կարդացեք նաև

Back to top button