
Արցախում կրկին չեղարկվել են առողջապահական բոլոր ոչ հրատապ հետազոտություններն ու վիրահատությունները։ Արդեն հինգերորդն օրն է՝ Արցախը կրկնակի շրջափակման մեջ է։ Ադրբեջանը կրկին արգելել է դեպի Արցախ ոչ միայն մարդկանց մուտքն ու ելքը, այլև առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը։ Դրանց սղությանը գումարվել է նաև էներգետիկ ճգնաժամը։ Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը, հունվարի 9–ից վթարված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, հեղուկ վառելիք էլ վերջին հինգ օրվում Արցախ չի մտել։ Խորը ճգնաժամ, որը սպառնում է մարդկանց կյանքին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այսպես է բնութագրել իրավիճակը։ Արցախի ՄԻՊ–ը դիմել է Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին, բայց՝ անարձագանք։
Արցախի խանութներում նույն վիճակն է, ինչ 2022–ի դեկտեմբերի 12–ի առաջին օրերին, երբ կեղծ բնապահպանական պատրվակով Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արդեն հինգերորդ օրն է՝ ինչ Ադրբեջանի կողմից արգելափակվել են դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Իրինա Առուստամյանը «Ռադիոլուրին» պատմում է Ստեփանակերտի դատարկվող խանութների մասին․ «Երկու օրվա ընթացքում սուպերմարկետները դատարկվում են։ Այսօր մտա, որ մի բան վերցնեմ՝ բրինձ, չկար։ Հերթեր են, մարդիկ, խուճապի մատնված, խանութներից ինչ կա –չկա տանում են տուն»։
Վերջին օրերին կտրոններով էլ հնարավոր չէ առևտուր անել՝ ասում է զրուցակիցս։ Տնտեսական ապրանքների սղությունն ավելի նկատելի է։ Բանջարեղենը տեղական արտադրության է, բայց միրգ՝ չկա․
«Մի շաբաթ առաջ ծիրան բերեցին, էդ էր։ Էլի վարունգը, կանաչ լոբին կա, քանի որ տեղական է։ Բայց սեզոնային մրգերից բան չկա։ Մեր թաղամասում այսօր շրջեցի, ասացի մի երկու բան գնեմ, ոչ մի բան էլ չկա»։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը օրերս գրառում էր կատարել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախի կրկնակի շրջափակման վրա։ Գեղամ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հրապարակային որևէ անդրադարձ չեն տեսել, արձագանք չեն լսել։ Ստեղծված իրավիճակի մասին նամակներով տեղեկացրել ու տեղեկացնում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր միջազգային կառույցներին։ Այստեղից էլ արձագանք չկա։ Շրջափակված Արցախում ստեղծված իրավիճակը մեղմվում էր սահմանափակ քանակությամբ բեռների տեղափոխման միջոցով, բայց արդեն հինգերորդ օրն է՝ դա էլ չկա, ասում է Գեղամ Ստեփանյանը․
«Ինչը նշանակում է, որ սննդի պարենամթերքի, առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքների, դեղորայքի մասով իրավիճակը գնալով մոտենում է սպառնալիքի։ Քիչ քանակությամբ պաշարները, որ լրացվում էր հումանիտար բեռների ներկրման միջոցով, հինգերորդ օրն է՝ չի լրացվում։ Արդեն իսկ դեղատներում, բուժհաստատություններում նկատելի է դեղորայքի, կոնկրետ ապրանքների բացակություն խանութներում»։
Առաջին անհրաժեշտության ապրանքների սղությանը գումարվել է նաև էներգետիկ ճգնաժամը։ Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը, հունվարի 9–ից վթարված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, հեղուկ վառելիք էլ վերջին հինգ օրում Արցախ չի մտել։
«Բնութագրելով այս իրավիճակը, կարող ենք ասել՝ խորը ճգնաժամ, որը սպառնում է մարդկանց կյանքին»։
Հունիսի 22–ին կլրանա չորս ամիսը, ինչ ՄԱԿ–ի արդարադատության դատարանը պարտադրեց Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը, բայց այդ երկիրը նոր ու ավելի խորը ճգնաժամի մեջ է դնում Արցախն ու արցախցիներին։
Գեղամ Ստեփանյանն արձանագրում է՝ Հայաստանը ստեղծված իրավիճակը փաստարկված ներկայացնում է միջազգային կառույցներին, բայց դրանք փորձում են քաղաքական լուծումներ գտնել․
«Սրանով է պայմանավորված, որ հստակ գործնական քայլերի չեն դիմում։ Իսկ գործնական քայլը Ադրբեջանին պատժելն է՝ հանցավոր քաղաքականության համար։ Ամենավառ ձևով Ադրբեջանը հեղինակազրկում ու անտեսում է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանին, բայց որևէ գործողություն չի ձեռնարկվում այդ անպատժելիությունն ու ամենաթողությունը վերացնելու համար»։
Արցախ-Հայաստան սահմանագծին հունիսի 15–ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Ադրբեջանցիները ցանկացել էին դրոշ տեղադրել, հայկական կողմը, սակայն, թույլ չէր տվել։ Դրանից հետո Ադրբեջանը կրկնակի շրջափակման մեջ է պահում Արցախն ու 120 հազար արցախցու։
Արգելափակված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում հունիսի 19-ից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները։
Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։ 8 երեխա գտնվում է ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում վերակենդանացման և նորածնային բաժանմունքում, իսկ «Հանրապետական բժշկական կենտրոնում» 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։







