ԿարևորՔաղաքական

Մոսկվան փորձում է կառավարել բանակցությունները. 6 օրից Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Մոսկովյան հանդիպումները սկսվել են առանձնազրույցներով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախ հանդիպել է  Ադրբեջանի արտգործնախարարի, ապա՝ օրվա երկրորդ կեսին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Դրանից հետո է  կայացել  արտգործնախարարների՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի  արտգործնախարարների առանձին երկխոսությունը:

Այս կազմով կողմերի վերջին հանդիպումը ամիսներ առաջ էր: 2022-ի դեկտեմբերին Արարատ Միրզոյանը չէր մեկնել  Մոսկվա, քանի որ այդ օրերին Ադրբեջանը արգելափակել էր Լաչինի միջանցքը և շրջափակել Արցախը: Սերգեյ Լավրովի հետ առանձնազրույցի սկզբում Արարատ Միրզոյանն այսօր շեշտել է՝ հակառակ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ « Լաչինի միջանցքն այսօր  ՌԴ վերահսկողության տակ չէ »:

Երևանը, Բաքուն և Մոսկվան հայտարարում են բանակցություններում առաջընթացի մասին: Հայաստանը վերապահում ունի՝ պետք է բացառել էսկալացիան:

Արտգործնախարար Միրզոյանը եռակողմ բանակցություններից առաջ հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին պայմանավորվածությունների ու անգամ հայտարարությունների մասին:

Իսկ Լավրովի հետ առանձնազրույցից առաջ հստակեցրեց. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակառակ՝ հայկական կողմը «գետնի վրա» այլ իրողության ականատես է՝ իրավիճակի պարբերական սրումներ, համաձայնագրի կոպիտ խախտումներ, զինված ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք և Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փորձ Լաչինի միջանցքում, ինչը նախատեսված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով:

Հայաստանի արտգործնախարարն ափսոսանքով արձանագրում է. այս պահին հնարավոր չէ արձանագրել, որ Ռուսաստանը վերահսկում է Լաչինի միջանցքը:

Իսկ առաջընթաց ասելով կողմերը առաջին հերթին նկատի ունեն վերջին շրջանում հաճախակիացած Հայաստան-Ադրբեջան տարբեր մակարդակներով հանդիպումներն ու  Խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստման շուրջ աշխատանքները: Հայկական կողմի գնահատականներով՝ առաջընթաց են խաղաղության պայմանագրի մի քանի կետերով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ասում է՝ կա փոխըմբռնում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշարջափակումը, Ալմաթիի հռչակագրի հիմքով դելիմիտացիան։ Այս առումով, սակայն, կողմերը դեռ պետք է աշխատեն գործընթացի պարամետրերի հետագա հստակեցման վրա:

Սրանք հայկական կողմի «կամիր գծերն» են, որ նախանշվել են  Մոսկվայում:

ՌԴ արտգործնախարարն  իր հերթին է թվարկել  առանցքային պայմանները, որոնք պետք է նպաստեն խաղաղությանը: Ըստ Լավրովի՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար առանցքային պայման է Խաղաղության պայմանագրի, ճանապարհների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի և դրան հաջորդող դեմարկացիայի խնդիրների լուծումը։

Թվարկելով առաջնահերթությունները՝ Լավրովն առանձացրել է նաև Լեռնային Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման, հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Մոսկվան համարում է, որ եռակողմ համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի շուրջ բոլոր լուծումները գտնելու համար: 

Մոսկվան նաև հասկացնում է. շահեր ունի տարածաշրջանում և Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը վերլուծելով՝ պնդում է, որ ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն:  

Ռուսաստանի արտգործնախարարը հստակ ասում է՝ տարածաշրջանում ուղիղ շահերից ելնելով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ կողմերը հարգեն Կովկասում իրավիճակը կայունացնելու համար ընդունված որոշումները: Լավրովը հույս է հայտնում, որ այդ որոշումները կհարգեն նաև մյուս բոլոր երկրները, որոնք այս կամ այն կերպ հետաքրքրված են տարածաշրջանում ներկայությամբ: 

Միացյալ Նահանգները, որտեղ արտգործնախարարները հանդիպել էին վերջին անգամ և պետքարտուղարի միջնորդությամբ բանակցել չորս օր, արդեն արձագանքել է մոսկովյան բանակցություններին:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Վենատ Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը: Ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են՝ անկախ հանգամանքից, թե որտեղ են անցկացվում` Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում:

Պատելը հաստատել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել կողմերի ջանքերին` կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն կարծում է, որ խաղաղությունը տեսանելի է, և ուղղակի երկխոսությունը հանգուցային է` խնդիրների կարգավորման համար:

Հաջորդ հանդիպումը  մայիսի 25-ին է, կրկին կազմակերպվելու է Մոսկվայում: Վարչապետ Փաշինյանն արդեն հաստատել է, որ ՌԴ առաջարկն ընդունվել է:

Կարդացեք նաև

Back to top button