
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Նախորդ տարում մեկնարկեց ճանապարհաշինական նոր գործընթաց, որը ներառեց նաև Երևան-Արմավիր-Իսահակյան-Գյումրի համրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան-Գետափ հատվածը, որը գրեթե ամբողջությամբ պատված էր տարբեր տրամաչափի փոսերով և անհարմարությաւններ է ստեղծել տեղաշարժման համար: Քարակերտից-Արտենի ճանապահի վերակառուցման որակն առայժմ բավարար է, իսկ Արագածավանում` ոչ: Նորակառույց ճանապարհը քանդվել է դեռ ձմռան նախաշեմին շինարարական աշխատանքների դադարումից հետո:
Պետք է հմուտ վարորդ լինել, որպեսզի հնարավոր լինի հատել Արագածոտնի մարզի Արտենի համայնքով անցնող հանրապետական նշանակության Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհահատվածը: Տարիներ շարունակ այն դարձել է բազմաթիվ մեքենաների անսարքության և ավտոճանապարհային պատահարների պատճառ: Արտենի համայնքի բնակիչները խնդիրը բազմիցս բարձրաձայնել են, որին արձագանքեցին 2013թ վերջին: Նախորդ տարվա աշնանը Արտենի-Թալին-Քարակերտ ճանապարի խաչվող հատվածից սկսվեց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքը: Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում գյուղում առկա մի քանի հիմնախնդիրներին մասամբ լուծում է տրվել: Ճանապարհը վերակառուցվում է Համաշխարհային բանկի <<Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման>> ծրագրի շրջանակներում: Քարակերտից մինչև Արտենի 7կմ-ոց ճանապարհահատվածից 5կմ-ը կառուցվել էր աշնանը:
Ճանապարհաշինությունը վերսկսվել է փետրվարի վերջին և այժմ էլ ընթացքի մեջ է: Դատելով երկարատև աշխատանքից Արտենիի հիմնանորոգվող ճանապարհն առայժմ ունի որոշակի ամրություն և տեսանելի թերություն չկա, ի տարբերություն հարակից Արագածավան համայնքով անցնող նորակառույց ճանապարհի: Արագածավանցիները փաստում են, որ կառուցումից անմիջապես հետո այն սկսել է մաս-մաս քանդվել, ճանապարհը չի գոյատևել մինչև ձմեռ:
Հանրապետական նշանակության Արտենի-Արագածավան-Գետափ շուրջ 23.3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է ճանապարհաշինական 4 ձեռնարկություն, որից Արագածավանինը պատկանում է ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին: Հսկայական ներդրումներ պահանջող գործընթացը վերահսկումից թերևս դուրս է մնացել և աշխատանքներն անորակ են արվել:
Ճանապարհաշինության ոլորտում Արտենի համայնքի բնակիչների համար կարևոր նշանակություն ունի նաև Արտենի-Արեգ-Թալին ճանապարհի հիմնանորոգումը, որը հիմնական հաղորդակցման միջոցն է նախկին շրջկենտրոնի հետ: Արտենին Թալինին կապող հաջորդ ուղին Դաշտադեմ գյուղով անցնող ճանապարհն է, որը նույնպես հիմնանորոգման է սպասում: Արտենի-Թալին ճանապարհի վերանորոգման խնդրի լուծումը խոստացել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը
Իսկ մինչ այդ ներկայում շարունակվում է համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման» ծրագրով Արտենի-Արագածավան-Գետափ 23.3 կմ ճանապարհների վերակառուցումը, որը նախատեվում է ավարտել մի քանի ամսից:




