ԿարևորՀասարակություն

Վերակառուցումներ, անվանակոչություններ ու նվիրատվություններ․ Երևանի ավագանին նոր որոշումներ է կայացրել

Երևանի ավագանին այսօր հերթական նիստ է գումարել։ Ավագանու անդամները մի շարք որոշումներ են կայացրել, որոնցով նախատեսվում են վերակառուցումներ կատարել մայրաքաղաքի մի շարք հասարակական օբյեկտներում։ Թեման մանրամասնում է Արմինե Գևորգյանը։

Երևանի գեղասահքի նախկին մարզադպրոցը կհիմնանորոգվի, բայց ոչ թե քաղաքային բյուջեի, այլ բանկերից մեկի հաշվին։ Խոսքը 300 մլն դրամի նվիրատվության մասին է Այն որևէ գործարքի մաս չի կազմում, պարզապես նվիրաբերողը սրտացավ վերաբերմունք է դրսևորում, վստահեցնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վերակառուցումից հետո սպորտդպրոցը կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Փոխքաղաքապետը տեղեկացնում է, որ այնտեղ կզբաղվեն բռցքամարտով, ըմբշամարտով և այլ մարզաձևերով․

 «Այս նախագիծը Երևանի և երևանցիների մասին հոգ տանելու նախագիծ է։ Այս ավագանին իր փորձով գիտի, որոշ հարցերի ենթատեքստից էլ ակնհայտ է, որ եթե գործարարը որևէ բան է անում քաղաքի համար, ուրեմն ակնկալիք ունի։ Այս ավագանին տեսել է «Կամազներ»՝ շինթույլտվությունների կամ մեկ այլ բանի լիցենզիայի դիմաց»։

Սպորտից անցում երաժշտության։

«Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք». սիրելի Ֆորշ»

Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը մեջբերում է ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի երգից մի հատված։ Հետո հիշում է իր հանդիպումը երգչի հետ․

«Հիշում եմ՝ մի օր Ֆորշին հանդիպեցի, ասացի՝ Ֆորշ, ես Ձեզ շատ եմ սիրում, քմծիծաղով նայեց վրաս ու ասաց՝ լավ էլ ճաշակ ունես: Կարծում եմ՝ այստեղ նստածներից չկա մեկը, որ իմ ճաշակը չկիսի»։

Այս հիշեցումները պատահական չէին։ Ավագանին որոշում ընդունեց՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը անհատույց օտարելու մասին: Ըստ այդմ՝ 70 քառակուսի մետր մակերեսով այդ բնակարանը նվիրվում է Ֆորշին։ Որոշումը, սակայն, միանշանակ չընդունվեց։ Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն, օրինակ, հետաքրքրվեց՝ ինչու հենց Ֆորշին, երբ այլ արվեստագետներ կան, որոնք բարվոք բնակարանային պայմաններում չեն ապրում:

Զեկուցող Նուարդ Վարդանյանը, հակադարձեց, ասելով, որ Ֆորշը երբեք բնակարան չի ունեցել․ «Վաստակավոր արտիստը՝ երևանցին, երկար տարիներ ապրում է իր սիրելի քաղաքի վարձակալվող բնակարաններից մեկում»։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ասաց, որ կողմ  է քվեարկելու նախագծին․ «Ոչ մի հետին միտք չունենալով Ֆորշի անձի նկատմամբ, հուսով եմ, որ նախագիծը որպես նախընտրական վճար չի օգտագործվի»:

Նուարդ Վարդանյանի ներկայացրած մյուս նախագիծն էլ հարթ չնդունվեց։ Խոսքը Երևանի որոշ փողոցների անվանակոչության մասին է։ Մասնավորապես, առաջարկվում էր Նորքի 4-րդ փողոցն անվանակոչել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անունով:

Այդ առաջարկից դժգոհեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը․ «ժողովուրդ մի քիչ շատ չե՞նք անվանակոչում փողոցներ։ Ամեն նիստին փաթեթներով գալիս են։ Ամենայն հարգանքով բոլոր մեծերի հանդեպ, բայց մենք բնակչությանը նեղություն ենք տալիս, էդ մարդիկ առնվազն մեկ անգամ պետք է գնան հասցեի փոփոխություն անեն, մի շարք այլ փաստաթղթերում փոփոխություն անեն: Ես զարմանում եմ, սարքել ենք անվանակոչումները օրակարգային հարց»։

Իսկ օրակարգային հարց դարձավ Նուբարաշենի աղբավայրը։ Արդեն մեկ շաբաթ է՝ աղբավայրը ծածկված է թանձր ծխով։ Օրեր շարունակ չի հաջողվում մարել մայիսի 18-ին աղբավայրում բռնկված հրդեհը։ Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը մի քանի վարկածներ է նշում, թե ինչից կարող է առաջանալ հրդեհը․

«Ասում են՝ կան մարդկանց խմբեր, որոնք աղբավայրը բաժանել են իրար մեջ։ Գուցե նաև այս հրդեհը առաջացել է այդ խմբերի՝ իրար մեջ տարածքները չկիսելու պատճառով։ Մաֆիոզ խմբեր են, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ ու իրենց համար պիտանի ինչ որ բաներ են հանում»։

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հիշեցրեց, որ աղբավայրը առաջին անգամ չէ, որ այրվում է․

«Հրդեհի առաջին դեպքը չէ. ամեն տարի ամռան շոգերին բռնկվել է։ Ինչ ստեղծվել է աղբավայրը, հավաքչության խմբերը այտեղ աշխատել են։ Համայնքային, մասնավոր ռեսուրսները, փրկարար ծառայության ռեսուրսները ներդրված են։ Մեզ այսօր միացավ նաև առողջապահության նախարարությունը»։

Նշենք, որ գրեթե 52 հեկտար տարածք զբաղեցնող աղբավայրում տարեկան 300 հազար տոննա թափոն է կուտակվում։ Ընդ որում՝ աղբն այստեղ չի տեսակավորվում։ Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, ժամանակն է սկսել նոր աղբավայր կառուցելու գործընթացը։

Կարդացեք նաև

Back to top button